Մեր զինվորներին լավ կոշիկներով չեն ապահովում․ ոտնաթաթի, հատկապես կոշտուկների հետ խնդիր ունեն․ Պոդոլոգ

Հարթաթաթությունը հանդիսանում է ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը։ Ոտնաթաթի բնական կամարն իջնում է կամ անհետանում և ներբանի ամբողջ մակերեսով դիպչում հատակին։ Խնդրի մասին առավել մանրամասն զրուցել ենք պոդոլոգ Անուշ Գոմցյանի հետ։

Ի՞նչ է հարթաթաթությունը, ո՞ր դեպքում է առաջանում։

– Ոտնաթաթի հիմնական կամարները, որոնք երկուսն են՝ լայնական և երկայնական, հարթվում են, այսինքն՝ ոտքն իր բնականոն հունից դառնում է ավելի տափակ։ Իսկ ինչո՞ւ է առաջանում։ Պատճառները շատ են, որոնցից է սխալ կոշիկ կրելը։ Ամենավատ կոշիկը բալետկաներն են՝ նեղ, երկար, տափակ։ Նորմայում կրունկը պետք է 3-5 սմ լինի, որպեսզի ոտնաթաթի ֆիզիոլոգիական դիրքը պահի։ Կապ ունի նաև տարիներով բարձրակրունկ կոշիկներ կրելը։ Ամենասխալ կոշիկներից են նաև կեդերը։ Հիմնականում ոչ ոք ճիշտ կոշիկ չի կրում։ Կարող է նաև դեր խաղալ քաշի ավելացումը։

Առհասարակ մեր ոտնաթաթը հակված է գնալ դեպի հարթաթաթություն, որովհետև բոլորս անցել ենք պասիվ ապրելակերպի․ նստած ենք, ակտիվություն, սպորտով զբաղվել չկա, այնինչ ոտնաթաթը պետք է անընդհատ շարժվի։ Ինչպե՞ս է ոտնաթաթի բիոմեխանիկան․ առաջինը դրվում է կրունկը, թաթը, ապա բթամատը և այս շարժման միջոցով աշխատում են հիմնականում ազդրի հետին և նստատեղի մկանները, որոնք պահում են կոնքը, ստաբիլիզացնում ողնաշարը։ Եթե այս համակարգում ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում, այս մեխանիզմը չի աշխատում, և սկսում ենք տեսնել ողնաշարային թեքություն, կոնք-ազդրային հոդը սկսում է որոշակիորեն թեքվել ու բերում է լուրջ խնդիրների, նույնիսկ պարանոցի ողերի թեքվածության, գլխացավերի։ Ոտնաթաթը գլխացավի հետ ուղիղ կապով է դուրս գալիս։

Կարդացեք նաև

Հարթաթաթ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։

– Բոլորս ծնվում ենք հարթաթաթ վիճակում, և մինչև 3 տարեկանն այդպես ենք, որովհետև մկանները, կապանները զարգացած չեն։ Բնական կամարները ձևավորվում են 7-9 տարեկանում և արդեն 10 տարեկանների մոտ պետք է ամբողջովին ձևավորված լինի և ժամանակի ընթացքում մեր ակտիվության, կամարը ճիշտ պահպանելու արդյունքում բարդություններ չենք ունենալու։

Այսինքն, պետք է ծնողներն անհանգստանան երեխայի՝ 10 տարեկան դառնալուց հետո։

– Պետք է անհանգստանան առաջին քայլերից սկսած։ Երեխային ճիշտ պետք է քայլեցնեն, պետք է չոչ անի, որպեսզի ոտքի մկանները սկսեն զարգանալ, ապա նոր կանգնեցնեն ուղղահայաց դիրքով։ Սխալ է, որ երեխային կանգնեցնում են նախքան չոչ անելը։ Եթե կոնք-ազդրային հոդը կայուն չէ՝ կանգնեցնելու դեպքում որոշակի շեղումներ կունենանք։ Երեխային պետք է քայլեցնել ոտաբոբիկ, որպեսզի կամարը ձևավորվի։ Երեխան միշտ կոշիկ չպետք է հագնի, պետք է քարերի վրա քայլի։ Դրա համար են ասում՝ քարերով լողափ գնալը շատ օգտակար է։

Տնային պայմաններում հնարավո՞ր է հասկանալ, որ կա հարթաթաթություն․ ինչպե՞ս ստուգել։

– Ավանդական մեթոդներից մեկը թաց մեթոդն է։ Ոտքերը մի քիչ խոնավեցնում ենք, քայլում, ուշադիր ենք լինում հետքերին և կարող ենք հասկանալ՝ ունե՞նք հարթաթաթություն։ Երբ ոտնաթաթի ամբողջ ուրվագիծն առկա է, դա արդեն հարթաթաթության ամենածանր աստիճանն է։

Եթե կոշիկն ավելի շուտ ներսից է մաշվում, քան դրսից, խոսո՞ւմ է հարթաթաթության մասին։

– Իրականում կոշիկը պետք է հավասարաչափ մաշվի։ Կրունկի հատվածում տեղի ուենցող մաշվածությունից կարող ենք հասկանալ՝ արդյոք ճի՞շտ է դրված ոտնաթաթը։ Հետևի հատվածից կրունկին ենք նայում, հետո բարձրանում ենք դեպի սրունքոսկր։ Եթե ուղիղ իջնում է՝ նորմալ է, եթե ունենք թեքվածություն դեպի ներս կամ դուրս, արդեն փոփոխություններ կան։ Երբ ծնկան հոդերը իքսաձև խաչվում են, ոտնաթաթի դիրքն էլ է փոխվում։ Նույնը նաև ծնկների՝ իրարից հեռու լինելու դեպքում։

Բացի կոշիկը, հարթաթաթության խնդիրը կարելի է հասկանալ ոտնաթաթի մակերեսին կոշտուկի՝ մազոլի առկայության դեպքում, որը պատճառ է հանդիսանում։ Ոտնաթաթը դեֆորմացվում է։ Հավելյալ ծանրաբեռնման դեպքում ձևավորվում է կոշտուկ։

Կոշտուկը կողմնակի ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել։

– Ոտնաթաթը մեր կեցվածքի, մկանակմախքային հատվածի կարևոր օղակն է, հիմնական ֆունկցիան շարժունակությունն է և ցանկացած փոփոխություն բերում է դրա բարդացմանը։ Եթե խախտված է ոտնաթաթը, խախտվում է ծնկան հոդը, կոնք-ազդրային հոդը, ողնաշարի գոտկային, սրբանային, կրծքային հատվածը, պարանոցը։ Կարող է հարթաթության դեպքում վարիկոզ լայնացում լինել, քանի որ շրջանառությունը լավ չի լինում։ Իսկ ոտնաթաթի տակ կա հատուկ թաղանթ, որն ամեն անգամ շարժելու դեպքում երակային արյունն ուղղում է դեպի վեր։

Տեսակետ կա, որ շաքարային դիաբետ ունեցողների համար է այն վտանգավոր։

– Այո, շաքարային դիաբետի դեպքում կարող ենք ունենալ դիաբետիկ ոտնաթաթ հասկացողությունը։ Կարևոր է դրա հսկողությունը, որովհետև դիաբետ ունեցող մարդկանց մոտ, հատկապես, եթե արյան մեջ շատ է գլյուկոզայի մակարդակը, կարող են լինել նյարդային և անոթային որոշակի խնդիրներ, որոնք բերում են շրջանառության վատացման, ու ցանկացած սխալ հատվածի սեղմումը, ճզմումը, եղունգների ներաճը, կոշտուկների առաջացումը հանգեցնում է շրջանառության վատացման, որի դեպքում նեկրոզ է գնում։ Ժամանակին չեն դիմում բժշկի, ու բերում է ամպուտացիայի։ Եթե ոտնաթաթի ամպուտացիա է լինում, 5 տարի է ապրելիությունը։

Հիմնականում թվարկված խնդիրներից ո՞րն է առավել շատ ի հայտ գալիս մարդկանց մոտ, որ դիմում են պոդոլոգի ու պարզվում է՝ հարթաթաթ են։

– Ամենատարածվածը լավ արտահայտված կոշտուկներն են՝ ոտնաթաթի բիոմեխանիկայի խանգարման հետևանքով։ Հիմնականում բանակից հետո է դա մնում։ Ցավոք, մեր զինվորներին լավ կոշիկներով չեն ապահովում։ Գրեթե ամեն երկրորդը, որ ծառայել է, ոտնաթաթի, հատկապես՝ կոշտուկների հետ խնդիր ունի։

Ինչպիսի՞ն պետք է լինի զինվորի կոշիկը։

– Պետք է հնարավորինս բնական բաղադրիչներից լինի․ կաշվից՝ շնչող տարբերակով, որպեսզի ոտքի միկրոկլիման ճիշտ պահպանվի։ Պետք է լինի սուպինատոր ասվածը՝ փափուկ ներդիրները, որոնք շատ կարևոր են։ Ոտքը պետք է ազատ լինի, կոշիկի չափը՝ ճիշտ ընտրված։

Օրթոպեդիկ ներդիրներ ամեն ոք կարո՞ղ է օգտագործել։

– Օրթոպեդիկ ներդիրները երկու տեսակի են լինում՝ բոլորի համար նախատեսված, փափուկ սուպինատորով թեթև բարձիկի հատվածով, որը բոլորս կարող ենք օգտագործել։ Օրթոպեդիկ կոշիկները որոշակիորեն օգնելու են, չեն թողնելու, որ հարթաթաթությունը զարգանա։ Բայց եթե արդեն խնդիր ունենք՝ ցավ, քայլքի դժվարացում, պետք է ընտրենք անհատական ներդիրների տարբերակը։ Հարթաթաթության ամենածանր տեսակը համապատասխանում է երեք տարեկան երեխայի ոտնաթաթի տեսքին։

Երբ գալիս է տղաներին բանակ ուղարկելու ժամանակահատվածը, շատ ծնողներ ասում են, թե՝ վա՜յ, հարթաթաթ էր՝ տարան։ Հարթաթաթությունն ունի՞ աստիճաններ։

– Լինում է մինչև 3-4-րդ աստիճանի հարթաթաթություն։ Հիմա սահմանափակ ծառայությամբ են ընդունվում զինակոչիկները, որոնք պետք է չվազեն, որովհետև հարթաթաթ անձանց մոտ վազքի դժվարություն է նկատվում։

Հարթաթաթություն ունեցող երեխաները կարո՞ղ են, օրինակ, ֆուտբոլ խաղալ․ ի՞նչն է արգելված։

– Երեխաներն առողջ են, ինչով ուզում են՝ թող զբաղվեն։ Հնարավորինս շատ պետք է սպորտով զբաղվեն մինչև 7 տարեկանը, որ կամարը ձևավորվի։ Ուղղակի ճիշտ կոշիկներ պետք է կրեն։

Նրանք, ովքեր երկար ժամանակ կանգնած են աշխատում, նրանց և՞ս վտանգ է սպառնում։

– Իրենք ռիսկի գոտում են, քանի որ նստակյաց կյանքը ներառում է քիչ շարժունակություն, իսկ կանգնած վիճակին գումարվում է երակային կանգ ասվածը, երբ նորմալ հետհոսք չի լինում։ Անընդհատ կանգնած վիճակը վարիկոզ լայնացման ամենամեծ խնդիրներից է և, իհարկե, հարթաթաթության, որովհետև ամբողջ օրգանիզմի ծանրաբեռնվածությունն ավելի է ընկնում ոտնաթաթի վրա։

Հարթաթաթությունն ուղեկցվո՞ւմ է ցավով։

– Եթե ծանր աստիճանի է՝ այո։ Հիմնականում վազելիս, սպորտով զբաղվելու ժամանակ է ցավ լինում։ Շատ արագ հոգնում են։ Բացի ոտնաթաթից, կարող է ցավել նաև ծնկան, կոնք-ազդրային հոդը, սրբանային-գոտկային, նույնիսկ պարանոցային հատվածները։

Հարթաթաթությունն ուղղել հնարավո՞ր է։

– Ուղղել հնարավոր է, բայց ավելի լավ է կանխել։ Պետք է գնալ ֆիզոթերապևտի մոտ՝ որոշակի վարժություններ կատարելու համար, բուժական մերսումներ։ Տանը ևս կարող են վարժություն կատարել՝ գնդակ վերցնել ու ոտնաթաթը խաղացնել։ Ոտնաթաթն առողջ է, եթե շարժվում է։

Տեսանյութեր

Լրահոս