Բաժիններ՝

Կառավարությունը կրկին կմերժի Միհրան Պողոսյանին

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունվարի 11-ին, հերթական անգամ կմերժի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը։ Այս անգամ ԴԱՀԿ նախկին պետն առաջարկել է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում, և որպես գույքն արգելանքից հանելու հիմք՝ նախատեսել՝ «առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:

Սակայն, ըստ գործադիրի չինովնիկների, այդ դրույթում անհրաժեշտ է հստակեցնել «այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ» ձևակերպումը` սահմանելով, որ խոսքը սեփականության իրավունքի ճանաչման մասին է:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` գործող իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ «անձը դիմում է դատարան, դատական ծախսեր է կատարում, իր սեփականության իրավունքը հաստատում վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, սակայն օրենքի բացի արդյունքում՝ իր իրավունքը նշված գույքի նկատմամբ պետական գրանցում չի ստանում, գույքն էլ… պարտապան հանդիսացող անձի պարտավորությունների համար մնում է արգելադրված»:

Առաջարկվող կարգավորումը գործադիրը հարկ է համարում դիտարկել դատական ակտերի հարկադիր կատարման ամբողջական գործընթացի համատեքստում` վեր հանելով դրա պրակտիկ իրացման արդյունքում հնարավոր խնդիրները: Այսպես, դատական ակտերի հարկադիր կատարումը կոչված է ապահովելու մատնանշված ակտերում ամրագրված փաստերի կատարումը` կատարողական վարույթի բոլոր մասնակիցների իրավունքների և օրինական շահերի հաշվառմամբ:

Միաժամանակ, այն դեպքում, երբ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը շոշափում է այլ անձանց իրավունքները, օրենքը նախատեսել է համապատասխան իրավական մեխանիզմ այդ անձանց իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես՝ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Օրենքի վերոնշյալ դրույթից պարզ է դառնում, որ պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում կայացվում է դատական ակտ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ: Այս տրամաբանությամբ, որպես գույքը արգելանքից հանելու հիմք՝ նախատեսվել է գույքն արգելանքից հանելու մասին դատարանի որոշումը, և պատահական չէ, որ օրենսդիրը սահմանել է ոչ միայն գույքի պատկանելության վեճը լուծելու, այլ հենց (վեճը լուծելու հետ համատեղ) արգելանքից հանելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու պահանջ: Ուստի, գտնում է կառավարությունը, արգելադրված գույքի վերաբերյալ վեճ ծագելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել օրենքի տրամաբանությամբ:

«Միաժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում առաջարկվող կարգավորումը դիտարկել համատեղ սեփականության ինստիտուտի շրջանակներում: Այսպես, միևնույն գույքի նկատմամբ մեկից ավելի անձանց սեփականության իրավունքը ճանաչվելու դեպքում (օրինակ` կատարողական վարույթի պարտապանը վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի մի մասը, սակայն գնորդի իրավունքը սահմանված կարգով չի գրանցվել մինչև գույքի նկատմամբ արգելանք կիրառելը), առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ գույքի նկատմամբ արգելանքը պետք է հանել: Մինչդեռ նման պարագայում խախտվում է կատարողական վարույթի պարտատիրոջ իրավունքը, ում նկատմամբ պարտավորության կատարումն ապահովելու նպատակով պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք։

Ուստի, համաձայնելով առաջարկվող փոփոխության ընդհանուր գաղափարի հետ, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ այն ունի համակարգային բնույթ, ուստի այն անհրաժեշտ է քննարկել թղթակցվող կարգավորումների հետ համակարգային կապի մեջ»,- ասվում է որոշման նախագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս