«Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս». Թուրք վերլուծաբան

«ՀՀ իշխանություններն Արևմուտքի հետ համաձայնեցված հայտարարություններով են հանդես գալիս»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծմանն ու հայկական կողմի վերջին օրերի քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տված համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք քննարկել են Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծման հարցը: Նրա խոսքերով` Ռուսաստանի և Թուրքիայի Համագործակցության խորհրդի նիստում բարձր մակարդակով քննարկվել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է բանակցությունների սկսում մոտակա ժամանակներում, Մոսկվայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում լարվածության կծիկի հարցը նաև շատ կարևոր հարց է: Ես մտածում եմ, որ ամենամոտ ժամանակում հարկավոր է այդ հարցով բանակցություններ սկսել: Ես մտածում եմ, որ Ռուսաստանն այդտեղ կարող է խաղալ իր կարևոր դերը»,- ասել է Էրդողանը:

Չենգիզ Աքթարն ասաց, որ նման ձևաչափ սկսելու մասին խոսակցություններն ակտիվանում են միշտ, երբ Ադրբեջանը ցանկանում է ճնշումներ բանեցնել հայկական կողմի նկատմամբ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում զիջումներ կորզելու նպատակով։ Ըստ նրա՝ դեռ վստահորեն պնդել, թե նման եռյակ է ձևավորվելու, հնարավոր չէ, քանի որ դա, ըստ էության, մեկ կողմի ցանկություն է՝ հաշվի առնելով ջերմացած ռուս-թուրքական ակտիվ հարաբերությունները։

«Ես բազմիցս եմ ասել, որ Թուրքիան սա անում է Ադրբեջանից իր կախվածության պատճառով։ Այսօր Թուրքիային նման ձևաչափերի է մղում նաև Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրոպական Միությունը, որի հետ Թուրքիայի հարաբերություններն օր օրի վատթարանում են, այդ թվում՝ Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների պատճառով, քանի որ եվրոպացի պաշտոնյաները Թուրքիային կոչ են անում հարգել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, չսրել հարաբերությունները Եվրոպական Միության մի շարք անդամ երկրների հետ՝ հրահրող հայտարարությունների միջոցով, ինչպես նաև ԱՄՆ-ը, որը քրդական պետության ձևավորման աշխատանքներ է նախաձեռնել։ Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, որ ունի այլընտրանք։

Սակայն ակնհայտ է, որ այս ձևաչափն այդքան էլ չի շահագրգռում Մոսկվային, որը վերջին օրերին լուռ է այս նոր ձևաչափի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Պուտին-Էրդողան հանդիպմանն այդ ձևաչափի մասին պարզապես ավանդական զրույցներ են ընթացել»,- ասաց Չենգիզ Աքթարը։

Վերջինիս գնահատմամբ՝ այս օրերին բավականին հետաքրքրական հայտարարություններ են հնչում հայկական կողմից, որոնք ուղղված են այս նախաձեռնության հնարավոր վտանգների չեզոքացմանը և այլ խնդիրների լուծմանը։

«ՀՀ իշխանությունները՝ նախարարների, նախագահի մակարդակով, խոսում են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ ընդունելով նույնիսկ այն փաստը, որ Թուրքիան չի վավերացնում հայ-թուրքական արձանագրությունները։

ՀՀ իշխանությունները Թուրքիային հարաբերություններ վերականգնելու բացեիբաց կոչեր են անում, բնականաբար, առանց նախապայմանների։ Տպավորություն է ստեղծվում, որ սա Արևմուտքի հետ համաձայնեցված մոտեցում է, որով Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս մի կայունացնող քայլ իրականացնել և փոխել սեփական իմիջը տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ այսօր կողմերը դրան պատրաստ չեն, բայց սա դրական ազդակ կդառնա հայ-թուրքական հարաբերությունների համար՝ հաշվի առնելով կողմերի անզիջում դիրքորոշումն ու առաջադրած նախապայմանները։

Վստահ չեմ, որ Թուրքիայի իշխանություններն այս հայտարարություններին դրականորեն կարձագանքեն, բայց կարծում եմ՝ սրանք հաշվի կառնվեն հետագայի համար։ Համաձայն եմ, որ Թուրքիան բացառապես իր ազգային շահերով պետք է առաջնորդվի՝ վերացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության նախապայմանը։

Այնուամենայնիվ, ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիա-Արևմուտք լարվածության ֆոնին Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս, որից, ամենայն հավանականությամբ, թուրք իշխանությունները չեն օգտվի»,- ասաց Աքթարը։

Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է.

«Վստահ ենք, որ Թուրքիան չի վավերացնելու այդ փաստաթղթերը, որովհետև արդեն տևական ժամանակ է, որ հայտնի է՝ թուրքերը շատ հստակ և բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը. նրանք այսօր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով: Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»:

Տեսանյութեր

Լրահոս