Լավրովի այցը Երևան՝ առանց բեկումների ու առանցքային որոշումների․ ինչո՞ւ Երևան այցելեց ՌԴ ԱԳ նախարարը

Եռամյա ընդմիջումից հետո երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Վերջին երեք տարին կարելի է համարել հայ-ռուսական հարաբերությունների ամենալուրջ ճգնաժամը, որը երբևէ եղել էր Հայաստանի ու Ռուսաստանի նորագույն պատմության հարաբերությունների շրջափուլում։

Սա այն շրջանն էր, երբ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ Հայաստանում խորացան և խորացվեցին հակառուսական տրամադրությունները՝ իրենց մեծ հետքը թողնելով արդեն միջպետական հարաբերությունների վրա։ Եվ Լավրովի այցը ցույց տվեց հայ-ռուսական հարաբերություններում առկա նոր իրողությունները՝ Ռուսաստանի հարմարվողականությունը և ՀՀ իշխանությունների անվերադարձ արևմտականությունը։

Եվ թերևս պատահական չէր, որ Լավրովի այցի օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով էր հանդես եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին, որտեղ պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերին:

Կարդացեք նաև

«Հայաստան-ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» ելույթում արտգործնախարար Միրզոյանը նշել էր․ «Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության»։

Այս ձևակերպումները չափազանց հստակ են և չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների արժանանալ, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀՀ-ն կատարել է ընտրություն հօգուտ Եվրոպայի և նույնպիսի ընտրություն, համարձակ քայլ ակնկալում է Եվրոպայից։

Սակայն ոչ պակաս ուշագրավ էին Երևանում Լավրով-Միրզոյան ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունները։

Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների օրակարգում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց չկա։

«Արդյո՞ք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ: Մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, և դրանք որևէ մեկը չի լուծարել: Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կառույցի շրջանակում»,- ասաց Միրզոյանը։

Նա նաև նշեց, թե ավելի հեռուն գնացող հետևություններ չի անի, բայց արձանագրեց, որ Սերգեյ Լավրովի հետ քննարկումները կառուցողական են, դրանք ունեն նաև խնդրահարույց, ինչպես նաև դրական դինամիկա ունեցող հարցերի կոմպոնենտ։

Սակայն անորոշության հետ մեկտեղ էլ՝ նախարարներն այս այցի ընթացքում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը, ինչպես նաև հայտարարվեց, որ աշխատանքներ են տարվում Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում, գնահատելով այս այցը և հայ-ռուսական հարաբերությունները, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս այցը պետք չէ համարել ինչ-որ բանի ավարտ ու ինչ-որ բանի սկիզբ հայ-ռուսական հարաբերություններում։

Ըստ նրա, դրանցով ոչինչ չի փոխվում, պարզապես Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են հարաբերությունները, հետևաբար՝ պահպանում են դրանց անբաժանելի մաս հանդիպումները, զանգերը, շփումներն ու այցերը։

«Ուստի սա ընթացիկ այց էր, որը տեղի ունեցավ հայկական կողմի հրավերով։ Հարաբերությունները պահպանելու համար հարկավոր են շփումներ, աշխատանքային, խորհրդակցական ծրագրեր և այլն։ Սակայն այն փոփոխությունը, որն իրականացրել են ՀՀ իշխանությունները դեպի Արևմուտք, իրականում չի փոխվել։ Հայտարարությունների բովանդակությունը չի փոխվել, պարզապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, Արևմուտքի անվստահ քայլերը Երևանի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները մի փոքր այլ կերպ դիրքավորվեցին։

Բայց կրկնեմ, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունների բովանդակությունը, քայլերը դեպի Արևմուտք չեն փոխվել, Ռուսաստանի ուղղությամբ՝ ևս, այդ անվստահությունը նկատվում է հայտարարությունների տողատակում։ Սակայն չկա այլ ելք, քան շարունակել հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից, պահպանում է ազդեցությունը, ԵՄ-ն չի պատրաստվում ընդունել Հայաստանին՝ որպես անդամ, ուստի սրանք դիրքորոշումներ են, որոնցից երևի թե ելնում են Երևանում։ Սակայն չեն դադարում ինտենսիվ համագործակցություն կառուցել ԵՄ-ի հետ, և Երևանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումը, որևէ պատահական երկիր կամ ԵՄ-ից հեռու գտնվող երկիր դա չի անում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա որակմամբ, այցի ընթացքում առանցքային պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, բեկումներ չեն գրանցվել։

«Կարծում եմ, ռուսական կողմի համար կարևոր էր, որպեսզի հայաստանյան հասարակությունը ճիշտ ընկալի Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ուստի նախարար Լավրովը մի քանի դրվագով Երևանում անդրադարձավ այդ հարցին, որպեսզի պարզ լինի, որ այն, ինչ տեղի ունեցավ այդ ռեգիոնում, Ռուսաստանի պատասխանատվությունը չէ։

Կարծում եմ՝ պատահական չէր ուշադրությունը հենց այդ թեմայի նկատմամբ, հայաստանյան տրամադրությունները Ռուսաստանի համար կարևոր են։ Թե այդ անդրադարձերն ի՞նչ կփոխեն, բարդ է ասել, սակայն դա նաև ՌԴ վերաբերմունքի դրսևորում էր։

Պատահական չէր նաև անընդհատ շեշտադրումները ՀՀ ընտրության ազատության վրա, դրանով ՌԴ-ն հստակ ուղերձ է հղում, որ բնականոն է վերաբերվում այն ընտրությանը, որը կատարել են ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական բլոկում։

Ներկայումս կա պրակտիկ համագործակցություն, ՀՀ-ն հարաբերությունները դրել է փոխշահավետության սկզբունքի վրա, Ռուսաստանի համար իրերի դրությունը կարծես դեռ ընդունելի է, ինչ կլինի հետո՝ ՌԴ-Արևմուտք բանակցությունների ավարտից հետո, բարդ է ասել։

Սակայն, կարծում եմ, ՌԴ նախագահի մեծ եվրասիական համայնք ձևավորելու նախաձեռնությունը կարևոր է, որը նախանշելու է շատ ուղղություններով ՌԴ աշխատանքը»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս