Ինչ գնով է գազ վաճառում Ռուսաստանը
Խորհրդարանական ընդդիմության՝ ԵՏՄ-ից դուրս գալու քաղաքական առաջարկը քննարկումների ընթացքում բավական անակնկալ «տնտեսական» վերլուծության արժանացավ: Խորհրդարանական հանրահայտ դեմքերից մեկը բոլորիս սպառնաց, որ ԵՏՄ-ից հրաժարվելու դեպքում Հայաստանը միայն գազամատակարարման համար տարեկան 360 մլն դոլար կկորցնի: Հայտարարություն, որ իսկապես կսահմռկեցնի պարզ սպառողին: Գազի բորսայական գինը, ի տարբերություն, ասենք, թանկարժեք մետաղների կամ նավթի, գոյություն չունի: Հետևաբար՝ գազ արտահանող երկրները գազի գինն իսկապես քաղաքական ազդեցության խնդիր են դարձնում:
Այսօր ներմուծվող գազի դիմաց Հայաստանը ռուսական «Գազպրոմին» վճարում է 150 դոլար: Մի կողմ թողնենք այն հարցը, որ ներքին սպառողին այն համարյա կրկնակի գնով է մատակարարվում, և դիտարկենք, թե նույն ռուսական «Գազպրոմն» ինչ արժեքով է արտահանում իր գազը եվրոպական երկրներ: Ռուսաստանյան կողմնորոշում ունեցող մեր քաղաքական էլիտան սովորաբար սիրում է ասել, որ ՌԴ-ն՝ որպես մեր աշխարհաքաղաքական բարեկամ, մեզ էներգակիրներ մատակարարում է առանձնահատուկ պայմաններով: Ցավոք, նման հայտարարությունները երբեք հագեցած չեն լինում թվական տվյալներով:
Այն, որ Ռուսաստանը գազի արտահանումը դարձրել է քաղաքական ճնշումների լծակ, անվիճելիորեն հայտնի է բոլորին: Օրինակ՝ ՌԴ հավատարիմ երկիրը՝ Բելառուսը, գազ ստանում է՝ հազար խոր. մետրի դիմաց 129 դոլար վճարելով: Դա «Բատկոյին» հնարավորություն է տալիս իր տնտեսությանն ու բնակչությանն ամենաէժան սակագներով գազ մատակարարել: Ավելին, այս երկրում բնակչության համար ամառային և ձմեռային սակագներ են գործում: Բնակչությանը ձմռանը գազ ավելի ցածր սակագնով է մատակարարվում: Մեր 150-ի դիմաց՝ Բելառուսը վճարում է 129 դոլար: Այս փաստի պարագային ռուսաստանամետ գործիչների համար դժվար է պնդելը, որ «Գազպրոմը» մեզ քաղցր աչքով է նայում: Հատկապես, եթե հայտնի է դառնում, թե ՌԴ-ն, օրինակ, Գերմանիային ինչ գնով է գազ մատակարարում: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան ՌԴ քաղաքական գործընկեր չէ:
Բայց պաշտոնական տվյալներով՝ Գերմանիան վճարում է ճիշտ նույն գնով: ՌԴ «հպատակ» մեր գործիչների համար անհավատալի է, բայց Գերմանիան ռուսական գազի հազար խոր. մետրի համար վճարում է նույն 150 դոլար սակագնով: Այս տարվա փետրվարին ԵՄ երկրներին վաճառվող գազի գնի մասին խոսելիս՝ «ՌԻԱ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում «Գազպրոմի» նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ ԵՄ երկրներին 2017թ. մատակարարվող գազի գինը տատանվելու է 180-190 դոլարի սահմաններում: Հազար խոր. մետրի դիմաց: Բնականաբար:
Հայտնի է նաև, որ Արևելյան Եվրոպայի շատ երկրներ հրաժարվել էին 2017-ին ռուսական այդ ընկերությունից գազ գնել, որովհետև ռուսական կողմը չափազանց բարձր գին է պահանջում մատակարարում իրականացնելու համար: Արևելյան Եվրոպայի այդ երկրները (մասնավորապես՝ Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան և այլն) հրաժարվելով ռուսական գազից՝ գտան հետաքրքիր տարբերակ: Խոսքը, այսպես կոչված, «ռևերսային գազի» մասին է: Բարձր գնի պատճառով ռուսական գազից հրաժարված այդ երկրները գազ գնում են Գերմանիայից:
Պարզ է, որ Ուկրաինայի համար Գերմանիա գնացող խողովակաշարով գազ հետ չի առաքվում: Այսինքն՝ իրականում ոչ մի «ռևերս» էլ չկա: Պարզապես Գերմանիան իրեն անհրաժեշտից ավելի մեծ քանակությամբ գազ գնելու պայմանագիր է կնքում «Գազպրոմի» հետ: Ճանապարհին ռուսական գազատարից Ուկրաինան վերցնում է իր հասանելիքը և Գերմանիային 2017թ. սկզբի տվյալներով՝ վճարում էր հազար խոր. մետրի դիմաց՝ 180 դոլար:
Այդ գումարից ՌԴ փոխանցվում էր 150 դոլարը: Նույն սակագնով, իբր, Գերմանիա մատակարարվող գազը նույն գնով առաքվում էր Լեհաստան, Լիտվա և այլուր: Եվս մեկ հետաքրքիր փաստ` տնտեսական այս մեխանիզմը գործարկելուց հետո գերմանական կողմը, ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցների, արևելաեվրոպական իր գործընկերների համար կարողացավ նվազեցնել սակագինը: Հիմա արևելաեվրոպական այն երկրները, որոնք ռուսական գազը որպես «ռևերս» ստանում են Գերմանիայից, վճարում են 168-170 դոլար: 2016թ. ամփոփելիս՝ ռուսական «Գազպրոմը» ոգևորվել էր:
ԵՄ երկրներ այդ տարի ռեկորդային քանակի գազ էր վաճառվել` 179.3 մլրդ խոր. մետր: Իրականում աշխարհաքաղաքական խնդիրներում վատ կողմնորոշվելու և արևելաեվրոպական երկրների մեծ մասին իրեն ոխերիմ թշնամի դարձրած ՌԴ-ն հնարավորություն էր տվել Գերմանիային՝ դառնալ այդ երկրների յուրօրինակ գործընկեր ու բարեկամ: Բայց սա զուտ քաղաքական խնդիր է, որը մեր քննարկման թեմայից դուրս է:
Դիտարկենք զուտ տնտեսական մեկ ցուցանիշ: Ըստ «Գազպրոմի» նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի, իր ընկերության արտահանած գազի միջին գինը կազմում է 157,4 դոլար: Այսինքն՝ ՌԴ ընկերությունն «ալամ աշխարհին» գազ վաճառում է միջինը 7 դոլար 40 ցենտով ավելի թանկ (հազար խոր. մետրի դիմաց), քան իր «հարազատ» գործընկեր Հայաստանին: Իսկ մեր քաղաքական ծերուկները խոսում են տարեկան կորսվելիք 360 մլն դոլարի մասին: Ծիծաղելի է, եթե ավելի ճիշտ չարտահայտվենք: