Նախարարությունը միջհամայնքային երթուղիներից թանկացման վերաբերյալ որևէ հայտ չի ստացել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, վառելիքի թանկացմամբ պայմանավորված, միջհամայնքային որեւէ երթուղուց թանկացման վերաբերյալ որեւէ հայտ չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը: «Այս պահի դրությամբ նման հայտ չունենք»,-պարզաբանեց նա:
Անդրադառնալով քաղաքացիների բողոքներին` միջհամայնքային որոշ տրանսպորտային գծերի` մասնավորապես Հրազդան-Երեւան երթուղու թանկացման հետ կապված, Անահիտ Առաքելյանն ասաց, որ երթուղին սպասարկող ընկերությունը մրցույթը շահել է 500 դրամով։ «Բարի կամք դրսեւորելով մինչ թանկացումները՝ երթուղին սպասարկվել է 400 դրամով եւ այժմ թանկացումներով պայմանավորված երթուղու գինը սահմանվել է 500 դրամ: Դրանով ընկերությունը որևէ խախտում չի անում»,-ասաց նա:
2018 թվականի հունվարի 1-ից թանկացել են բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի սակագները: Թանկացումները պայմանավորված են Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: