Ադրբեջանը փորձում է հզորացնել ՌԷՊ պայքարի կարողությունները. 44-օրյայի ժամանակ հայկական կողմի կարողությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի գնահատականները տարբեր էին

Մայիսի 26-ին Թուրքիայում ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեքստում թուրք-ադրբեջանական համատեղ 4-օրյա զորավարժություն է անցկացվելու:

Ադրբեջանական լրատվամիջոցները հարկ են համարել հիշեցնել պատերազմական կամ զինված գործողությունների ժամանակ ՌԷՊ միջոցների կամ պայքարի դերը, հատկապես, երբ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հրահանգներ է իջեցրել՝ ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը և ՌԷՊ պայքարը:

Այս համատեքստում հավելենք, որ 2021 թվականի հունիսին ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ վերլուծել են 44-օրյա պատերազմի ամեն մի օրը՝ դրական և բացասական պահերը, ինչպես նաև սպառազինության կիրառումը՝ որն է դրական կողմից դրսևորել իրեն, որոնց հետ կապված խնդիրներ են եղել՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված:

Իսկ այդպիսի հանգամանքներ, ըստ Հասանովի, շատ են եղել, այդ թվում՝ հայկական կողմի ռադիոէլեկտրոնային հզոր պայքարը (ՌԷՊ), որը «լուրջ խնդիրներ է ստեղծել ադրբեջանական կողմի համար, երբ գործի են դրվել համապատասխան համակարգերը»:

Կարդացեք նաև

«Խնդիր դրված չէ՝ ինչ-որ տեխնիկայից հրաժարվել, այլ հարց է ծագել, որ տվյալ սպառազինության տեխնիկական ինչ-որ բաղադրիչ չի կարողացել դիմադրել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին, որովհետև հակառակորդը շատ հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ էր ստեղծել, նրանք ունեին ամենաժամանակակից ռուսական արտադրության ՌԷՊ համակարգերը»,- շարունակել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Իսկ Թուրքիան իր ԱԹՍ-ների դերն ու նշանակությունը շեշտելու համար նույն ժամանակում խոսել էր ռուսական ՌԷՊ միջոցների «անկարողությունից». «ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերն անկարող եղան դիմակայելու Bayraktar TB2 գրոհային ԱԹՍ-ներին»:

2020 թվականի պատերազմում և առհասարակ ժամանակակից պատերազմներում ՌԷՊ միջոցների դերակատարման թեման առանձին և մասնագիտական քննարկման առարկա է:

Իսկ այս օրերին Բաքվում էր գտնվում Թուրքիայի ցամաքային ուժերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելին, ով հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Ադրբեջանի ԶՈՒ Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևի և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ:

Հանդիպումների ժամանակ չի մոռացվել 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին թուրքական օգնությունը, եթե չասենք՝ Թուրքիայի անմիջական մասնակցությունը, Շուշիի հռչակագիրը և դրանում առկա կետերը, ինչպես նաև՝ շեշտվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը՝ տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, որտեղ հաշվի են առնվում ժամանակակից ռազմական պահանջները: Բնականաբար, չի անտեսվել տարածաշրջանային անվտանգության հարցը:

Ի դեպ, այս ամենի համատեքստում նշենք, որ 2024 թվականին գրել էինք, որ Ադրբեջանն օդային հարձակման նախազգուշացման թուրքական համակարգ է տեղադրել օկուպացված Քարվաճառում:

Տեսանյութեր

Լրահոս