Սոցցանցերում շփումը մեկուսացման է տանում իրական կյանքում. գիտնականներ
Գիտնականները հաստատել են տարածված այն պատկերացումը, որ որքան շատ են մարդիկ օգտագործում սոցիալական ցանցերը և ավելի ակտիվորեն են շփվում դրանցում, այնքան ավելի շատ են նրանք իրենց սոցիալապես մեկուսացված զգում իրական կյանքում: Ադ մասին ասվում է American Journal of Preventive Medicine հանդեսում հրապարակված հոդվածում:
«Դա շատ կարևոր խնդիր է, քանի որ երիտասարդության շրջանում սոցիալական մեկուսացման մակարդակներն այսօր հասել են համաճարակի մակարդակի: Մարդն իր բնույթով սոցիալական էակ է, սակայն այսօրվա կյանքը մեզ հարկադրում է հեռանալ միմյանցից: Սոցիալական ցանցերը կարող են համադարման թվալ այդ խնդրի լուծման համար, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ»,- հայտարարել է ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի աշխատակից Բրայեն Փրայմեքը:
Վերջին տարիներին աշխարհի առանձին երկրներում մեծ տարածում է ստանում «ֆեյսբուք-կախվածության» գաղափարը՝ ինտերնետի սոցիալական ցանցերում շփման նկատմամբ անզուսպ հակումը՝ ի վնաս կյանքի մյուս ասպեկտների: Որպես ուսանողների և աշխատողների վրա սոցցանցերի կործանարար ազդեցության ապացույցներ այս գաղափարի կողմնակիցները բերում են այն բանի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է վիրտուալ շփումը նվազեցրել ուսման առաջադիմությունը կամ շփվել սիրողների արդյունավետությունը:
Փրայմեքը և նրա գործընկերները մարդու կյանքի վրա սոցիալական ցանցերի հնարավոր բացասական ազդեցության ևս մեկ օրինակ են գտել՝ վերջին երեք տարվա ընթացքում հետևելով 19-ից մինչև 32 տարեկան մոտավորապես 2 հազար երիտասարդ ամերիկացիների ցանցային և իրական կյանքին: Այդ դիտարկումների շրջանակներում գիտնականները հետևում էին, թե որքան հաճախ էին իրենց կամավոր օգնականները մտնում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Facebook, Youtube, Twitter, Instagram և Tumblr: Բացի այդ, գիտնականները զուգահեռաբար նրանց շրջանում հարցում էին անցկացնում նրանց սոցիալական և անձնական կյանքի որակի վերաբերյալ:
Այս դիտարկումները բացահայտել են այն պարզորոշ թրենդը, որ մարդիկ, որոնք օրական երկու ժամից ավելի էին անցկացնում սոցցանցերում և շատ ընկերներ ունեին դրանցում, միջին հաշվով կրկնակի ավելի հաճախ էին գանգատվում սոցիալական մեկուսացումից, քան գիտափորձի մյուս մասնակիցները: Այս օրինաչափությունը պահպանվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ գիտնականները հաշվի էին առնում մասնակիցների միջև կրթության, եկամուտների մակարդակի և սոցիո-տնտեսական բնութագրերի տարբերությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: