«Մեր կորուստները նվազագույն էին»
Զրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Պարոն գնդապետ, շուտով կլրանա ապրիլյան պատերազմի մեկ տարին, և մենք մեկ անգամ ևս առիթ կունենանք վերլուծելու քառօրյա կռվի դասերը, հասկանալու մեր առավելություններն ու թերությունները, գնահատելու սեփական ուժերը: Անդրադառնանք ռազմաբժշկական ծառայության գործունեությանը. հակառակորդի անակնկալ հարձակմանը ինչպե՞ս դիմակայեց բանակի բուժանձնակազմը:
-Իմ ղեկավարած կառույցի առաջնահերթ խնդիրը ծառայության մարտունակության բարձրացումն է, որպեսզի կարողանանք զորքերի բժշկական ապահովումը կազմակերպել և՛ պատերազմական, և՛ խաղաղ իրավիճակում: Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվել այս նպատակին միտված բոլոր միջոցառումները, սակայն պիտի ասեմ, որ հակառակորդի հարձակումը գոնե ռազմաբժշկական ծառայության համար չի կարելի անակնկալ անվանել. մենք ամեն վայրկյան պատրաստ ենք դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի: Հակառակորդի հարձակման առաջին իսկ րոպեներից բուժծառայության ստորաբաժանումներն սկսել են ներդաշնակ ու համակարգված աշխատանք ծավալել: Զինվորական բժիշկները գործել են մեծ օպերատիվությամբ և շատ արդյունավետ:
-Վիրավորների տարհանման ի՞նչ ձևաչափ օգտագործվեց քառօրյա պատերազմի ժամանակ: Ես զրուցել եմ պատերազմին մասնակցած բազմաթիվ զինվորների, սպաների ու բժիշկների հետ, ըստ նրանց պատմածի` երբեմն ռեանիմոբիլներն են հասել դեպքի վայր և հենց մարտական գործողությունների վայրից տարհանել վիրավորներին, երբեմն զինակից ընկերներն ու զորամասի բժիշկներն են վիրավորներին դուրս բերել մարտադաշտից…
-Ճիշտ եք, մենք օգտագործել ենք հիբրիդ մոտեցման ձևաչափը, ինչը հնարավորություն է տվել չկորցնելու թանկ վայրկյաններն ու փրկելու բազմաթիվ վիրավորների կյանքը: Կրակի գծից տարհանված վիրավորներին ընդառաջ են եկել բարձր անցողականությամբ ռեանիմոբիլները, ու վիրավորվելուց բառացիորեն րոպեներ անց կատարվել է ինտուբացում` միացվել են արհեստական շնչառության ապարատներ, պահպանվել է վիրավորի կյանքը մինչև որակավորված բժշկական օգնություն ցուցաբերելը:
-Խոսքը ոսկե մեկ ժամի մասի՞ն է:
-Այո՛, խոսքը ոսկե մեկ ժամի մասին է, և մենք կարողացանք նվազագույնի հասցնել սանիտարական կորուստները` կանխել մահացությունը: Մեր բժիշկների արդյունավետ աշխատանքի շնորհիվ էր, որ ընդամենը ինը ծայրահեղ ծանր վիրավոր ունեինք: Մյուսների վիճակը կարողացանք շատ արագ կայունացնել, որովհետև մինչև հոսպիտալ հասցնելը նրանց բարձրորակ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Հոսպիտալներ հասած գրեթե բոլոր վիրավորներն ապրեցին, բացառությամբ երկուսի, որոնց ստացած վիրավորումները բացարձակ անհամատեղելի էին կյանքի հետ:
-Հայկական կողմի ընդհանուր սանիտարական կորուստները կազմել են 3-4 տոկոս: Սա շատ փոքր թիվ է կրակի նման ինտենսիվության պայմաններում: Եթե վիրավորների թիվը ավելի մեծ լիներ, ինչը չէր բացառվում, բանակի բժշկական ծառայությունը կարո՞ղ էր նույն արդյունավետությամբ աշխատել, ունե՞նք համապատասխան մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:
-Կարող էինք, սակայն փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ավելացնել ռեանիմոբիլների քանակը: Ուզում եմ ավելացնել, որ վիրավորների նման փոքր թիվը խոսում է մեր զինվորների եւ սպաների բարձր արհեստավարժության ու մարտունակության մասին:
-Ադրբեջանական կողմը խոստովանեց, որ իր՝ պատերազմին մասնակցած անձնակազմի 45 տոկոսը վիրավորվել է: Մեր կողմից՝ 4 տոկոս, հակառակորդի կողմից` 45…
-Այո՛, այս տարբերությունը հենց մեր ու ադրբեջանական բանակի արհեստավարժության ու մարտունակության տարբերության հավաստի պատկերն է:
-Ինչո՞ւ պատերազմի ժամանակ չօգտագործեցիք «ԻՄԵԴՍ» ամերիկյան դաշտային հոսպիտալը: Որևէ ուղղությամբ, որևէ գործողության մեջ նրա անունը չշոշափվեց:
-Որովհետև «ԻՄԵԴՍ» դաշտային հոսպիտալը պատերազմի ժամանակ Գերմանիայում զորավարժության էր մասնակցում: Ես կարող էի հետ կանչել հոսպիտալը, բայց հասկացա, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ի դեպ, Ամերիկայի եվրոպական հրամանատարությունը շատ գոհ էր մեր բժիշկներից և այդ մասին գրել էր իր համապատասխան զեկույցում: Մեր բժիշկները Գերմանիայում բարձր պահեցին հայկական բանակի անունն ու պատիվը:
-Այն, որ հոսպիտալ հասած զինվորներից միայն երկուսն են մահացել, խոսում է մեր բժիշկների հերոսական աշխատանքի մասին: Իսկ ի՞նչ վիճակում են ապրողները: Եթե նրանք լինեին եվրոպական զարգացած երկրներում, բժիշկները չէի՞ն կարողանա պահպանել այն ձեռքը կամ ոտքը, որը անդամահատվել է մեզ մոտ: Արդյոք նրանց կյանքի որակն ավելի բարձր չէ՞ր լինի:
-Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացածներից միայն չորսի վերջույթն ենք անդամահատել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրանց վերջույթները չէին կարողանա փրկել աշխարհի ոչ մի երկրում: Մեր բժիշկները ամենեւին չեն զիջում ամենազարգացած երկրների բժիշկներին իրենց արհեստավարժությամբ, իսկ սրտացավության մասին նույնիսկ չեմ ուզում խոսել: Նրանք պայքարել են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին:
Մեր բժիշկները հրաշքներ են գործել: Մարտական գործողության վայրից ընդամենը 10 կմ հեռավորության վրա մագիստրալ անոթների պլաստիկ վիրահատություն, սրտի վիրահատություն են արել, քներակ են կարել…
Նրանք օպերատիվորեն, առանց լրացուցիչ հետազոտությունների կայացրել են այնպիսի ճշգրիտ որոշումներ, որ հետհայաց վերլուծելիս ապշում ես: Քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներն ու սպաներն ստացել են ամենաբարձրորակ բուժօգնություն:
-Վիրավորներ կային նաև զինվորական բժիշկների մեջ:
-Այո՛, վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելիս զինվորական բժիշկներ էլ վիրավորվեցին: Ու փառք Աստծու՝ զոհեր չունեցանք բժիշկների շրջանում:
-Ինչո՞ւ էին մարդիկ դեղորայք ուղարկում առաջնագիծ, բանակում դեղորայքը չէ՞ր բավականացնում:
-Մենք ունեինք այնքան դեղորայք, որքան անհրաժեշտ էր: Բայց մարդիկ ցանկանում էին ինչ-որ բանով օգնել երկրի սահմանները պաշտպանող զինվորներին: Մենք շնորհակալ ենք, որ ժողովուրդը մեր կողքին էր:
-Ամիսներ առաջ քաղաքացիական հիվանդանոցները լի էին հիվանդներով: H3N վիրուսը շատ ծանր ախտանիշներով էր արտահայտվում: Ի՞նչ վիճակ էր բանակում այդ օրերին:
-Բանակը զերծ մնաց վիրուսից, որովհետև մենք առաջին անգամ հակագրիպային պատվաստում արեցինք: Այս պահին գրիպով հիվանդ զինվորների թիվը մոտ 5 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Չունենք թոքաբորբով հիվանդացության ծանր դեպքեր:
-Տարվա սկզբին հիվանդության հետևանքով զինվորի մահվան դեպք արձանագրվեց: Վազքից հետո նորակոչիկ զինվորը վատ է զգացել ու րոպեներ անց մահացել է, ինչպես հետո պարզվեց՝ սրտամկանի ինֆարկտից: Նա գանգատներ չի՞ ունեցել ծառայության ժամանակ, գուցե նրան չէր կարելի վազել:
-Զինվորը ծառայության ընթացքում ոչ մի գանգատ չի ունեցել: Զորակոչվելիս զինկոմիսարիատում նախնական հետազոտության ժամանակ, հաշվի առնելով զինակոչիկի գանգատները, կատարվել են լրացուցիչ հետազոտություններ մասնագիտացված բժշկական հիմնարկում, որտեղ սրտի ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել:
-Անցյալ տարի նույնպես սրտամկանի ինֆարկտից զինվորի մահվան դեպք արձանագրվեց: Ինչպե՞ս կարող է միանգամայն առողջ սիրտը հանկարծ կանգ առնել:
-Նախազորակոչային շրջանում կատարվող հետազոտությունները վերահաս ինֆարկտը չեն կարող «նկատել»: Անոթների վիճակը միայն զոնդավորումը կարող է պարզել:
-Անհնա՞ր է 18 տարեկան բոլոր տղաներին զոնդավորել:
-Նպատակահարմար չէ, քանի որ կորոնարոգրաֆիան ունի իր ցուցումները և զերծ չէ հնարավոր բարդություններից: Այն որպես համատարած հետազոտություն ցուցված չէ զորակոչային տարիքի անձանց:
– Զինվորներին հարմարավետ ճտքակոշիկներով ապահովելն էլ հո անհնա՞ր չէ: Վերջերս մենք զինվորական կոշիկներ ստացանք: Նույնիսկ կանացի կոշիկներն են անհարմար, կոպիտ են, մինչդեռ զինվորականի կոշիկը, համազգեստը պետք է շատ հարմարավետ լինի, առավել ևս` զինվորինը. նրանք առավոտից իրիկուն այդ համազգեստով ե՛ւ վազում են, ե՛ւ տարբեր վարժություններ են կատարում…
-Խնդիրը պաշտպանության նախարարի անմիջական հսկողության ներքո է: Զինվորների ու սպաների համազգեստի որակը կատարելագործելու ու բարելավելու կարիք իհարկե կա: Պետք է գտնել ամենաարդյունավետ տարբերակը, որ համազգեստը լինի ե՛ւ հարմարավետ, ե՛ւ դիմացկուն, որպեսզի չվնասի զինվորի առողջությանը:
– Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք՝ մեր հոսպիտալները իրենց ցուցաբերած բուժօգնության որակական ցուցանիշներով կարող են մրցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական, այլև արտասահմանյան զարգացած երկրների բուժհիմնարկների հետ: Բայց, տեսեք, արտասահմանյան երկրներում նախագահներն ու վարչապետները, երկրի բարձրաստիճան այրերը իրենց հոսպիտալներում են բուժվում… Իսկ մեզ մո՞տ: Ինձ չի թվում, թե որևէ նախարար կամ պատգամավոր կգա հոսպիտալում բուժվելու:
-Պատճառը հոսպիտալի շենքային պայմաններն են, ոչ թե՝ բուժծառայության որակը: Պիտի ուրախությամբ նշեմ, որ արդեն ձեռք են բերվել առաջին պայմանավորվածությունները, և մենք նորակառույց հոսպիտալ ենք ունենալու: Վստահ եմ, որ մեր բարձրաստիճան այրերը նույնպես հոսպիտալի բժիշկներին կվստահեն իրենց կյանքն ու առողջությունը:
-Նոր հոսպիտալի կառուցումը, ինչ խոսք, շատ բան կփոխի, բայց մի ցավոտ խնդիր էլ կա: Պիտի կարողանանք կանխել բարձրակարգ բժիշկների արտահոսքը բանակից: Զինվորական բժշկի մեկ ամսվա աշխատավարձը քաղաքացիական բուժհիմնարկի նույն մակարդակի բժիշկը ստանում է մեկ վիրահատություն կատարելով:
-Նվիրյալները կմնան բանակում: Այդուհանդերձ, մենք զինվորական բժշկի մասնագիտությունը գայթակղիչ դարձնելու ինչ-որ քայլեր ձեռնարկել ենք: Հոսպիտալները վերանվանվել են` կոչվելով բժշկական հիմնարկներ, դրանք կլիցենզավորվեն և հնարավորություն կունենան ամբողջ ծավալով ծառայություններ մատուցելու նաև քաղաքացիական բնակչությանը:
-Գները մատչելի կլինե՞ն:
-Մեր հայրենակիցները զինվորական բժիշկների ծառայությունների դիմաց կվճարեն ավելի պակաս, քան վճարում են քաղաքացիական կլինիկաներում, որպեսզի մեր ծառայությունները մատչելի լինեն ավելի շատ մարդկանց…
– Կան լավ ու վատ, պահանջված ու չպահանջված բժիշկներ, և հիվանդն է ընտրում, թե որ բժշկի մոտ բուժվի: Ուստի, մեկը կարող է ունենալ 20, մյուսը՝ 2 հիվանդ: Մի՞թե նրանք նույն աշխատավարձն են ստանալու, նույն տոկոսները՝ հիվանդների վճարած գումարներից:
-Ո՛չ, մենք այդ հանգամանքը հաշվի ենք առել: Ներդրվելու է վճարային բոնուսային համակարգ, ինչը նաև բժիշկներին կմղի մրցակցության. նրանք ավելի լավ կաշխատեն, ավելի սրտացավ կլինեն, կմտածեն իրենց մասնագիտական ունակությունները կատարելագործելու մասին, որ լավ վարձատրվեն:
– Մի խնդրի մասին էլ խոսենք ու ավարտենք մեր զրույցը: Ինչո՞ւ են ծնողները ուտելիք բերում հոսպիտալներում բուժվող իրենց զավակներին: Ես վստահ եմ, որ մեր բանակը շատ լավ է կերակրում իր զինվորներին թե՛ հոսպիտալներում, թե՛ զորամասում: Խնդիրն այն է, որ բոլոր զինվորների ծնողները չէ, որ կարող են ուտելիք բերել հոսպիտալում բուժվող իրենց զավակներին. մեկը գումար չունի, մյուսը հեռու է ապրում: Սա ստեղծում է սոցիալական անհավասարություն, ինչը պետք է բացառել բանակում, էլ չեմ ասում, որ դրսից բերված ուտելիքը ստուգված չէ, եւ կարող է զանազան վարակների աղբյուր դառնալ:
-Համաձայն եմ: Պարզապես հայ ծնողը չի ուզում դատարկաձեռն այցելության գալ իր հիվանդ զավակին: Մենք ընդառաջ ենք գնացել ծնողների ցանկությանը:
– Շնորհակալ եմ բովանդակալից ու օգտակար զրույցի համար:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայ զինվոր»