Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալի
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կասկածյալներից մեկը բաց է թողնվել գրավի դիմաց` պայմանով, որ նա մարտի վերջին կմասնակցի հետաքննությանը: Մյուս կասկածյալից մեղադրանքները հանվել են: Եվս երկու կասկածյալներ շարունակում են կալանքի տակ մնալ:
Ներկայում հետաքննությունը փորձում է հասկանալ` արդյոք ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է միայնակ, թե ունեցել է հանցակիցներ: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին եղել է 52-ամյա ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամուրջի մոտ վրաերթի է ենթարկել անցորդներին ու երեք ոստիկանի:
Վարորդը թողել է մեքենան բրիտանական պառլամենտի մոտ, այնուհետև դանակով հարձակվել ոստիկանի վրա` փորձելով մտնել Համայնքների պալատ: Իրավապահները կրակել ու չեզոքացրել են հարձակվողին:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, շուրջ 50-ը տուժել են: Նրանց շարքում 12 ազգությունների ներկայացուցիչներ կան: