
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Տիգրան Նալբանդյանը:
Տաղանդավոր շախմատիստը եղել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի բազմակի չեմպիոն, ունեցել է պատկառելի հաջողություններ արդեն հասուն շախմատային տարիքում:
Մարզչական գործունեությունը սկսել է 2001-ին` համալրելով աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարզչական շտաբը, որտեղ աշխատել է երկար տարիներ։ Նրա հետ մասնակցել է տարբեր մրցախաղերի, մրցաշարերի, կարևորագույն շախմատային միջոցառումների և մարզական հավաքների։
2004-2008-ին եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը, որի հետ մասնակցած թիմային մրցաշարերից 4-ում վերադարձել է մեդալներով. 2004` համաշխարհային օլիմպիադա (Մալյորկա, Իսպանիա)`«բրոնզ», 2005` աշխարհի թիմային առաջնություն (Բեեր Շևա, Իսրայել)` «բրոնզ», 2006` համաշխարհային օլիմպիադա (Թուրին, Իտալիա)` «ոսկի», 2007` Եվրոպայի թիմային առաջնություն (Կրետե, Հունաստան)` «արծաթ»։ 2006-ի օլիմպիադայում հաղթելու համար Տիգրան Նալբանդյանն ու հավաքականի մյուս անդամները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
Անգնահատելի է Տիգրան Նալբանդյանի դերը հայկական շախմատի ձեռբերումներում:
Անվանի շախմատիստի ու մարզչի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում:
168.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին։