
Իրանը ԱԷՄԳ-ի ղեկավարին արգելել է այցելել երկրի միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանություններն այլևս չեն արտոնի ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցելություններն իրենց միջուկային օբյեկտներ և կարգելեն այնտեղ տեսահսկողության իրականացումը։
Այս մասին Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբաեին։
«Իրանցի բարձրաստիճան խորհրդարանականը հայտարարել է, որ Իրանն այլևս թույլ չի տա Գրոսիին այցելել իր միջուկային օբյեկտներ և դրանցում հսկող տեսախցիկներ տեղադրել»,- հաղորդում է լրատվամիջոցը։
Հաջի Բաբաեին նշել է, որ Թեհրանն այս քայլին է դիմել Իսրայելի իշխանություններից ձեռքբերված փաստաթղթերում Իրանի միջուկային ոլորտի վիճակի մասին տեղեկություններ հայտնաբերելուց հետո։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Գրոսիին արգելվել է այցելել նախկինում ռմբակոծված միջուկային օբյեկտներ։ Արաղչին հիշեցրել է ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության դադարեցման վերաբերյալ օրենքի ընդունման մասին։
Արաղչին նշել է, որ Գրոսին նպաստել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի կողմից՝ միջուկային ոլորտում Իրանի գործողությունները դատապարտող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներին։
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, Գրոսին չի կարողացել ուղղակիորեն դատապարտել այդ հարվածները։
«ԱԷՄԳ-ն և նրա գլխավոր տնօրենը լիակատար պատասխանատվություն են կրում այս տխուր իրավիճակի համար»,- հայտարարել է նախարարը։
Հունիսի 22-ին ԱՄՆ-ը հարվածեր էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզիում։ Դրան նախորդել էին Իրանի միջուկային ծրագրի ոչնչացմանը միտված իսրայելցիների ռազմական գործողությունները։ Հետագայում Իրանն ու Իսրայելը համաձայնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարին, որը մինչ այժմ պահպանվում է։