
Բացառիկ լուսանկար-բացիկներ 20-րդ դարի Շուշի քաղաքի համայնապատկերից. Մաս 2-րդ

Շուշին՝ վերամբարձ լեռնաշղթայի վրա ծվարած անառիկ քաղաքը, վաղուց ի վեր եղել է ոչ միայն հայկական ռազմավարական, այլև մշակութային կարևոր կենտրոն Հարավային Կովկասում։
Նրա փողոցներով քայլել են մտավորականներ ու արվեստագետներ, նրա պատերը լսել են բազմաձայն աղոթքներ ու բանաստեղծական խոսքեր։ Շուշին կերտել է մի քաղաքակրթություն, որը միաժամանակ կրել է ավանդույթի և ժամանակի նորարարության շունչը:
Քաղաքը եղել է արևելքի ու արևմուտքի խաչմերուկում ձևավորված մի բացառիկ քաղաքակրթական օրրան: Այսօր ևս քաղաքը կրկին հայտնվել է պատմության կիզակետում՝ իր ճակատագրով հետաքրքրություն առաջացնելով՝ ինչպես հայ, այնպես էլ՝ միջազգային բարոյական գիտական և հասարակական շրջանակներում: Հիմա՝ առավել քան երբևէ, անհրաժեշտ է վերարժևորել նրա բազմաշերտ անցյալը։ Հատկապես այն դեպքում, որ օկուպացված հայկական քաղաքում ամեն օր ներկայիս կովկասյան թաթարները ոչնչացնում են հազարամյա բացառիկ պատմական, մշակութային արժեքները: Ներկայացնում ենք Հայաստանի ազգային գրադարանի լուսանկարների արխիվում պահպանվող Շուշիի բացառիկ լուսանկարների երկրորդ մասը:
«Շուշի. Հայկական «Գյավուր ղալա» թաղամասը
Ռուսական արտաքին հարաբերությունների արխիվում պահպանվում են Ղարաբաղի մելիքների և հարյուրապետների նամակները, խնդրագրերը, զեկուցագրերը, որոնք գրվել են 1724-1726 թվականներին, «Շոշի սղնախում» կամ «Շոշի ղլում»: Ավելի հիմնավոր լինելու համար մեջբերենք այդ բնագիր փաստաթղթերից թեկուզ այն հատվածները, որոնք առնչվում են Շուշիի հետ: 1724 թ. հուլիսի 18-ին Ղարաբաղի դեպքերի մասին ընդարձակ զեկուցագրերը «Գրավեցավ Քարագլխի նոր շինած դալումն»: Նույն թվի հունվարի 5-ին՝ «Մենք Շոշի սղնախի գլխավոր, ես Ավանս և ես Միրզաս և մեր սղնախի մեծով և փոքրով» հավատացնում են, որ իրենք հավատարիմ կլինեն իրենց խոստմանը: Յոթ օր հետո՝ հունվարի 12-ն, Ավան զորավարը հայտնում է Շոշի սղնախում գտնվող իր զորքի թվաքանակի մասին: Իսկ ահա, 1726 թ. նոյեմբերի 15-ին հայտնում է, որ թուրքերը հարձակվել են «Շոշի ղլեն վրա», 8 օր թնդանոթներով կռվեցին, բայց չկարողացան գրավել բերդը»:
«Շուշի. Բնակելի շենքեր
Շուշիի բնակելի շենքերը հիմնականում եղել են 1.1/2-2.1/2 հարկանի: Շենքերն իրենց բակային պատշգամբների և լանջավոր ծածկերի հետ ուղղանկյուն հատակագծով պրիզմատիկ ծավալներ ունեին, որոնք երկարությամբ տեղադրված էին փողոցներին ուղղահայաց: Տները նեղ ճակատներով դեպի փողոց ուղղելու սկզբունքը թելադրված էր փողոցների խաչմերուկների միջև ընկած հատվածներում հնարավորին չափ ավելի շատ շենքեր տեղադրելու, լավագույն կողմնորոշում ապահովելու և տվյալ հողամասի մեջ ճանապարհամերձ բակերը ավելի մեծ ստեղծելու անհրաժեշտությամբ»:
«Շուշի. Սարահարթի ստորոտում գտնվող հայկական Հունոտ գյուղը
Քաղաքի հարավ-արևելյան մասում է գտնվում հայկական Հունոտ գյուղը: Նրա հին պատմության խոսուն վկաներն են կամուրջը (18-րդ դ.), եկեղեցին (19-րդ դ.), սրբապղծված գերեզմանոցի տապանագրերը (16-20-րդ դդ.) և բնակավայրի տնատեղերը՝ պեկերը: Այս գյուղի տարածքում կային 20-ից ավելի ջրանցքներ, բազմաթիվ քարանձավային բնակարաններ, Շոշի սղնախի հրամանատար Ավան հարյուրապետի շտաբը: Դարերի պատմություն ունեցող գյուղը ավերվեց, կործանվեց մեր օրերում, կոլտնտեսությունները խոշորացնելու անվան տակ, Ադրբեջանի ձեռքով»:
«Շուշի. Մարիամյան դպրոցը
Մինչև Շուշիի ավերումը (1920 թ.) այստեղ լույս էր տեսնում 21 անուն թերթ, որից 19-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն: Ընդ որում, ռուսերեն թերթերը նույնպես պատկանել են հայերին, խմբագիրները հայեր էին: Քաղաքի երեք տպարաններից, որոնք պատկանել են Տեր-Սարգսյանցին, Ասրյանին և Բաբաջանյանին, դուրս են եկել նաև 150 անուն հայերեն գիրք ու բրոշյուր: Առաջին հայերեն գիրքը Շուշիում տպագրվել է 1828 թվականին»:
«Շուշի. Հայկական քաղաքամասը հարավից: Հեռվում՝ Ղազանչեցոց եկեղեցին, ձախում՝ Կուսանաց վանքը
Երբ քայլում ես Շուշիի փողոցներում,- գրել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը,- մտքովդ էլ չի անցնում, որ բոլոր տները, առանց բացառության, կառուցված են նույն տիպով: Շենքերը, որպես կանոն, քարե գոտիներով բաժանված են հարկերի: Բոլոր շքամուտքերը քարաշեն են, բոլոր պատուհանները՝ գրեթե նույն չափի, երիզապատված քարե շրջանակներով: Տները տարբերվում են միայն երկարությամբ և հարկերի քանակով: Այսպիսով, ճարտարապետական լուծումով անհնար է մի տունը մյուսից զանազանել: Բազմազանությունը ձեռք է բերվել առավելապես տների տեղադրությամբ, որի շնորհիվ ստացվել է գեղեցիկ ու հետաքրքիր դասավորություն»:
Զ. Շուշեցի