Մեղվաբույծները պետությունից երաշխիքներ են պահանջում

Այս տարի Հայաստանում մեղր ավելի քիչ է ստացվել, քան անցած տարի, սակայն առաջին կիսամյակում ավելի շատ է արտահանվել: Ըստ պաշտոնական տվյալների` 2017 թ. առաջին 6 ամսում արտահանվել է 16.1 տոննա մեղր` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6.8 տոննայի փոխարեն: Ընդ որում` մեղր է արտահանվել այնպիսի երկրներ, ուր անցած տարվա առաջին կիսամյակի տվյալներով հայկական մեղրը մուտք չի ունեցել, օրինակ` Բելգիա` 558.7 կգ, Ճապոնիա` 272 կգ, Միացյալ Թագավորություն` 0.3 տ, Սաուդյան Արաբիա` 1 տոննա: Մեղրի արտահանման հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը` 7.7 տոննա:

Սակայն «Մեղվաբույծների ազգային միավորում» հ/կ Թելման Նազարյանը 168.am-ի հետ զրույցում մեղրի արտահանման վիճակը խայտառակ բնորոշեց:

«Անցած տարի 3500 տոննա մեղր ենք ունեցել, իսկ այս տարի ավելի քիչ է, բայց դեռ անցած տարվանը չենք իրացրել, մնացել է նկուղներում: Մեր ժողովուրդը փող չունի, որ շաքարի փոխարեն կարգին մեղր ուտի: Իսկ արտահանումն էլ` ո՞ւր արտահանենք: Պետությունը պետք է օգնի, բայց ոչ մի աջակցություն չկա»,- ասաց Թ.Նազարյանը:

Ըստ նրա` մեղվաբույծները երաշխիքներ չունեն, որ իրենց արտադրանքը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Դեռևս անցած տարի մեղվաբույծները գյուղատնտեսության նախարարի մոտ հավաքվել էին քննարկման, պահանջել, որ այստեղ ստուգեն մեղրն ու երաշխիք տան իրենց, որ եթե Եվրոպայում հանկարծ ստուգեն ու պարզվի հակառակը, այսինքն որ չի համապատասխան պահանջվող չափանիշներին, պաշտոնյաները պատասխան տան և «տարած-ետ բերած» մեղրը չվերադարձնեն մեղվաբույծներին. «Ո՞վ կհամաձայնի, որ իր մեղրը տանի Եվրոպա, չընդունեն, ստիպված ետ բերի»:

Այդ հանդիպումից հետո, Նազարյանի խոսքով, նախարարությունն այլևս որևէ կերպ չի անդրադարձել հայկական մեղրը Եվրոպա արտահանելու խնդրին:

Տեսանյութեր

Լրահոս