Համացանցում հայտնվել է Կիմ Չեն Նամի որդու տեսագրությունը. Channel NewsAsia
Համացանցում հայտնվել է 40-վայրկենանոց տեսագրություն, որտեղ երիտասարդն իրեն անվանում է Կիմ Հան Սոլ՝ Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի որդին: Ինչպես հայտնել է Channel NewsAsia հեռուստաալիքը, տեսահոլովակը հայտնվել է այն ինտերնետ-հանրակցության էջում, որը «պաշտպանում Է Կիմերի ընտանիքին»:
Երիտասարդը լավ անգլերենով պատմում է, որ «ինքը Հյուսիսային Կորեայից է՝ Կիմերի ընտանքից»: Որպես ապացույց նա ցույց է տալիս անձնագիրը, սակայն փաստաթղթի մանրամասները փակ են սեւ քառակուսով: «Հայրս սպանվեց մի քանի օր առաջ: Ներկայում ես գտնվում եմ մորս եւ քրոջս հետ»,- հայտնել է նա: Այս ինտերնետ-հանրակցությունն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ, որ Կիմ Չեն Նամի մահվանից անմիջապես հետո նրա ընտանիքի երեք անդամները «տեղափոխվել են անվտանգ վայր»:
Բացի դրանից, շնորհակալություն է հայտնվել մի շարք պետությունների, այդ թվում՝ Չինաստանին, Նիդեռլանդներին եւ ԱՄՆ-ին, զոհված Կիմ Չեն Նամի ընտանիքի անվտանգության ապահովման գործում ցույց տրված օգնության համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: