
Ինչ գլխագրերով և շեշտադրումներով է միջազգային մամուլն անդրադարձել Մայր Աթոռի դեմ Փաշինյանի քայլերին

Հայաստանում ծավալվող դրամատիկ իրադարձությունները՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի դեմ, ինչպես նաև ֆեյսբուքյան հայհոյախոս գրառումները լայն արձագանք են գտել միջազգային մամուլում։ Հայաստանյան զարգացումներն ակտիվորեն լուսաբանում է թե՛ ռուսական, թե՛ արևմտյան մամուլը, քննարկում են վերլուծաբաններն ու ուղեղային կենտրոնները։
«Եկեղեցին տագնապ է հնչեցնում. Ի՞նչ է թաքնված Փաշինյանի գործողությունների հետևում» վերտառությամբ հոդված է պատրաստել ռուսական պաշտոնական «РИА новости» գործակալությունը՝ արձանագրելով, որ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հոգևոր կենտրոնում բախումներ են տեղի ունեցել հավատացյալների և ոստիկանության միջև, որի պատճառը «պետական հեղաշրջման մասնակիցների» ձերբակալություններն են դարձել։
Այնուհետև հոդվածագիրը մանրամասն ներկայացրել է իրադարձությունների զարգացման ժամանագրությունը, ներկայացնելով նաև Բագրատ սրբազանի ու բարերար, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման պատմությունները։ Իրավիճակը հոդվածում վերլուծել են վերլուծաբաններ Հայկ Խալաթյանը, Տիգրան Քոչարյանն ու Վադիմ Մուխանովը։
Ըստ Մուխանովի՝ եկեղեցին հարձակման տակ է, և խոսքը միայն երկու արքեպիսկոպոսների մասին չէ, այլև Գարեգին Բ-ի, ով Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։
Մուխանովը գտնում է, որ նույնիսկ, եթե Փաշինյանն ընտրություններից հետո մնա վարչապետ, կառավարության հարաբերությունները սփյուռքի հետ արդեն լրջորեն վատթարացել են, և դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա։ Այնուամենայնիվ, կովկասագետը հավելել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, ու ամեն ինչ պարզ կդառնա աշնանը։ Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանն էլ նշել է, թե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրինակը դեռևս թարմ է, ով որոշակի պահի սկսեց բոլորին բանտարկել, և արդյունքում՝ երկրի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ հայտնվեց բանտում կամ ժամանակավոր կալանքի վայրում։
«Բնականաբար, նա պարտվեց 2012 թվականի ընտրություններում»,- նշել է փորձագետը։ Ամփոփելով՝ հոդվածագիրը նշել է՝ այսպես թե այնպես, իրավիճակը կարող է ցանկացած պահի դուրս գալ վերահսկողությունից՝ հատկապես հաշվի առնելով Հայկական եկեղեցու վրա հարձակումները, իսկ եկեղեցի է այցելում հանրապետության բնակչության 90 տոկոսը։
BBC-ն օրերս ևս անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) միջև սրվող հակամարտությանը «Վարչապետն ընդդեմ պատրիարքի. Ինչպես է Փաշինյանի և եկեղեցու հակամարտությունը սպառնում պառակտել հայկական հասարակությունը» հոդվածում։
Լրատվամիջոցը մեջբերել է Փաշինյանի վերջերս արած խայտառակ բառամթերքով գրառումը. «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
«Դժվար է հավատալ, սակայն հենց այս խոսքերով մայիսի վերջում ՀՀ ղեկավարն աննախադեպ արշավ սկսեց եկեղեցական ղեկավարության դեմ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու Հայ Առաքելական եկեղեցին երբեք դաշնակիցներ չեն եղել։ Վարչապետը քննադատել է եկեղեցական հիերարխիային նախկին իշխանությունների հետ ունեցած կապերի համար, որոնց նա անվանում էր «հանցավոր ռեժիմ»։ Իսկ եկեղեցին կասկածանքով էր վերաբերվում նրա երիտասարդ թիմին, որի անդամները նախկինում աշխատել են արևմտամետ ՀԿ-ներում։ Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ, ինչից հետո նրանց հարաբերությունները վերջնականապես փչացան»,- արձանագրում է BBC-ն՝ շարունակելով, թե վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀԱԵ-ին, որի հետևորդ է իրեն համարում հայերի մեծամասնությունը, վստահում են ավելի շատ, քան կառավարությանը։
«Այժմ Փաշինյանի և կաթողիկոսի հակամարտությունը սպառնում է ավելի խորացնել պառակտումը հասարակությունում, ազդել հաջորդ տարվա ընտրությունների արդյունքների վրա և բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վրա՝ ազդեցություն թողնելով ողջ տարածաշրջանի վրա»,- գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա հարձակում սկսել հայկական եկեղեցու վրա» վերնագրով վերլուծական նյութ է պատրաստել ռուսական РБК-ն երկու օր առաջ։
Հոդվածի առաջին հատվածում ներկայացվում է Սրբազան պայքարի ողջ պատմությունը։ Ապա հոդվածագիրը փորձում է պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞ւ եկեղեցու վրա հարձակումը տեղի ունեցավ հիմա։ Այս հրապարակման մեջ իրենց կարծիքն են ներկայացրել վերլուծաբաններ Հրանտ Միքայելյանը, Արկադի Դուբնովն ու Սերգեյ Մարկեդոնովը։
Միքայելյանի կարծիքով, Փաշինյանը չի կարողանա այս հակամարտության մեջ հաղթել ՀԱԵ-ին, որը շատ թուլացած է 20-րդ դարի բոլոր վերելքներից ու վայրէջքներից հետո (հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, ԽՍՀՄ-ի հակակրոնական քաղաքականությունը), բայց ամեն օր վիրավորական հայտարարություններ անելով և հասարակությանը սովորեցնելով, որ դա ընդունելի է, նա «կվնասի նրան»։
РБК-ի հետ զրույցում փորձագետները գործադիր իշխանության և ՀԱԵ-ի միջև առճակատումը կապում են հաջորդ տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ։
«Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է փոքրիկ հայկական Թրամփի նման։ Առանց ամաչելու՝ նա անում է այն, ինչ ուզում է՝ խառնելով իրավիճակը, զբաղվելով քաղաքական և անձնական տրոլինգով։ Նույն ոճը, պնդումները, ամբիցիաները և, կասեի, որոշակի անադեկվատություն»,- РБК-ին մեկնաբանել է քաղաքագետ և ԱՊՀ երկրների փորձագետ Արկադի Դուբնովը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողությունները խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի դեմ կանխարգելիչ հարված են։
Իր հերթին՝ ՄԳԻՄՕ-ի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող և «International Analytics» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը զգուշացնում է, որ Փաշինյանը «վտանգավոր խաղ է սկսել»։
«Նա արդեն իսկ խախտել է մի շարք չգրված քաղաքական կարմիր գծեր՝ նախաձեռնելով «նախկինների» քրեական հետապնդումների շարք, սկսելով աննախադեպ հակաեկեղեցական արշավ, որը համեմատելի է միայն վաղ խորհրդային տարիներին»,- պնդել է փորձագետը։
Նրա կարծիքով, Փաշինյանի կուրսը նպատակ ունի ձևավորել «միատարր քաղաքական տարածք», և դրանք ոչ միայն «հարձակողական գործողություններ են, այլև կանխարգելիչ հարվածներ»։ «Խնդրի գինը հնգամյա ժամանակահատվածի հիմնական ընտրարշավն է։ Եվ դրանում պարտությունը հավասարազոր է իշխանությունից և քաղաքականությունից վաղաժամ հեռանալուն»,- նշել է Մարկեդոնովը։
«Փաշինյանը սրում է լարվածությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ» վերտառությամբ հոդված է հրապարակել Ջեյմսթաուն հիմնադրամը։
Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը բախվում է իշխանության համար պայքարի խորացմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հարձակվում է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավար Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ սրելով պետության և Հայ Առաքելական եկեղեցու միջև երկարատև լարվածությունը 2026 թվականի ընտրություններից առաջ։
«Հակամարտությունը բացահայտում է Հայաստանում եկեղեցի-պետություն սահմանների վերաբերյալ սահմանադրական դիլեմաները և առաջացնում է անհանգստությունների սրման մտավախություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի փխրուն ջանքերի ֆոնին։ Եկեղեցու շուրջ կոռուպցիայի և քաղաքական խոչընդոտների մասին մեղադրանքները խորացնում են Հայաստանի ներքին պառակտումները՝ սպառնալով նրա ազգային ինքնությանը և թուլացնելով հանրային վստահությունը թե՛ կրոնական, թե՛ քաղաքական ինստիտուտների նկատմամբ»,- գրում է հոդվածագիրը։
Ռուսական «Ազատություն» ռադիոկայանը ևս անդրադարձել է եկեղեցու դեմ Փաշինյանի քաղաքականությանը, այսպես կոչված, պետական հեղաշրջման իշխանության՝ իբրև թե բացահայտ պլանի ու հետագա խուզարկությունների, «բացահայտումների» ֆոնին։ «Եկեղեցու դեմ արշավ․ Ո՞ւմ դեմ և ինչո՞ւ է պայքարում Նիկոլ Փաշինյանը» վերնագրով հոդվածում ներկայացվել է Արթուր Սաքունցի, լրագրող Ազա Բաբայանի ու ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Սաքունցի կարծիքով՝ հեղաշրջման փորձի հետևում կարող է կանգնած լինել Կրեմլը, որը շահագրգռված է Հայաստանում իրավիճակի անկայունացմամբ։ Նա նշել է, որ Կրեմլը շահում է Հայաստանում անկայունությունից, քաոսից և անկառավարելիությունից, և նույնիսկ եթե ներկայիս թուլացած կառավարությունը մնա Հայաստանում, նրա կախվածությունը Կրեմլից ավելի կմեծանա նման անկայուն պայմաններում:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը խուզարկություններն ու կալանավորումները համարել է քաղաքական հետապնդում՝ անհեթեթ պատրվակով։
Ազա Բաբայանն էլ նշել է, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ բնակչության մեծամասնությունը չի կարծում, որ իշխանությունը զավթելու իրական փորձ է եղել։
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ սա պարզապես Նիկոլ Փաշինյանի սեփական ծրագիրն է։ Ի՞նչ է նա անում վերջերս։ Նա անմիջապես ցանկացած ընդդիմադիր ուժի, ցանկացած ընդդիմադիր ելույթ պիտակավորում է՝ որպես ռուսական լրտեսներ, ռուսական լիազորված անձինք, որ Մոսկվան փորձում է այնպես անել, որ նա գոյություն չունենա, և, որ ռուսամետ ուժերը գան իշխանության։ Եվ այս սոուսի տակ ճնշվում են բացարձակապես բոլոր ընդդիմադիր շարժումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից ի վեր։ Սա նրա ռազմավարության շարունակությունն է, որը լավ է աշխատում, քանի որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է գլոբալ առումով»,- նշել է Բաբայանը՝ շարունակելով, թե չի կարող ասել՝ բնակչության քանի տոկոսն ունի բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, բայց դա զգալի տոկոս է։ Ըստ Բաբայանի, երբ պատերազմը սկսվեց, մարդիկ սպասում էին, որ Ռուսաստանը գոնե կաջակցի Հայաստանին։
«Եվ վերաբերմունքը փոխվեց հատկապես այն բանից հետո, երբ Արցախի ողջ բնակչությունը պարզապես հեռացավ ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- արձանագրել է Բաբայանը։
Բանախոսը տեղի ունեցողը բացատրել է Փաշինյանի վարկանիշի անկմամբ։
«Եթե նա հաղթել է 2021 թվականի ընտրություններում, ապա այսօր նրա վարկանիշը, բոլոր հարցումների համաձայն, ոչ ավելի, քան 20% է, նույնիսկ ավելի քիչ։ Եվ քանի որ նա կորցնում է ժողովրդականությունը, նա պետք է ինչ-որ կերպ պաշտպանի իրեն։ Հայաստանում մեկ տարի անց՝ 2026 թվականի հունիսին, պետք է անցկացվեն հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նա չի հաղթի այս ընտրություններում։ Նա ուժեղ մրցակիցներ չունի, չկա ընդդիմության առաջնորդ, որն ավելի բարձր վարկանիշ ունենա։ Բայց միասին վերցրած՝ նրանք կարող են հաղթել նրան։ Իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը բնակչության շրջանում աջակցություն չունի։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը հավատացյալներ են։ Նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Այսօր սա միակ հայկական հաստատությունն է, որին Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահում է։ Հետևաբար, նրա՝ եկեղեցու դեմ արշավը հաջող չի լինի»,- նման տեսակետ է հայտնել Ազա Բաբայանը։
Փաշինյան-ՀԱԵ հակամարտության մասին հոդվածներ են պատրաստել գրեթե բոլոր առաջատար ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները՝ Lenta.ru-ն, Deutsche Welle-ն, Известия.ru-ն, TRT global-ը և այլք։ Ավելորդ է նշել, որ թեման ակտիվորեն, մեծ ոգևորությամբ ամենօրյա ռեժիմով լուսաբանում ու մեկնաբանում են ադրբեջանական ու թուրքական մամուլում։
Հարկ է նշել, որ ռուսական և արևմտյան մամուլում հատկապես մեծ արձագանք էր գտել օրերս Փաշինյանի արած աղմկահարույց գրառումը, որով Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին ապացուցել, թե թլպատված չէ։
Այդ լուրերի լուսաբանումն աչքի ընկավ ոչ ցենզուրային բառապաշարի կիրառմամբ։
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հեռացվել են Փաշինյանի մի շարք գրառումներ, որոնցում կար հայհոյախոսություն Գարեգին Երկրորդի ու արքեպիսկոպոսների հասցեին։