
Ոչ թե անփորձությամբ, այլ միտումնավոր՝ հստակ ծրագրով, այս իշխանությունը վերանայում է մեր պատմությունը․ Աշոտ Մելքոնյան
Այսօրվա իրողությունների արմատները շատ ավելի խորն են։ Դեռևս մինչև ներկա իշխանության ներկայացուցիչների՝ պետական պաշտոններում հայտնվելը, արդեն այդ աշխատանքը տարվում էր։ Պատահական չէ, որ դեռևս 2017 թվականին հայտնվել էին մարդիկ, որոնք թուրքերի հետ միասին գրքեր էին հեղինակում, ըստ որոնց՝ մեր դպրոցական դասագրքերը շատ ազգայնական ոգով են գրված, և իբր թուրքի կերպարը նախապես մատուցվում է թշնամաբար։ Ասում էին՝ նույնն արվում է Թուրքիայում հայերի հանդեպ, այսինքն՝ մեզ դնում էին հավասար նժարների վրա։ Իսկ 2018-ից հետո սա արդեն դարձավ քաղաքականություն և առաջնահերթորեն ուղղված է հայկական ինքնության դեմ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
«Որքան էլ ոմանք մտածեն, թե սա անփորձության հետևանք կարող է լինել, գնալով համոզվում ես, որ միտումնավոր է արվում՝ կոնկրետ ծրագրի շրջանակում։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց այս փուլում Հայրենական պատերազմի պատմության վերանայման հարց ծագեց։ Ավանդաբար պատմագիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետները սրանք սկսել են վերանայել և դրանով խարխլում են մեր ինքնության ձևավորման համակարգը։ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի մեր փառահեղ գաղափարախոսն ու ռազմական-քաղաքական գործիչն է, բայց հանկարծ նրա հետ կապված խնդիրներ են ծագում, և մարդիկ հայտարարում են, թե Նժդեհը ֆաշիստ է։
Նրան դնում են կոլաբորացիոնիստների կողքին, Վլասովի հետ են համեմատում։ Ադրբեջանում բազմաթիվ հայտնի գործիչներ կան, որոնք ֆաշիստների հետ համագործակցել են, իսկ Գարեգին Նժդեհի, Դրոյի, Արտաշես Աբեղյանի պարագան միանգամայն այլ է։ Բայց դնում են նրանց կողքին, որպեսզի ցույց տան, թե իբր մեր մեջ հավասարապես դավաճաններ են եղել, երբ այդ պատերազմը Հայրենականի հետ որևէ կապ չունի»,- ասաց պատմաբանը։
«Ադրբեջանցի Ռասուլզադեն 44 հազարանոց մուսուլմանական կորպուսի հրամանատարն էր։ Իսկ մեր ազգային լեգեոնը խորհրդային զորքերի դեմ բացարձակապես չի կռվել։ Այն բերել-հասցրել են Ռոստով, կապեր են հաստատել 89-րդ Թամանյան դիվիզիայի մեր զինվորների հետ։ Երկուստեք հասկացել են, որ միմյանց դեմ չեն կռվելու։ Հայկական ազգային լեգեոնի մի մասը տեղափոխել են Հարավսլավիա, մյուս մասը՝ Ֆրանսիա։ Ե՛վ Հարավսլավիայում, և՛ Ֆրանսիայում փախուստի դիմելուց հետո նրանք միացել են Դիմադրական շարժմանը, արժանացել բազմաթիվ շքանշանների։ Մեկը մյուսի հետ բնավ համեմատելու բան չէ»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Ակադեմիկոսի կարծիքով՝ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով հնչում են կեղծ «հայտնագործություններ», միֆերը մերժող և նոր տեսակետներ առաջադրող մոտեցումներ, որոնք մերժելի են․
«Լիտվան, Լատվիան և Էստոնիան, որոնք ընդամենը երկու տարի առաջ էին կորցրել իրենց պետական անկախությունը՝ 1939-ի ամռանը, երբ խորհրդային զորքերը Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնագրով մտել էին այդ տարածքներ, վերցրել իրենց հսկողության տակ և բռնությամբ խորհրդայնացրել, ինչո՞ւ ֆաշիստական Գերմանիան այդ տարածքները գրավելուց հետո նրանց անկախություն չտվեց, չվերականգնեց ընդամենը երկու տարի առաջվա անկախությունը։ Ինչո՞ւ նույնը չարեց Մոլդովայում 1940-ին»:
«Ինչո՞ւ Ուկրաինայի կամ Բելառուսի տարածքը գրավելուց հետո ֆաշիստներն այնտեղ պետականություն չստեղծեցին։ Ռուսաստանի եվրոպական հատվածի մեծագույն մասը գրավելուց հետո ինչո՞ւ չվերականգնեցին Դենիկինի, Կալեդինի, Յուդենիչի ռուսական պետությունը։ Ծիծաղելի է, երբ ասում են՝ Արևմտյան Հայաստանում ֆաշիստներն ազատ, անկախ և միացյալ Հայաստան պիտի ստեղծեին»,- ամփոփեց Աշոտ Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: