Բաժիններ՝

Գյումրիում կոյուղաջրերի մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի միլիոն դոլար

Շիրակի մարզում կոյուղաջրերի մաքրման կայան գոյություն չունի: Դա է պատճառը, որ կեղտաջրերը լցվում են Ախուրյան գետը, այդ ջրերն էլ օգտագործվում են ոռոգման նպատակով:

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզում կոյուղաջրերի մաքրման կայան ունենալը շատ կարևոր է: Այդքան կոյուղաջրերը վտանգավոր չեն, որքան դրանց մեջ եղած քիմիական նյութերը՝ լվացող տարբեր միջոցները, ավտոլվացման կետերի ջրերը բոլորը լցվում են Ախուրյան գետ, այնուհետև՝ Ախուրյանի ջրամբար, այստեղից էլ ոռոգման նպատակով են դրանք օգտագործվում՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը շատ մեծ խնդիր է: Անհրաժեշտ է լոկալ մաքրման կայան կառուցել:

Կարդացեք նաև

«Մեր ստանդարտներով՝ ջրահոսքերի մեջ պետք է թափվի համապատասխան ստանդարտով ջուր. Այսինքն՝ ջրերը չպետք է աղտոտվեն, սակայն ջրերը չեն մաքրվում, դրանք խողովակներով գնում-լցվում են՝ ուր ասես: Մենք դրա համար այդ ընկերությանը՝ «Վեոլիա Ջրին», ջրահեռացման համար վճարում ենք: 1 խմ-ն 180 դրամ սակագնի մեջ մի քանի դրամը ջրահեռացման գումարն է: Ջրահեռացում՝ չի նշանակում, քանի որ կոյուղու խողովակը գցած է, կոյուղաջրերն իրենք իրենց պետք է թափվեն գետի մեջ: Ջրահեռացում նշանակում է՝ կոյուղաջրերի մաքրում, ստանդարտին համապատասխան ջուր լցնել ջրահոսքեր: Դա «Վեոլիա Ջուր» ընկերության խնդիրն է, և ընդհանրապես մեր երկրի իշխանությունները պետք է այդ ընկերությանը ստիպեն, որ այդ գործառույթն ընկերությունը կատարի»:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզի որոշ գյուղերում մաքուր ջրի բացակայությանը, Գ.Պետրոսյանը նշեց, որ բոլոր գյուղերը չէ, որ «Վեոլիա Ջուր» ընկերության ենթակայության տակ են գտնվում:

«Շատ գյուղեր կան, որոնք ինքնուրույն են իրականացնում իրենց ջրամատակարարումը: Օրինակ՝ Բասեն համայնքն ինքնուրույն է ամեն ինչ արել: Իրենց համար քլորակայան են կառուցել, տեղի ժողովուրդը ջրի համար չի վճարում, լրիվ անվճար ջուր է ստանում: Խոշորացված համայնքների պարագայում շատ լուրջ խնդիր է, թե ով պետք է սպասարկի ջրամատակարարման ցանցը: Համայնքներն էլ պետք է իրենց ջրամատակարարման ցանցը տան «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որ այդ ամենից պրծնեն: Այդ դեպքում ժողովուրդը կտուժի: Եթե այժմ որոշ համայնքներ ունեն անվճար ջուր, քիչ թե շատ նորմալ պայմաններ, ապա հետագայում պետք է ջրի 1 խմ-ի համար վճարեն 180 դրամ, իսկ գյուղական համայնքներում, գիտեք, որ ջուրն ավելի շատ է օգտագործվում»:

Հարցին՝ կա՞ն հաշվարկներ, թե կոյուղաջրերի մաքրման կայան կառուցելն ինչ արժե, Գ.Պետրոսյանը պատասխանեց.

«Շատ մեծ ծախսեր են, ջրի ծավալից է կախված: Միայն Գյումրի քաղաքի համար, եթե կառուցեն ամենաքիչը մի քանի միլիոն դոլարի մասին է խոսքը: Հետո, նայած, թե ինչպիսի մաքրում են իրականացնելու՝ մեխանիկակա՞ն, քիմիակա՞ն, կոագուլյացիո՞ն, թե՞ կենսաբանական: Մեխանիկական մաքրումը պարտադիր է, բայց դրանից հետո պետք է իրականացվեն նաև մաքրման մյուս տեսակները:

Գ.Պետրոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առանձին արտադրական ձեռնարկությունների կողմից ջրահեռացման կայանների կառուցում:

«Իրենք ընդհանրապես շահագրգռված չեն նման կայաններ կառուցել: Դրա համար ահագին գումար պետք է ծախսել: Իրենց արտադրական ջրերը թափում են գետերը, և ոչ ոք շահագրգռված չէ այս հարցի կարգավորմամբ: Իսկ եթե պետական համակարգը՝ Բնապահպանական պետական տեսչությունը, ուժեղ ճնշում գործադրի իրենց վրա, թույլ չտա արտանետումներ ունենալ, ասի, որ միայն այդ հարցը կարգավորելու դեպքում դու քո արտադրությունը կունենաս, այդ ժամանակ նոր իրենց մոտ մոտիվացիա կլինի: Այդ դեպքում կհասկանան՝ եթե խախտեցին կանոնները, չեն կարողանա արտադրական գործունեություն ծավալել, եթե կազմակերպեցին ջրի մաքրումը, նոր խնդիր չեն ունենա: Բայց իրենք չեն անում, ինչ-ինչ մեխանիզմներով իրենց վրա ճնշում էլ չի գործադրվում, կարծում եմ՝ նաև կոռուպցիոն մեխանիզմներով:

Օրինակ, ինչո՞ւ տեսչությունները չպետք է վերահսկեն այդ կառույցներից դեպի գետերը թափվող ջրերի որակը: Օրենքն ասում է, որ յուրաքանչյուր արտադրությունից դեպի բաց ջրահոսք պետք է գնա նորմատիվին համապատասխանող ջուր: Բայց նույնիսկ ամեն մի փոքր կառույց կամ ռեստորան ջուրը, նախքան թափելը, պետք է մաքրի: Կարելի է նման օրենսդրություն ունենալ: Օրինակ՝ Սևանի կողքուբոլորը գտնվող ոչ մի ռեստորան նույնիսկ կոյուղի չունի: Այսինքն՝ կոյուղաջրերը թափվում են հենց Սևանա լիճ:

Ջրահեռացման համակարգեր ունեն մասամբ Երևանը, Սևանին հարակից որոշ տարածքներ, այն էլ՝ միայն կոյուղաջրերի մեխանիկական մաքրում է իրականացվում: Երևան քաղաքն իրականացնում է մեխանիկական մաքրում, սակայն Հրազդան գետին հարակից շատ թաղամասեր չունեն նման համակարգեր: Հրազդան գետը Երևանի համար ծառայում է՝ որպես բաց կոյուղագիծ»,- ասաց նա:

Քանի որ Շիրակի մարզում կոյուղաջրերի մաքրման կայանի բացակայության պատճառով աղտոտվում է ոռոգման ջուրը, ընդհուպ՝ մինչև Ախուրյանի ջրամբար, ուստի խնդրի վերաբերյալ 168.am-ը դիմեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

Մեզ հետաքրքրել էր այն հարցը, թե արդյո՞ք «Վեոլիա ջուր» ընկերությունը կարող է միջոցներ տրամադրել Շիրակի մարզին կոյուղաջրերի մաքրման կայան կառուցելու համար:

«Վեոլիա Ջուրը» վարձակալել է Հայաստանի «Ջրմուղ-Կոյուղու» համակարգերը 15 տարի ժամկետով: Ներկայումս, ընթացիկ և հրատապ հարցերի լուծմանը զուգահեռ, ուսումնասիրվում է ժառանգությունը, գույքագրվում՝ խնդիրներին ժամանակի ընթացքում լուծում տալու նպատակով: Այդ ընթացքում «Վեոլիա Ջուրը» պարտավորվել է ծախսել 37.5 մլրդ ՀՀ դրամ՝ հիմնականում գործող համակարգերի պահպանման ու վերանորոգման վրա: Իր հերթին, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրտնտպետկոմիտեն ապահովելու է 200 մլն ԱՄՆ դոլարին հավասարազոր գումարի ներդրում՝ հիմնականում նոր օբյեկտների կառուցման նպատակով, հաշվի առնելով վերջիններիս հրատապությունը: Այնպես որ, բացառել ոչինչ չի կարելի: Ապագա ծրագրերի մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»,- պատասխանել էին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Նշենք, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մարզային իշխանությունները կոյուղաջրերի մաքրման կայան կառուցելու միջոցներ չունեն:

Առանձին ջրահեռացման համակարգեր կարող են կառուցել նաև արտադրական ձեռնարկությունները, որոնք իրենց ջրերը կոյուղի են լցնում: Դա ինչ-որ չափով մարզի համար խնդրի լուծում կլինի, սակայն Շիրակի մարզում գործող արտադրական ձեռնարկությունների մեծ մասը դժվար թե նման քայլի դիմի, քանի որ դրանց մեծ մասն առանց այն էլ եկամտաբեր գործունեություն չի ծավալում և չունի լրացուցիչ եկամուտներ նման կայաններ կառուցելու համար:

Դեռևս 2016 թվականին ՀՀ ԱԺ ներկայացվեց «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որով պետք է կարգավորվեին ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացները:

«Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանն էլ փաստել էր, որ Հայաստանի բնակավայրերի կոյուղացման և մաքրման կայանների տեղադրման համար անհրաժեշտ է 2.6 միլիարդ եվրո գումար: Սկզբում անհրաժեշտ էր ամբողջ երկրում մեխանիկական մաքրման կայաններ տեղադրել: Խնդիրը, սակայն, մինչ օրս լուծված չէ:

Ըստ ՀՀ կառավարության 2003 թվականի որոշման, սահմանված է ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կազմակերպումը:

Բաժանորդների ջրահեռացման համակարգերի շահագործման և արտադրական կեղտաջրերը բնակավայրի ջրահեռացման համակարգ ընդունելու պայմանների հսկման համար՝ ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունում ստեղծվում է հատուկ ծառայություն:

Բնակավայրերի ջրահեռացման համակարգերը նախատեսված են բնակչության, ինչպես նաև՝ կոմունալ-կենցաղային, արտադրական և այլ կազմակերպությունների կողմից ջրահեռացման ցանցեր արտանետվող կեղտաջրերի ընդունման, հեռացման և մաքրման համար դրանք օգտագործելու կամ ջրային ռեսուրս լցնելու նպատակով: Ջրային ռեսուրս լցվող կեղտաջրերի որակը պետք է բավարարի սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին, իսկ այլ նպատակներով օգտագործվող կեղտաջրերինը` ջրօգտագործողների պահանջներին, որոնք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ:

Արտադրական կեղտաջրերն այլ կեղտաջրերի հետ համատեղ նույն ջրահեռացման ցանցով հեռացնելու և նույն մաքրման կայանում մաքրելու պայմանները պահպանելու և հսկելու նպատակով յուրաքանչյուր ջրօգտագործողի համար հաշվարկվում և որոշվում են սահմանային թույլատրելի արտահոսքերը (այսուհետ՝ ՍԹԱ):

Այն ջրօգտագործողների համար, որտեղ ՍԹԱ-ների պահպանմանը հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ՝ սահմանվում են ավելի մեղմ ժամանակավոր համաձայնեցված արտահոսքեր (այսուհետ՝ ԺՀԱ) և դրանցից ՍԹԱ-ներին անցնելու ժամանակացույցեր:

Ջրօգտագործողների կողմից ՍԹԱ-ները կամ ԺՀԱ-ները խախտելու հետևանքով ջրահեռացման ցանցին կամ մաքրման կայանին հասցված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Ջրահեռացման համակարգի տեխնիկական շահագործումը պետք է ապահովի համակարգի բոլոր կառուցվածքների՝ տեխնիկատնտեսական ու որակական բարձր ցուցանիշներով հուսալի և անխափան աշխատանքը՝ հաշվի առնելով մակերևութային ջրերը կեղտաջրերով կեղտոտվելուց պահպանելու և ջրային ռեսուրսներն ըստ նպատակահարմարության օգտագործելու պահանջները:

Ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքն ապահովելու համար այդ համակարգը շահագործող կազմակերպությունը պարտավոր է` ունենալ համակարգի շահագործման վերաբերյալ տեխնիկական պահանջների իրականացումը բավարարող բարձրորակ տեխնիկական անձնակազմ, ապահովել պատշաճ աշխատանքային պայմաններ, կազմակերպել ցանցերի ու կառուցվածքների պատշաճ շահագործումը, ապահովել աշխատանքների կատարելագործումը և գիտության ու տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումների հիման վրա առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը և այլն:

Մեզ նաև հետաքրքրել էին Շիրակի մարզում ջրագծերի անցկացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, Շիրակի մարզում ջրագծերի անցկացումը քանի՞ փուլով էր տեղի ունենալու, և ե՞րբ է նախատեսված ավարտել ջրագծերի անցկացումը: Ջրագծերի անցկացման համար որքա՞ն վարկ էր վերցվել, քանի՞ տարվա ընթացքում այն պետք է փակվի, ու ո՞ր կառույցի կողմից: Մեծ Մանթաշում խմելու ջրի հարցը ե՞րբ է լուծվելու:

«Ֆրանսիական «Վեոլիա Ջուրը» գործում է միայն 2017թ. հունվարի 1-ից, նախկին ծրագրերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել, հետևաբար Ձեր հարցերին լիարժեք պատասխանել չենք կարող: Ասենք միայն, որ ընկերությունը անցած 1 տարում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարել, մասնավորապես Գյումրիում, ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: Աշխատանքները նախատեսվում է շարունակել ընթացիկ ու հետագա տարիներին՝ հարաճուն տեմպերով, հաշվի առնելով սպառողների կարիքներն ու ընկերության ֆինանսական հնարավորությունները»,- պատասխանել էին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ինչ վերաբերում է Մեծ Մանթաշին, որտեղ խողովակներից եկող ջուր չկա, բնակիչներն օգտվում են բաց հունով եկող ջրից, ընկերությունից պարզաբանել էին, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղը «Վեոլիա Ջրի» կողմից չի սպասարկվում:

Շիրակի մարզում նոր ջրագծերի անցկացման համար պետությունը վարկ էր վերցրել, որը 40 տարվա ընթացքում պետք է փակվեր:

«Վարկը վերցրել էր հայ ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը: Ջրագծերը փոխեցին, նորից հանձնեցին «Ջրմուղ-Կոյուղուն», մեր վրա լավ փող աշխատեցին: Այսինքն՝ մենք մեր փողերով դրանք նորոգեցինք, հիմա էլ վարկի տոկոսները պետք է տանք: Ջրի գինն էլ բարձրացրեցին: Այսինքն՝ այն, ինչ իրենք պետք է իրենց միջոցներով կատարեին, չներդրեցին և վարկ վերցրեցին: Ծրագրի իրականացնողը ՀՀ կառավարությունն էր, շահագործողը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը: Ինչ վերաբերում է ջրախողովակներին, դրանք ընդհանրապես հանդիսանում են «Ջրային տնտեսության» սեփականությունը, սակայն տրամադրվել է «Վեոլիա ջրին» մի քանի տարով օգտագործման»,- անդրադառնալով այս հարցին՝ նշեց «Բիոսոֆիայի» նախագահը:

Գյումրիում նոր ջրագծերի անցկացման ժամանակ ջրմուղի շինարարները բազմաթիվ թերություններով էին կատարում այդ աշխատանքները: Հաճախ մինչև բնակիչների տները խողովակներն անցկացնելու համար տարածքը փորվում էր, սակայն երկար ժամանակ հողով չէր ծածկվում: Այդ ընթացքում նաև նոր ջրագծերի վթարներ տեղի ունեցան:

Գյումրիում նոր ջրագծերի անցկացման աշխատանքները դեռ ամբողջովին չեն ավարտվել: «Վեոլիա Ջուր» ընկերությունից էլ չեն հստակեցնում, թե դրանք երբ կավարտվեն:

Նոր ջրագծերի անցկացմամբ առկա մետաղյա խողովակները փոխարինվեցին պլաստմասսե խողովակներով:

Այս խողովակները «PE» բարձր խտության, բարձր ճնշման պոլիմերային ճնշումային ջրատար խողովակներ են, որոնք արտադրել է «ՄԱՎԱՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն: Դրանք օգտագործվել են Գյումրիում՝ սկսած 1976 թվականից: Նոր խողովակների ամենափոքր տրամաչափը 20 միլիմետր է, խոսքը ներտնային միացման խողովակների մասին է, ամենամեծը` սնուցող ջրագծերինը՝ 400 մմ է:

Դեռևս 2013 թվականին «Շիրակ-Ջրմուղ-Կոյուղի» ընկերության տեխնիկական գծով պատասխանատու Արշալույս Ավդալյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ նոր ջրագծերի անցկացումը կավարտվի մինչև 2016-2017 թվականները, և դեռ դեռ 10 մլն դրամ վարկի կարիք ունեն, որ Գյումրիում այդ աշխատանքներն ավարտեն, իսկ վարկային ծրագրով նոր ջրագծերի անցկացման առաջին, երկրորդ փուլերի համար հատկացվել է 31.000 եվրո գումար:

Ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարությունը չհասցրեց նախատեսված ժամկետներում ավարտին հասցնել այս ծրագիրը:

Ըստ Ա.Ավդալյանի՝ պոլիմերային խողովակները 25-30 տարվա կյանք ունեն: Թեև վերջինս վստահեցնում էր, թե գրեթե նույնքան էլ մետաղյա խողովակներն են դիմանում, իրականում մետաղյա խողովակները շատ ավելի երկար են ծառայում, ըստ ոլորտի պատասխանատուների՝ գրեթե 50-60 տարի:

 Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս