Բաժիններ՝

ԿԲ-ն ներկայացրել է նախաձեռնող և ավելի պատասխանատու համայնքների նոր հայեցակարգի ֆինանսավորման իր գործիքները

Կենտրոնական բանկը ֆինանսական գործիքներ կտրամադրի ներքևից վերև մոդելի վրա հիմնված համայնքների զարգացման նոր հայեցակարգի իրագործմանը: Դեկտեմբերի 9-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը` հավելելով, որ այս հայեցակարգով համայնքները ստանձնում են ավելի մեծ պատասխանատվություն: «Կառավարության մեր գործընկերների կողմից ներկայացվել է նոր հայեցակարգ, որով, ըստ էության, համայնքների զարգացումը կապվում է նոր մոդելի հետ, որը ենթադրում է ներքևից վերև շարժ: Կենտրոնական բանկի կողմից ներկայացնելու ենք ֆինանսական նոր գործիքներ ու նոր մոտեցումների հնարավորություններ, որոնք թույլ կտան կառավարությանը, մեր համայնքային ղեկավարներին ու համայնքներին ընդհանրապես իրենց խնդիրներն ավելի արդյունավետ իրականացնել»,- ասաց Մարտին Գալստյանը: Նրա դիտարկմամբ` խոսքը ոչ թե արտոնությունների, այլ փիլիսոփայության փոփոխության մասին է:

Ինչպես նշեց ԿԲ ներկայացուցիչը, առաջարկվող ֆինանսական գործիքները թույլ են տալու առաջանցիկ աճի տեմպեր ապահովել: «Դա ենթադրում է համատեղ ֆոնդերի ձևավորում, ֆինանսական այնպիսի գործիքներ, որոնց դեպքում համայնքը ևս պարտավորություններ է ստանձնում: Մասնավորի և պետականի համադրման միջոցով հնարավոր կլինի ավելի մեծ միջոցներ ներգրավել համայնքի զարգացման գործում»,- հավելեց պաշտոնյան:

Մարտին Գալստյանի խոսքով` եթե նախկինում համայնքին տրվում էին ֆինանսական միջոցներ, որի շրջանակում համայնքը բաշխում և ծախսում էր, ապա այսուհետ համայնքն է հանդես գալու նախաձեռնություններով ու հայթայթելու է ֆինանսական միջոցները, հետևաբար նախագծերը պիտի մրցունակ լինեն, որ ներդրողն ինքը հետաքրքրված լինի այնտեղ մուտք գործել: «Մասնավորը գնում է այնպիսի տեղեր, որտեղ կա գրավչություն, իսկ գրավչության առաջին տարրը համայնքի ներգրավվածության մակարդակն է: Մոտեցման փոփոխությունը ինքնըստինքյան բերելու նրան, որ համայնքը շատ ավելի մեծ ներգրավվածություն է ունենալու այս գործընթացներում»,- ասաց ԿԲ պաշտոնյան:

Դեկտեմբերի 8-9-ին Դիլիջանում անցկացվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի առանցքում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի քննարկումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս