Բաժիններ՝

«Եթե գնաճը գերազանցի 4 տոկոսը, սուբսիդավորման որոշակի քաղաքականություն պետք է կիրառվի գների նկատմամբ»

Տնտեսագետները գնաճի մեղմման գործում մեծապես կարևորում են պետության վերահսկողական գործառույթի իրականացումը, որպեսզի գնաճային սպասումները անբարեխիղճ տնտեսավարողների համար գների ուռճացման խթան չհանդիսանան:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` գնաճի կանխատեսում իրականացվում է տարբեր գործիքներով և մեթոդներով, ինչը, մասնավորապես Կենտրոնական բանկը, վերջին տարիներին իրականացնում է առավել հավասարակշիռ ձևով:

«Մենք պարտավոր ենք նայել տնտեսության իրական հատվածին, հասկանալ, թե տնտեսության մեջ ինչ միտումներ կան, որոնք գնաճի են հանգեցնում արդեն ներքին գործոններով պայմանավորված: Որովհետև իրականում կան բազմաթիվ գործոններ, որոնց վրա մենք գրեթե ազդեցություն չենք կարողանա ունենալ` բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին ներմուծողներ ոչ միայն շահույթ են ստանում, այլև գերշահույթ, և սա պետք է զսպել պետության վերահսկիչ գործառույթներով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Թաթուլ Մանասերյանը:

Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով` զսպման մեխանիզմները բավական սահմանափակ են: «Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությամբ է փորձում վերահսկել, կան նաև պետական մարմիններ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և այլ կառույցներ, որոնք պետք է գնաճի ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկեն»,-հավելեց նա:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ևս համամիտ է, որ կառավարությունը մասամբ կարող է հակազդել գնաճի ազդեցություններին: Նա հավելեց, որ Կենտրոնական բանկի կողմից զսպող քաղաքականություն իրականացնելու լուրջ հիմքեր դեռևս չի տեսնում: «2017-ի արդյունքներով գնաճն ավելի ցածր է, քան կանխատեսված 4 ± 1.5 տոկոսն է: Դեռ պաշտոնական թվերը չկան, բայց գնաճը 2.5-2.7 տոկոսի սահմաններում կարող է ամփոփվել 2017-ի համար:

Այո, հարկային օրենսդրության փոփոխություններով բարձրացել է վառելիքի, սպիրտային խմիչքների, բենզինի ակցիզային հարկը, դիզվառելիքն անցել է հաստատագրված վճարի համակարգի, այո, գները որոշակիորեն բարձրացել են, բայց ընդհանուր ազդեցությունն այս ապրանքախմբերի զամբյուղի վրա 0.92 տոկոս է: Դրանից ստեղծել խնդիր ու գնաճային սպասումներ առաջացնել, նպատակահարմար չեմ համարում»,-նշեց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է խոցելի խմբերի սուբսիդավորմանը, ապա, ըստ Թաթուլ Մանասերյանի, այստեղ հարցը բարդանում է, քանի որ իրատեսական չէ բնակչության մի ստվար հատվածի սուբսիդավորել տարբեր ապրանքատեսակների ուղղությամբ:

«Քանի դեռ տնտեսության իրական հատվածը լուրջ աշխուժացում չի ապահովում և չի զարգանում տնտեսությունը, այս պայմաններում այնքան իրատեսական չէ բնակչության կեսին սուբսիդավորելը… Դա կարելի է անել առանձին դեպքերում, ասենք՝ գազի դեպքում, եթե սակագինը վերանայվի, այո, կարելի է թիրախավորել խոցելի խմբերին, բայց ոչ բոլոր ապրանքատեսակների մասով»,-նշեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, եթե գնաճը գերազանցի 4 տոկոսը, սուբսիդավորման որոշակի քաղաքականություն պետք է կիրառվի գների նկատմամբ:

«Ենթադրենք սեղմված գազի թանկացումը, որն ամենամեծ ազդեցությունն է ունենալու այդ 0.92 տոկոս գնաճի մեջ` կազմելով 0.35 տոկոս, բերի հասարակական տրանսպորտի թանկացման, պետությունը պետք է կիրառի սուբսիդավորման միջոցներ այն տրանսպորտային ընկերությունների նկատմամբ, որոնք հաստատված, հիմնավորված կներկայացնեն հիմքեր տրանսպորտային այդ ծառայությունների սակագները բարձրացնելու ուղղությամբ: Բայց, կարծում եմ, որ վառելիքի գների բարձրացումը սակագնի վրա էական ազդեցություն չպետք է ունենա: Երբ գազի սակագինն իջեցվեց, ըստ էության, տրանսպորտային ընկերությունները շահեցին, քանի որ ուղևորափոխադրման սակագնի իջեցում չեղավ»,-նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նա չբացառեց նաև, որ գնաճային սպասումները հիմք են ստեղծում մասնավոր ընկերությունների կողմից ոչ բարեխիղճ գործունեություն ծավալելու և գների անհարկի բարձրացման համար: «Ցանկացած մասնավոր ընկերություն նպատակ ունի ոչ միայն շահույթ, այլև գերշահույթ ստանալ, թաքցնել եկամուտների մի մասը ու հարկեր չվճարել, մեր երկիրը բացառություն չէ այդ տեսանկյունից:

Պետք է ուսումնասիրություն կատարել ու հասկանալ` այդ ընկերությունները բոլոր իրենց հաշիվնե՞ր են ցույց տալիս, թե՞ ոչ: Սա լուրջ թեմա է, թանկացումների գնալուց առաջ վաճառող և ծառայություն մատուցող խոշոր ընկերությունները պետք է մտածեն՝ արդյոք հիմնավորվա՞ծ են այդ բարձրացումները: Եթե այդպես է, խնդիր չկա, եթե` ոչ, արդեն այլ նորմեր կարող են կիրառվել»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս