Երեխայի բնականոն զարգացումը՝ ըստ ամիսների
Խաղահրապարակներում շատ հաճախ կհանդիպեք ծնողների, ովքեր շատ մտահոգ կերպով հարցնում են մյուս մայրիկներին նրանց երեխայի տարիքը և մի քանի հարցեր հղում՝ կապված երեխայի տարիքին համապատասխան գործունեության հետ։ Դրանք հետևյալն են. խոսո՞ւմ է, թե՞ ոչ, քայլո՞ւմ է, շփվո՞ւմ է, և եթե հանկարծ իրենց երեխայի տարեկից փոքրիկը կատարում է մի քանի գործողություն ավելի, քան իրենց երեխան, դա շատ ցավագին է ընկալվում, և ծնողը դա կարող է ընդունել՝ ընդհուպ որպես անձնական վիրավորանք։
Ի՞նչն է խնդիրը։ Ինչո՞ւ են ծնողները երեխաների զարգացումը բնականոն ընթացքից ետ պահելով՝ ջանում ամեն բան սովորեցնել, ամեն կերպ իրենց երեխային ամենալավը համարել և տարեկիցների հետ համեմատականում՝ առանձնացնել «լավագույնը» պիտակով։
Նման խնդիրների առաջացման պատճառներից մեկը տեղեկատվության պակասն է, թե որ տարիքում երեխան ինչ պետք է անի։ Փորձեմ ըստ ամիսների՝ մինչև մեկ տարեկան, հակիրճ ներկայացնել, թե երեխան որ ամսում ինչ պետք է անի:
Մեկ ամսական
- Դրսևորում է պասիվ շարժունակություն, խոսք լսելիս՝ դրան համապատասխան ռիթմիկ ձայն կարող է արտաբերել:
- Տարբերում է կարմիր, դեղին, սև, սպիտակ գույները, ինչպես նաև՝ գծերն ու քառակուսի պատկերները:
- Կենտրոնացնում է հայացքը դեպի իրեն մոտեցած մարդու դեմքին:
- Տարբերում է ձայների դրսևորումները:
- Ճանաչում է մայրիկի ձայնը, հոտը, ձեռքերի հպումը:
- Կենտրոնացնում է հայացքն անշարժ առարկայի վրա, նույնիսկ, եթե նա դանդաղորեն շարժվի:
- Փորիկի վրա լինելով՝ փորձում է բարձրացնել և պահել գլուխը:
Երկու ամսական
- Հիացնում է և պատասխան ազդակ տալիս իր հետ հաղորդակցվողին՝ աննման, շողացող ժպիտի միջոցով:
- Տեսողական մակարդակում կենտրոնանում է շարժվող, ապա կանգ առնող առարկայի վրա:
- Գլուխը շրջում է արձակվող ձայնի ուղղությամբ և աչքերով փնտրում այն:
- Շփմանն արձագանքում է՝ ամբողջ մարմնով ակտիվանալով:
- Փորիկի վրա լինելով՝ փորձում է պահել գլուխը:
- Արտաբերում է ձայներ՝ ձայնարկելով ձայնավորներ:
- Կողային դիրքից կարողանում է շրջվել մեջքի վրա:
Երեք ամսական
- Ճանաչում է հայրիկին և մայրիկին, վերջիններիս հետ շփվելիս՝ ժպտում:
- Կամակորություն է անում, բողոքի ճիչ արձակում:
- Տարբեր ձայներ արտաբերելով՝ հաղորդակցվում է դիմացինի հետ:
- Ձեռքով դիպչում է մահճակալից կախված խաղալիքին:
- Բռնում է խաղալիքը և մոտեցնում բերանին:
- Փորիկի վրա պառկած հենվում է արմունկների վրա՝ բարձրացնելով գլուխը:
- Մեջքի դիրքից շրջվում է կողայինի:
- Թևատակերից բռնած դիրքից ոտքերով հենվում է ամուր մակերեսին:
- Ամուր պահում է գլուխը և կառավարում այն:
- Գտնում է ձայնի և լույսի աղբյուրը:
Չորս ամսական
- Ճանաչում է մայրիկին (կամ այն մարդուն, ով խնամում է իրեն) և գերադասում նրան բոլորից:
- Ճանաչում է ծանոթ ձայները, և տարբերում դրանք անծանոթներից:
- Արտաբերում է ձաներ և առաջին վանկերը:
- Բռնում է կախված խաղալիքը մեկ կամ միանգամից երկու ձեռքով:
- Ճանաչում է իր անունը և արձագանքում դրան:
- Մեջքի վրա պառկած բարձրացնում է ուսերը և գլուխը դեպի առաջ:
- Տարաբնույթ արձագանքում է ծանոթ և անծանոթ իրերին:
- Առանձնացնում է սիրելի և ոչ սիրելի խաղալիքները:
- Կերակրման ժամանակ խաղում է կրծքի կամ շշի հետ՝ բռնելով այն:
Հինգ ամսական
- Մեծ հաճույքով նայում է նկարում պատկերված դեմքերը:
- Մեղեդայնորեն թոթովելուց անցում է կատարում չկապակցված խոսքի:
- Բռնում է, պահում, շոշափում, տանում դեպի իրեն և հետո դեն նետում իրերը:
- Տարբերում է ծանոթ և անծանոթ մարդկանց:
- Դրսևորում է անհանգիստ վարք անծանոթների նկատմամբ:
- Ինքնուրույն զբաղվում է խաղալիքով 10-15 րոպե:
- Մեջքի դիրքից շրջվում է փորիկի վրա, ձեռքերը ձգում առաջ՝ ցանկանալով նստել:
- Փորիկի վրա պառկած դիրքում հենվում է ձեռքերի վրա՝ ուղիղ պահելով դրանք:
Վեց ամսական
- Կրկնօրինակում է լսած ձայները:
- Ուշադրությամբ լսում է զրույցը:
- Հայացքով գտնում է այն առարկաները, որոնց մասին խոսում եք:
- Պահպանում է որոշակի տարածություն՝ անծանոթների հետ շփման ժամանակ:
- Խաղալիքը մի ձեռքից փոխանցում է մյուսը:
- Վերցրած իրերը նետում է: Կարող է արագորեն քաշել կախված խաղալիքի թելից:
- Սողում է դեպի իր ձեռքից 10-20 սմ հեռավորության վրա գտնվող առարկան:
- Սովորում է կանգնել՝ հենվելով ամուր հենարանի վրա:
Յոթ ամսական
- Հասկանում է որոշակի բառերի իմաստը:
- Հուզականորեն կապվածությունը մեծանում է մայրիկի հետ, անընդհատ ձգտում է դեպի նա:
- Սկսում է մայրիկի հետ բաժանման վախ ձեռք բերել:
- Կարողանում է փոքր առարկաները տեղավորել մեծ առարկաների մեջ:
- Ամուր հենված կանգնում է: Փորձում է քայլ անել:
- Սովորում է ինքնուրույն նստել:
- Սովորում է սողալ:
- Շրջվում է մեջքի դիրքից դեպի փորիկը, և՝ հակառակը:
- Կարողանում է ուտել գդալից և խմել բաժակից:
- Ծափիկ է անում և խաղում նմանատիպ ժեստային խաղեր:
Շարունակելի