Աբխազական ուղու հարցը Վրաստանի և Արևմուտքի համար փակ է. դիտարկվում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները զուգահեռաբար կարևոր հայտարարություններով  հանդես եկան տարածաշրջանային հաղորդակցության ուղիների գործարկման վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուխումում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ չէ, որ բացվի տարանցիկ հաղորդակցություն Աբխազիայով դեպի Հայաստան, և որևէ առարկություն չունի, որ բեռների փոխադրումը Հայաստանի և Աբխազիայի միջև վերականգնվի:  Ավելին, այդ հաղորդակցության վերականգնման համար, Լավրովի խոսքով, կա անհրաժեշտ իրավական հիմք։

Մասնավորապես, խոսքն այն պայմավորվածությունների մասին է, որ ձեռք էին բերվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին։ «Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները շահագրգռված են այս հարցում, այսօր նաև Աբխազիայի նախագահն է ասել, որ չեն առարկում»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Խաջիմբան, իր հերթին, հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռների փոխադրմանը և շահագրգռված է դրանում, քանի որ այդ տարանցիկ փոխադրումները հավելյալ միջոցներ կբերեն աբխազական բյուջե։ Սակայն ոչ Խաջիմբան, ոչ Լավրովը չեն խոսել վրացական կողմի դիրքորոշման մասին, որն այս ծրագրի գլխավոր խոչընդոտն է։ Միևնույն ժամանակ, Վրաստանում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, թե պետք է Պարսից ծոցն ու Սև ծովը կապող միջանցք ստեղծել, ինչպես իր հայաստանյան այցից առաջ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին  էր ասել։ Ուշագրավն այն է, որ Իրանի ԱԳ նախարարն այս նախագծերի գործարկման գրավական է անվանել Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին և Իրանին, մինչդեռ նախկինում այդ ծրագրերում չէր խոսվում Ադրբեջանի մասին։

Իրանագետ Արմեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում տարօրինակ որակեց  այդ պրոյեկտներում Ադրբեջանի մասնակցության մասին  իրանական կողմի հիշատակումը, որովհետև, նրա դիտարկումների համաձայն՝  սկզբնական շրջանում  նախատեսվում էր Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին Պարսից ծոցին կապող այդ տարանցիկ ճանապարհի գործարկման համար։ Բայց Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով նույնպես Իրանը կարող է դուրս գալ Վրաստանի տարածք, ինչը, նրա  կարծիքով, Իրանի համար այլընտրանքային երթուղի  կարող է լինել, թեև ամենակարճը Հայաստանի ուղին է։

«Կարծում եմ՝ նպատակը հենց դա էր՝ ցույց տալ, որ կա նաև այլընտրանքային ճանապարհ՝ Ադրբեջանը, որ Ադրբեջանին չեն մոռացել»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին այս ճանապարհը շատ է հետաքրքրում, քանի որ կնվազեցնի թուրք-ադրբեջանական շրջափակման ազդեցությունը։ Սակայն, նրա խոսքով, այլ հարց է, որ լուրջ քայլեր այս ուղղությամբ չեն ձեռնարկվում։

«Խոսքը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» մայրուղուն։ Մենք գիտենք, որ, քանի տարի է, վարկ են վերցրել Ասիական բանկից, բայց շատ քիչ  հատվածներ են կառուցել։ Սյունիքի և Վայոց Ձորի  մարզերում գտնվող հատվածների շինարարությունը դեռ չեն էլ սկսել։ Սա հաշվի առնելով՝ կարծում եմ՝ Իրանին ձեռնտու չէ Հայաստանի դանդաղկոտությունը, ուստի մտածում է այլընտրանքային ճանապարհների մասին, հատկապես, երբ Ադրբեջանում սկսել են այն ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնցով Իրանը կարող է  կապվել Ռուսաստանի հետ։ Շատ հնարավոր է՝ այդ հայտարարությունն ուղերձ էր, որ  կա այլընտրանքային ճանապարհ»,- ասաց իրանագետը։

Վերլուծաբանը գտնում է, որ հայկական կողմի դանդաղկոտության պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է,  քանի որ ֆինանսական առումով խնդիրները շատ չեն՝ բավականին մեծ գումարներ  ստացել են մի քանի տրանշով, բայց անընդհատ դանդաղ տեմպերով է ընթանում ճանապարհի կառուցումը։ «Այս ամենը նմանվում է գումարների լվացման, քան իրական աշխատանքի,  լուրջ քայլեր չեն ձեռնարկվում»,- ասաց Վարդանյանը՝ շարունակելով, որ  Ռուսաստանի ազդեցությունը չի տեսնում, Ռուսաստանից պաշտոնական մակարդակով  սպառնալիքներ չեն հնչել։

Սա, ըստ նրա, ՀՀ Կառավարության   բարձիթողի աշխատանքի հերթական օրինակն է։ «Իսկապես, օրինակ, Գյումրիի հատվածում 30 կմ-ն մեկ տարում կառուցում էին՝ Աշտարակից մինչև Գյումրի գնացող հատվածը, դանդաղ տեմպերով են աշխատում, հետագայում որոշակի բացահայտումներ արեց նաև ՀՀ ՎՊ-ն «Հյուսիս-Հարավի» կապակցությամբ, գումարներ էին փոշիացվել, մսխվել, հետո փորձեցին  կառուցման տեմպերն արագացնել, բայց կրկին ասում եմ, որ  պետք է շատ շտապ սկսել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի հատվածների  կառուցումը, որպեսզի  իրանական բեռնատարները խնդիրներ չունենան ՀՀ տարածքով  անցնելու համար, իսկ ճանապարհների վիճակը, գիտենք, թե ինչ անմխիթար է, բնականաբար, Իրանը պետք է դիտարկի նաև Ադրբեջանի տարբերակը՝ հաշվի առնելով հայկական կողմի այս պահվածքը»,- ասաց իրանագետը։

Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Գելա Վասաձեն գտնում է, որ տարածաշրջանը մեծ օգուտներ կստանա տվյալ ծրագրից՝ հաշվի առնելով նաև բոլոր կողմերի, այդ թվում՝ Արևմուտքի տրամադրվածությունն այդ հարցում։ Խոսելով Լավրովի աբխազական դիտարկումներից՝ նա   նշեց, որ վրացական, արևմտյան կողմերի դիրքորոշումը միանշանակ  է այս հարցում։ «Վրացական կողմը սրանում քաղաքական խնդիրներ է տեսնում, ավելին, խնդիրներ է տեսնում նաև Արևմուտքը, և ավելին, վստահ եմ, որ Հայաստանում մտածող մարդիկ ևս սրանում խնդիր են տեսնում, ի դեպ, շատ լուրջ խնդիրներ, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում խնդիր է այս տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի համար, և առաջին հերթին՝ Հայաստանի համար, քանի որ  Հայաստանում ավելի մեծ է ռուսական ազդեցությունը։

Հայաստանի համար ավելի հեռանկարային ու ռազմավարական տրանսպորտային հաղորդակցություն է Իրան-Հայաստան-Վրաստան ուղին, այս այլընտրանքն ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ ռազմավարական տեսանկյունից՝ շատ ավելի ձեռնտու է Հայաստանի համար։ Ինչ  վերաբերում է այն օգուտներին, որոնք կարող է Հայաստանը ստանալ Աբխազիայով երկաթուղային ճանապարհից,  ապա այդ օգուտները չափազանց փոքր են այն ռիսկերի համեմատ, որոնք տարածաշրջանը, Հայաստանը կստանա այս ճանապարհի գործարկման հետևանքով։

Այս տարանցիկ ուղին ողջ տարածաշրջանը կներառի ռուսական վերահսկողության տակ, և այնպիսի վերահսկողության, որից հետո ոչ միայն հայերը, այլև վրացիները չեն կարողանա թոթափել այդ վերահսկողությունը, իսկ դրան ոչ մեկը չի համաձայնի։

Աբխազական ուղու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման  մասին խոսելու կարիք չի լինի, քանի որ առանց Վրաստանի համաձայնության՝  սա գործարկելի չէ, առանց Արևմուտքի՝ ևս, իսկ այս կողմերը երբեք դրան համաձայնություն չեն տա, ես բացարձակապես վստահ եմ, որ դա Հայաստանին  ևս ձեռնտու չէ, և ՀՀ իշխանությունները կսկսեն մտածել Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղու մասին»,- նման տեսակետ հայտնեց Գելա Վասաձեն։ Հիշեցնենք, որ  փետրվարին վրացական ընդդիմության անհանգստության առիթ էր դարձել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որը նա արել է Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում:

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք Լարսին այլընտրանք կլինի (սահմանային անցակետ ռուս-վրացական սահմանին, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ուղին), ապա կարող եմ վստահեցնել, որ, այո, կլինի: Մնացածի մասին՝ հետո, փակագծերը դեռ չեմ բացում: Մենք պայմանավորվել ենք ինչպես՝ Լարսի, այնպես էլ՝ էներգետիկ միջանցքի վերաբերյալ»,- հայտարարել էր Կարապետյանը: Ընդդիմադիր կուսակցությունների կարծիքով՝ Հայաստանի վարչապետը կարող էր նկատի ունենալ երկաթուղու աբխազական հատվածը: «Աբխազական երկաթուղու բացումը բոլորովին անթույլատրելի է…»,- հայտարարել էին «Ազգային շարժում» կուսակցության անդամները:

Սակայն Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն, ի պատասխան ընդդիմության մեղադրանքների՝ հայտարարել էր, որ հայկական պատվիրակության այցի ժամանակ Աբխազիայի տարածքով երկաթուղու մասին չի խոսվել, ավելին՝ Վրաստանի կառավարությունն այդ հարցը նույնիսկ չի քննարկում:  Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նույնպես կտրականապես հերքել էր Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման քննարկումը:

«Այդ հարցն ուղղակիորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի հետ, և այն կարելի է դիտարկել միայն այդ համատեքստում»,- հայտարարել էր Աբաշիձեն:

Տեսանյութեր

Լրահոս