«Ապրիլի 2-ը դիագնոզը տվեց». Քաղտեխնոլոգը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին
«Երևանի ավագանու ընտրությունները տեսականորեն շատ կարևոր են, բայց եթե քաղաքական նշանակությամբ դիտարկենք, կտեսնենք, որ մի քիչ այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին մի շատ կարևոր հանգամանք. «Իհարկե, մենք գիտեինք, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը տարբեր չափերի դեր է կատարում, բայց ապրիլի 2-ը ցույց տվեց, որ ընտակաշառքը ոչ միայն մարզերում, այլև Երևանում դարձավ որոշիչ:
Նման իրավիճակում գնալ, մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ դառնում է լրիվ անիմաստ, առավել ևս, որ ՀՀԿ-ն այդ մասնակից երկու ուժերին տեղեր տալու է, ուղղակի ընտրությունների միջոցով այլևս հնարավոր չէ իշխանություն փոխել: Ստացվում է՝ դու պետք է մասնակցես մի միջոցառմանը, գումարներ ներդնես այդ միջոցառման մեջ և ստանաս այն, ինչը դու, այսպես թե այնպես, ստանալու ես:
Հիմա, «Ելքը» կամ «Երկիր Ծիրանին» ինչքան էլ լավ կամ վատ քարոզարշավ անեն, դա այլևս նշանակություն չունի, որովհետև իրենք տեղեր ստանալու են, որովհետև, ինչքան գիտեմ, Երևանի ավագանու լեգիտիմ լինելու համար պետք է առնվազն երեք կուսակցություն ներկայացված լինեն, այսինքն՝ բնականաբար, ՀՀԿ-ն իրեն 65 տեղ չի վերցնելու, քանի որ լեգիտիմության խնդիր կա»: Ա. Բադալյանի դիտարկմամբ՝ 35-40 տեղ կվերցնեն ՀՀԿ-ականները, մնացած 20-ը կբաժանեն «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» միջև.
«Եթե ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն խնդիր ուներ մեծամասնություն կազմելու, այստեղ ընդամենը ընտրակաշառք տալու են (որը, ի դեպ, արդեն քչանալու՝ 5000 դրամ է դառնալու)՝ զուտ մասնակցության խնդիր լուծելու և ցույց տալու Արևմուտքին, որ մրցակցություն կա: Դրա համար նրանք այս անգամ ընտրակաշառք են տալու, ասելու են՝ գնա, ում ուզում ես՝ քվեարկի, մեկ է, իրենք մեծամասնություն են, որովհետև դա միանշանակ է, ապրիլի 2-ը դիագնոզը տվեց»: