Երեխայի բնականոն զարգացումը՝ ըստ ամիսների
Սկիզբը՝ այստեղ
Ինչպես նախորդ հոդվածում նշել էինք, շարունակենք ծանոթանալ երեխայի բնականոն զարգացման փուլերին՝ ըստ ամիսների.
Ութ ամսական
- Թոթովում է այնպես, կարծես խոսում է:
- Հասկանում և կատարում է այնպիսի խնդրանքներ, ինչպիսիք են՝ «Տուր ձեռքդ» կամ «Բարձրացրու գլուխդ»:
- Խաղում է շատ հասարակ պահանջներ ներկայացնող խաղեր՝ ծափիկ, գնդակ գլորել, պարել:
- Մոր հետ բաժանման մեծ վախ է ապրում:
- Հստակ տարանջատում է կատարում հարազատ և անծանոթ մարդկանց մեջ:
- Վախենում է կտրուկ և բարձր ձայներից (փոշեկուլ, զանգ, շան հաչոց):
- Հենարանին հենվելով՝ ինքնուրույն վեր է կենում և քայլում:
- Ինքնուրույն նստում է:
- Սկսում է ակտիվ սողալ:
- Կարող է կծել փափուկ կերակուր և ծամել:
- Խյուսային սնունդից անցում է կատարում մանրացված սննդի:
- Հանգիստ է ընկալում պետքարանին նստելու փաստը:
Ինը ամսական
- Թոթովանքը վերածում է մեղեդային վանկերի:
- Մայրիկի կամ իր վրա ցույց է տալիս աչքերի, բերանի, քիթիկի տեղը՝ հաճախ մատը տանելով անհրաժեշտ տեղը:
- Մատները փորձում է մտցնել բոլոր անցք ունեցող խաղալիքների մեջ (ճանաչողական փուլ):
- Կարողանում է պատռել և ճմրել թուղթը, տրորել խմորը:
- Կարողանում է թերթել հաստ ստվարաթղթե գրքի էջերը:
- Ինքնուրույն կարողանում է նստել, հենվելով կանգնել, սողալ:
- Կանգնում է՝ առանց հենարանի օգնության:
- Ռիթմիկ թռչկոտում է՝ հենվելով ինչ-որ տեղ կամ բռնվելով մայրիկի ձեռքից:
Տասը ամսական
- Լսում է մեծահասակի զրույցը և կրկնօրինակում ձայները:
- Ընկալում է իրեն ուղղված կատակները:
- Զվարճալի ձայներ է արտաբերում և ծիծաղում դրանց վրա:
- Ուրախանում է զվարճալի խաղերից:
- Մի առարկան դնում է մյուսի մեջ:
- Մանր առարկաները գերադասում է խոշորներից:
- Մեկ առարկայի միջոցով վերցնում է մյուսը:
- Գիտակցաբար նետում է առարկաները և խաղալիքները:
- Գլորում է գնդակը, «վարում» է մեքենա գորգի վրա:
- Նստում, սողում և հենվելով քայլում է:
- Հանգիստ «բաժանվում» է կրծքից:
- Ծամում է մանրացված սնունդը:
- Ցուցաբերում է ակտիվ հետաքրքրվածություն այլ երեխաների նկատմամբ:
Տասնմեկ ամսական
- Լսում և հասկանում է ծնողների զրույցը իր և շրջակա միջավայրի մասին:
- Արտաբերում է բառեր, կրկնօրինակում կենդանիների ձայները:
- Կատարում է խնդրանքն ու կոչը, ինչպիսիք են ՝ բե՛ր, տո՛ւր, տա՛ր, դի՛ր, վերցրո՛ւ:
- Սպասում է իր գործողության խրախուսմանը և թույլատրմանը:
- Համոզվածությամբ առաջ ու ետ է անում գլուխը, և բացասականորեն թափահարում գլուխը:
- Թափահարում է ձեռքը՝ հաջողության կամ ողջույնի ժամանակ:
- Անսպառ կատարում է նույն գործողությունը՝ կատարելագործվելով դրանում:
- Փորձում է ինքնուրույն ուտել գդալից և հմտացած խմում բաժակից:
- Բարձրանում և իջնում է աստիճաններով, ակտիվ սողում է:
- Փորձում է ինքնուրույն քայլել:
- Մինչև մեկ րոպե տևողությամբ կարող է կախվել օղակներից:
- Կարողանում է մեկ-երկու քայլ մագլցել դեպի վեր:
Տասներկու ամսական (մեկ տարեկան)
- Արտաբերում է 10-15 հասարակ և կրկնավանկ բառեր:
- Ինքնուրույն քայլում է:
- Տարբեր մարդկանց հետ տարբեր է իրեն դրսևորում:
- Դրսևորում է ինքնուրույնություն:
- Ակտիվ արտահայտում է բացասական հույզերը:
- Դասավորում է բուրգը, խորանարդիկներից կառուցում 2-3 պատկեր:
- Խմորից ծեփում է գնդակներ և երկար փայտիկներ:
- Ունի հստակ արտահայտված հետաքրքրություններ, սիրած և չսիրած զբաղմունք:
- Նկարչությունը կատարում է մեկնաբանելով:
- Կծում և ծամում է կոշտ սնունդը:
- Օգտվում է բաժակից և գդալից:
Որպես կանոն, նման զարգացման փուլերն իրենցից ներկայացնում են համալիր տեղեկատվություն, թե որ ամսականում երեխան ինչ պետք է կարողանա անել։
Յուրաքանչյուր ծնող, սակայն, յուրացնելով այս գիտելիքը, չպետք է մոռանա, որ ամեն երեխա ունի իր անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, և դրանք կարող են արտահայտվել՝ համապատասխան փոքրիկի ինքնատիպության դրսևորման։ Երեխաներ կան, որոնք մեկ տարեկանում կարող են խոսել, երեխաներ կան, որ ամեն բան հասկանալով հանդերձ՝ խոսում են երկու տարեկանում, սակայն դա չի խոսում խոսքային խնդրի մասին։
Այն տվյալ երեխայի անհատական զարգացման ուղին է, որը պետք է ծնողի կողմից ընդունվի և համահունչ ուղեկցվի դեպի տվյալ փուլի լիարժեք զարգացում։ Երբևիցե չի խրախուսվում ժամանակից շուտ անհանգստանալը և երեխային ստիպողաբար հրամցնելը տարիքին կամ նրա զարգացման ռիթմիկային դեմ գիտելիքներ, քանի որ այն զարգացնելու փոխարեն՝ կարող է հանգեցնել զարգացման հապաղման։