
Կոնգոն և Ռուանդան Վաշինգտոնի հովանու ներքո խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Կոնգոն և Ռուանդան Վաշինգտոնի հովանու ներքո խաղաղության համաձայնագիր են ստորագրելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Ռուանդան Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որի նպատակն է դադարեցնել հակամարտությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում։
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քաղաքական հարցերով փոխնախարար Էլիսոն Հուքերը և ավագ խորհրդական Մասադ Բուլոսը՝ հյուրընկալելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև խաղաղության փաստաթղթի նախարարական ստորագրումը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության անունից այն ստորագրել է երկրի Արտաքին գործերի նախարար Թերեզա Կայիկվամբա Վագները, իսկ Ռուանդայի կառավարության անունից՝ Արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհինգիրեհեն, որպես վկա է հանդես եկել պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Հաղորդվում է, որ ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև Աֆրիկյան միության նախագահ Մահմուդ Ալի Յուսուֆը, Աֆրիկյան միության անունից՝ Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դուսեյը, իսկ որպես դիտորդներ՝ Կատարի պետական նախարար Մոհամմեդ բին Աբդուլազիզ Ալ-Խուլաիֆին։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Խաղաղության համաձայնագրի նախարարական ստորագրումը պատմական հանգրվան է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ռուանդայի և Աֆրիկայի Մեծ լճերի ավելի լայն տարածաշրջանի համար խաղաղության և բարգավաճման ձգտման գործում:
«Հիմնվելով երկու կողմերի կողմից 2025 թվականի ապրիլի 25-ին ստորագրված սկզբունքների հռչակագրի վրա՝ համաձայնագիրը արտացոլում է ավագ խորհրդական Բուլոսի գլխավորությամբ ամիսներ տևած շարունակական բանակցությունները: Այս քննարկումները հասցեագրեցին կառավարման, անվտանգության և տնտեսական ինտեգրման երկարատև հարցեր և հիմք դրեցին համապարփակ համաձայնագրի, որը կլուծի երկարատև հակամարտության արմատական պատճառները և կաջակցի տարածաշրջանային խաղաղության և կայունության կայուն ուղուն։ Խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտավ ստորագրման պահից, և Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը աջակցել դրա լիարժեք և ժամանակին իրականացմանը»,-նշել է Պետքարտուղարությունը։
Նշվում է, որ Աֆրիկյան Միության, Կատարի և Տոգոյի հետ սերտ համագործակցությամբ՝ Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավել երկու կողմերին՝ համաձայնագրում նշված պարտավորությունների կատարումն ապահովելու համար։
«Առաջիկա շաբաթներին մենք անհամբեր սպասում ենք Սպիտակ տանը պետությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանը՝ խաղաղությունը, կայունությունը և փոխադարձ տնտեսական բարգավաճումը շարունակելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջնական փաստաթղթում նշվել է, որ կողմերը պարտավորվում են «հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը» ու դադարեցնել ռազմական գործողությունները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում:Հավելելենք, որ այդ փաստաթղթով ԱՄՆ-ը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանքանյութեր արդյունահանելու իրավունք կստանա: