Բաժիններ՝

Կրթության զարգացման պետական ծրագրում պետք է լինի խնդիրների և հակացուցումների բաժին

«168 Ժամ» թերթի 30.11.2017 համարում անդրադարձել էինք Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նախագծին։

Շարունակելով թեման՝ նշենք, որ նախագծի գլխավոր բացերից մեկն այն է, որ ներկայացված չեն համակարգում առկա խնդիրները։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կրթության համակարգի տևական ճգնաժամի արդյունքում առկա խնդիրները խորացել են և դժվարացել։ Այսօր համակարգի զարգացման համար հեշտ խնդիրներ լուծելն այլևս օգտակար չէ։ Ստիպված ենք ավելի դժվար ու համալիր խնդիրներ լուծել։

Ծանր հիվանդությամբ տառապող մարդուն ջերմություն իջեցնող դեղ տալով՝ խնդիր չենք լուծի։ Պարզապես վերապատրաստումներ անելը, ծրագրեր վերանայելը խնդրի լուծում չեն, քանզի դրանք այլևս չունեն համակարգը փոփոխությունների տանելու զորություն։

Կարդացեք նաև

Ներկայացնենք մի քանի խնդիր։

Խնդիր 1. Ունենք իմաստի ճգնաժամ։

Կրթությունը պետք է վերաիմաստավորել։ Սովորողների զգալի մասի համար հասկանալի չէ՝ ինչու է պետք սովորել, ինչու է պետք հենց ա՛յդ առարկաները սովորել։ Սովորողների շրջանում առկա է ձանձրույթ, դժկամություն սովորելու հարցում։ Նույն վիճակն է նաև ուսուցիչների և դասախոսների մոտ։ Վերջիններս էլ ուսուցումը տեսնում են միայն իրենց կողմից դասավանդվող առարկայի շրջանակներում։ Մեծ պատկերը տեսանելի չէ։ Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ փազլ ենք փորձում հավաքել՝ առանց փազլի նկարն ունենալու։

Խնդիր 2. Կրթությունը հարմարեցված չէ նոր սերնդի‚ նոր աշխարհի առանձնահատկություններին։

Այսօրվա սովորողները նոր տեսակի կրթության կարիք ունեն, բայց մենք շարունակում ենք երեխաներին սովորեցնել հնացած ձևերով։ Բացատրական մանկավարժությունը, որը երեխային փորձում է ստիպել մտածել ուրիշի ուղեղով, շարունակում է մնալ գերիշխող։ Գրեթե ոչինչ չի արվում սովորողների՝ սեփական ուղեղով մտածելու կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Նման իրավիճակում շահում են հեռուստատեսությունը‚ համակարգչային խաղերը, սոցիալական ցանցերը, որոնք երեխաներին ոչինչ չեն բացատրում, բայց գրավում են նրանց ուշադրությունը և ազդում մտածելակերպի վրա։

Խնդիր 3. Առկա է հոգնածություն բարեփոխումներից։

Համակարգում նկատվում է սոցիալական էներգիայի, ոգևորության պակաս, անվստահության ահռելի ծավալ։ Առանց սոցիալական էներգիայի՝ հնարավոր չէ բարեփոխումների հաջողությունն ապահովել։ Չկա վստահություն բարեփոխումների նկատմամբ։ Բարեփոխումների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվում համակարգի մարդկային ռեսուրսի մտածողությունը փոխելուն, խելացի մոտիվացիոն համակարգ գործարկելուն։ Արդյունքում՝ համակարգի աշխատողներն արտաքուստ փորձում են ցույց տալ, որ նոր ձևով են աշխատում, բայց իրականում զգալի մասի աշխատաոճում ոչինչ փոխվել։

Առաջարկում եմ նաև ծրագրում ունենալ բաժին, որում նշվի, թե ինչեր չպետք է անել։ Նմանատիպ ծրագրերում, որպես կանոն, գրվում է, թե ինչեր պետք է անել։ Բայց որպեսզի նախարարության արածներն օգուտ տան, անհրաժեշտ է որոշ բաներ կտրականապես չանել՝ բժշկության մեջ հայտնի հակացուցումների օրինակով։ Երբ պարզում ես, որ փոսի մեջ ես, նախ՝ պետք է դադարեցնես փոս փորելը, հետո նոր՝ մտածես փոսից դուրս գալու մասին։

Հայաստանի կրթական համակարգում պետք է դադարեցնել հետևյալ արատավոր պրակտիկաները

Կոռուպցիոն դրսևորումներ կադրերի ընտրության հարցում

Ուսուցիչների և տնօրենների ընտրության արդար և արդյունավետ մեխանիզմներից մեծապես կախված է կրթական համակարգի զարգացումը։ Հայաստանում նախընտրելի են համարվում այն տնօրեններն և ուսուցիչները, ովքեր ավելի հարմարվող են ներկա իրավիճակին։ Մինչդեռ բարեփոխումների մեջ գտնվող երկրին առավելապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ցանկանում են և պատրաստ են փոխել ներկա վիճակը։

 Կրթության կուսակցականացումը

Կուսակցականացումը բերում է նրան‚ որ համակարգում արմատավորվում է հարմարվողականությունը‚ հաճոյացումը‚ ինչն անհնար է դարձնում Հայաստանի կրթական փաստաթղթերում ամրագրված քննադատական‚ ստեղծագործական մտածողության ուսուցումը։

Կրթական համակարգը շատ ավելի լավ է գործում, երբ ուսուցիչները միմյանցից են կախված, ոչ թե՝ կուսակցական կամ կառավարական բյուրոկրատիայից։ Համակարգի կուսակցականացումը, վերև-ներքև համակարգը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում չկան ուսուցիչների մասնագիտական միավորումներ։ Ուսուցիչներին միավորում է կուսակցական պատկանելությունը, ոչ թե մասնագիտական շահը։

Ակադեմիական էգոիզմի գերիշխանությունը

Ծրագրերն ու դասագրքերը պետք է նպաստեն երեխաների մտածողության զարգացմանը‚ ոչ թե լինեն տվյալ առարկայի մասին խորացված տեղեկության փոխանցում։ Հանրակրթության հիմնական խնդիրը երեխաների ընդունակությունների, կարողունակությունների զարգացումն է, ոչ թե որոշակի գիտությունների վերաբերյալ առավելագույն գիտելիքներ փոխանցելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս