Կրթության զարգացման պետական ծրագրի կենտրոնում պետք է լինի սովորողը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը։ Նմանատիպ առաջին ծրագիրն ընդունվել է 2001-2005 թվականներին, երբ Կրթության և գիտության նախարարն էր Էդուարդ Ղազարյանը։
Քանի որ այդ տարիներին նախարարները և կրթական ծրագրերը հաճախակի էին փոխվում, որոշվեց Կրթության զարգացման պետական ծրագրերը հաստատել Ազգային ժողովում, որպեսզի կադրային փոփոխությունները չազդեն ծրագրի վրա։ Հետաքրքիր ճակատագիր ունեցավ երկրորդ ծրագիրը։ Այն նախատեսված էր 2007-2015 թվականների համար։
Ծրագրի մշակման համար ներդրվեցին զգալի ֆինանսական միջոցներ։ Առաջին անգամ որոշվեց սահմանել կրթության տեսլական։ Կազմակերպվեցին հանրային մեծ քննարկումներ։ Բայց այդպես էլ չհաջողվեց ծրագրի շուրջ ապահովել մասնագիտական և հասարակական լայն շրջանակների համաձայնությունը։ Վրա հասավ նախընտրական շրջանը, և ծրագրի ընդունումը հետաձգվեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո։
Ի վերջո, 6 տարի տևած քննարկումներից հետո ընդունվեց կրթության զարգացման 5-ամյա ծրագիր՝ 2011-2015 թվականների համար։ Ծրագիրը բավականին հավակնոտ էր, բայց արդյունքում՝ ծրագրով նախատեսված բազմաթիվ միջոցառումներ իրականություն չդարձան։
2015 թվականին սկսվեցին նոր ծրագրի մշակման աշխատանքները։ Այս անգամ նախարարությունը հայտարարեց, որ նախատեսվում է ունենալ 10-ամյա ծրագիր՝ 2016-2025 թվականների համար, որպեսզի երազելու ավելի մեծ հնարավորություններ ունենա։ Նախագծի մշակումն իրականացվեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ։ ԿԳ նախարարի և վարչապետի փոփոխության արդյունքում ծրագրի ընդունումը հետաձգվեց։
Վերջապես այս տարվա մայիսին հայտարարվեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը և ԿԳ նախարարությունը ծրագիրը կբերեն վերջնական տեսքի։ Օրեր առաջ ԿԳ նախարարությունը հրապարակեց ծրագիրը, որը կլինի 13-ամյա և ներառելու է մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանը։ Առաջին անգամ ծրագիրն ունի նաև անուն՝ Կրթություն, որը մեզ պետք է։ Նախագծին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում՝ www.edu.am հասցեով։
Ընդհանուր գծերով ներկայացնեմ իմ դիտարկումները ծրագրի մասին։ Կարևոր է այն հանգամանքը, որ ծրագրում կրթությունը ներկայացվում է՝ որպես մարդու իրավունք, հանրային արժեք։ Կրթության ոլորտում կարևորվում են կարիքից բխող պլանավորումը, սոցիալական երկխոսությունը, գործընկերային համագործակցությունը։ Այս ամենը, իհարկե, լավ է։ Ուրախալի է, որ ծրագրում սահմանվում են ընդունելի նպատակներ և ռազմավարական ուղղություններ։
Սակայն ծրագրում առկա են բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես, ծրագրում ընդհանրապես ներկայացված չէ, թե այսօր ինչ իրավիճակ ունենք կրթության ոլորտում։ Ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ դասեր ենք քաղել նախորդ ծրագրերի ընթացքից։ Սա անհրաժեշտ է, քանի որ կա տրամաբանական մի շղթա, որին ցանկացած ծրագիր պետք է հետևի։
Այդ շղթան հետևյալն է. Նախ՝ պետք է նկարագրես այն իրավիճակը, որն ունես։ Ապա պետք է սահմանես այն իրավիճակը, որն ուզում ես ունենալ։ Երրորդ քայլով պետք է սահմանես այն գործողությունները, որոնք պետք է կատարես ներկա վիճակից ցանկալի վիճակին հասնելու համար։ Այս ծրագրում այդ տրամաբանությունը բացակայում է, ինչը փաստաթուղթը դարձնում է բանաձևային։
Կրթության զարգացման ծրագիրը մեզ պետք է՝ որպես կրթական խնդիրները լուծելու գործիք։ Բայց եթե չես սահմանում քո երկրի կրթական խնդիրները, ապա բանաձևերի առկայությունը ոչնչով չի օգնի։
Ծրագրի ամենամեծ բացթողումն այն է, որ փաստաթուղթը գրված է վերև-ներքև սկզբունքով։ Շատ կարևոր է, որ նմանատիպ ծրագրերը լինեն ներառական, և կրթական գործընթացի յուրաքանչյուր մասնակից (աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս, կառավարիչ) տեսնի իր դերն այդ ծրագրում։ Ծրագիրը պետք է բոլորին մղի գործողությունների։
Մինչդեռ նախագիծը գրված է վերևների տեսանկյունից և խոսում է այն մասին, թե ինչեր պետք է անի նախարարությունը։ Նման դեպքերում մարդիկ կրավորական ձևով սպասում են, թե ինչ են անելու իրենց համար։ Իսկ կրթության ոլորտում կարևոր է ոչ թե միայն այն, թե ինչ են անում վերևները, այլև այն, թե ինչ են անում բոլորը։
Նախագիծը գրված է ինդուստրիալ դարաշրջանի ոճով և ենթադրում է որոշակի գործընթացներ, որոնցում կրթության գլխավոր մարդը՝ սովորողը, չի երևում։ Եթե հաշվի առնենք, որ այս ծրագիրը գրված է մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ապա ակնհայտ է, որ արմատական փոփոխությունների փուլում գտնվող աշխարհում մարդուն անտեսելը ճիշտ չէ։ Աշխարհի շատ երկրներ նմանատիպ ծրագրերի հիմքում դնում են ապագա քաղաքացու մասին իրենց պատկերացումը։ Ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ 2030 թվականին։
Սա պիտի լինի ծրագրի գլխավոր հարցը։
Իսկ ծրագրի մնացած բաժինները պետք է պատասխանեն գլխավոր այդ հարցին՝ հետևյալ շեշտադրումներով.
ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն կրթության կառավարման ոլորտում,
ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն կրթության բովանդակության ոլորտում,
ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն մանկավարժական կրթության ոլորտում,
ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն մանկավարժների և դասախոսների աշխատանքում,
ինչպե՞ս պետք է համակարգվի կրթության և այլ ոլորտների խաղացողների ու կառույցների աշխատանքը, և այլն։
Այսպիսով, ծրագրի կենտրոնում պետք է լինի մարդը, իսկ կրթության համակարգն իր բոլոր կառույցներով ու գործառույթներով պետք է նպաստի մարդու ձևավորմանը։ Ծրագրի վերաբերյալ մասնավոր առաջարկները կներկայացնեմ հաջորդ հոդվածում։