Կորցրեցի 800.000 դոլար, իսկ հիմա պլանավորում ենք 45 միլիոն եվրոյով հյուրանոցային ցանց գնել Իտալիայում. Բակուր Մելքոնյան

«Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը գործարար, «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն է։

Հարցազրույցի կարևորը թեզերը՝ ստորև.

– Գործարարի համար ամենակարևոր որակը կազմակերպչական ընդգծված ձիրքն է. որքան էլ ուսումնասիրում եմ այլ գործարարների կյանքը, տեսնում եմ, որ նրանք ունեն շատ տարբերություններ, բայց բոլորին միավորում է կազմակերպչական ձիրքը։

Կարդացեք նաև

– Ինչից սկսեցի՞։ 18 տարեկան էի, լուսամփոփներ էինք պատրաստում և վաճառում Մալաթիա տոնավաճառում, հետո ընկերոջս հետ երգող սուրճի բաժակների սկսեցինք պատրաստել և վաճառել։ Շատ տարբեր բիզնեսներ եմ արել: 10 տարի տարբեր գործեր անելուց, հաջողել-չհաջողելուց հետո հիմնեցի «Արտ Լանչը»։

Ինչո՞ւ «Արտ Լանչը», որովհետև փորձեցինք ուտելու արվեստը ներկայացնել նաև։

– Մտել էի կոշկակարանոց աշխատանքի, երրորդ օրն ինձ հեռացրին աշխատանքից։

– «Արտ Լանչի»-ի գաղափարը ծնվեց ծանր վիճակից, երբ հացի խնդիր ունեինք, փող չկար, ոչինչ չկար։ Մեր բնակարանում սկսեցինք պատրաստել, սկսեցինք ես ու կինս. ես առևտուրն էի անում, զբաղվում առաքումներով և մյուս հարցերով, կինս՝ պատրաստելով։

– Երբ «Արտ Լանչը» բացեցի, ունեի ընդամենը 100 դոլար. վաճառել էի կնոջս ամուսնական մատանին, որն, ի դեպ, գնեցի այս տարի՝ Ամանորին։

– Եկավ մի շրջան, որ «Արտ Լանչի» երեք կետով ես վաստակում էի 1 միլիոն 200.000 դրամ, որից 800.000 դրամը վճարում էի երեք աշխատողի, որոնք ինձ օգնում էին։

– Գործարարը պետք է ընդլայնի իր բիզնեսը՝ չզլանալով իր վաստակած գումարը ներդնել դրա մեջ։ Գումար պետք է դնել թիմ ունենալու համար, որովհետև թիմն է ստեղծում արժեք, գործարարն ինքը միայն իրենով երկար չի կարող գոյատևել։

– Ես հաշվում եմ, որ ոչ թե անհաջողության բախվեցի, այլ փորձ ձեռք բերեցի, օրինակ, Մոսկվայում, որտեղ «Արտ Լանչը» բացվեց և փակվեց։ Այն ժամանակ ընկերներս ինձ ասում էին՝ անհաջողություն կրեցիր, հակադարձում էի՝ ո՛չ, փորձ ձեռք բերեցի։ Բառի փոփոխությունը շատ կարևոր է։ Այսօր «Արտ Լանչը» Մոսկվայում ունի 10 կետ։ Չինաստանում ևս բացեցինք, չստացվեց, գումարներ կորցրեցի, հիմա դա անհաջողությո՞ւն է, թե՞ փորձ։ Եկեք համեմատենք՝ 5 տարի մենք գնում, սովորում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունում, վճարում ենք, չէ՞։ Բա ես էլ եմ սովորել։ Սովորել եմ Չինաստանում բիզնես անել։ Դուք ասում եք՝ փող եմ կորցրել, ես ասում եմ՝ փող եմ տվել, որ սովորեմ։ Հիմա ես ունեմ Չինաստանի դիպլոմ։ Նույնը նաև Ուկրաինայի դեպքում է. կորցեցի 700-800.000 դոլար, բայց ձեռք բերեցի «Ուկրաինայում բիզնես անելու դիպլոմ»:

– Բիզնես անելու համար առաջին տեղում պետք է դնել թիմին, հետո՝ գաղափարը. երբ թիմը կա, կա նաև գաղափարը, ապա գումարը շատ արագ կգտնվի։

– Նպատակս մի քանի միլիարդանոց ընկերություն ունենալն է. Իտալիայում հյուրանոցային ցանց բացելը։ Արդեն մի քանի հյուրանոց գնել ենք՝ ընկերներով, ծրագրում ենք 45 միլիոն եվրոյով գնել միանգամից 15-20 հյուրանոց։

Վերջում ներկայացնում ենք Բակուր Մելքոնյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։

«Ո՞րն է գործարարի ամենակարևոր հատկությունը, որը չունենալու դեպքում մարդը չի կարող բիզնես անել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս