Ուր կտանեն Նալբանդյան-Մամեդյարով մյունխենյան բանակցությունները

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում բավականին երկար դադարից և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության ֆոնին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ փետրվարի 16-ին կայացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Քննարկումների արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը։

Մինսկի խումբը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես` տեղանքում, այնպես էլ` հրապարակային հայտարարություններում, և բնակչությանը նախապատրաստել խաղաղության, և ոչ թե` պատերազմի։ Նաև կոչ են արել խստորեն հետևել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրին, որոնք հիմք են հանդիսանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Համանախագահները շեշտել են, որ նախարարները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և վերսկսեն համապարփակ բանակցությունները` որքան հնարավոր է շուտ կայուն կարգավորման հասնելու նպատակով։ Համանախագահներն ադրբեջանցի զոհված զինծառայողի դին վերադարձնելու ՀՀ իշխանությունների որոշումը որակել են` որպես մարդասիրական օգտակար քայլ։ Նշվում է, որ երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց միջազգային հումանիտար պարտականությունները կատարելու հանձնառությունը։

Համանախագահներն անդրադարձել են փետրվարի 20-ին ԼՂ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեին։

«Համանախագահները տեղյակ են ԼՂ-ում 2017թ. փետրվարի 20-ին տեղի ունենալիք, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի մասին։ Համանախագահները հաշվի են առնում, որ ԼՂ-ի դե ֆակտո նման ընթացակարգը դիտում են` որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, բայց կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում` Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչել անկախ և ինքնիշխան երկիր։ Հետևապես, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքների ազդեցությունը ԼՂ-ի վերջնական կարգավիճակի վրա։ Համանախագահները նաև շեշտում են, որ հանրաքվեի ելքը որևէ կերպ չի կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների ելքը, որոնց նպատակն է` ԼՂ հակամարտության համար գտնել տևական և խաղաղ լուծում»։

Մեզ հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը երեք ուղղություն մատնանշեց համանախագահների հայտարարության մեջ։ Նախ հիշեցրեց նրանց հունվարի 9-ի հաղորդագրությունը, որում հայկական կողմին կոչ էին արել Ադրբեջանին վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի դին։ Գրիգորյանն ասաց, որ իրեն մտահոգել էր համանախագահների այդ ձևակերպումը, քանի որ Հայաստանը երբևէ նման հումանիտար բնույթի խնդիրներ չէր առաջացրել և, առավել ևս, նման գնահատականների չէր արժանացել։ «Դրական եմ համարում, որ այս հայտարարությամբ նրանք դրականորեն շեշտեցին հայկական կողմի` դին վերադարձնելու քայլը»,- նկատեց փորձագետը։

Երկրորդ ուղղությունը, ըստ նրա` վերաբերում է Ղարաբաղում սպասվող սահմանադրական հանրաքվեին։

«Նախկինում ևս շեշտը դրվում էր, որ Ղարաբաղում ընտրությունները, հանրաքվեները չեն կանխորոշում Ղարաբաղի կարգավիճակը, այստեղ նոր բան չեմ տեսնում։ Նորն այն էր, որ նրանք նշեցին, թե Հայաստանը ևս չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, որը կարող էին չնշել։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին շեշտվում է, քանի որ Ղարաբաղն իր միակողմանի քայլն է իրականացնում, չի համաձայնեցնում դա ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ կողմի հետ, ու քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է, կան Մադրիդյան սկզբունքներ, որոնք նախատեսում են քայլեր կարգավիճակի ուղղությամբ, ոչ թե միակողմանի։ Նրանք ասում են, որ այս հանրաքվեն, որ Դուք կազմակերպում եք, կապ չունի լուծման տարբերակների հետ»,- ասաց Գրիգորյանը։

Երրորդ դիտարկումը, Գրիգորյանի խոսքով, այն է, որ համանախագահները բավականին արագ արձագանքեցին այն փաստին, որ Ղարաբաղում հանրաքվե պետք է անցկացվի։ «Բայց ադրբեջանցիներն ինչ-որ վերանորոգման աշխատանքներ են ծրագրում իրականացնել այն վայրերում, որոնք շփման գծին մոտ են, և դա ներկայացնում են` որպես գյուղերի ազատագրում։ Դա անմիջականորեն կապված է ԼՂ հակամարտության հետ, անմիջականորեն գտնվում է շփման գծում։ Ինձ զարմացրեց, որ այդ հանգամանքը տեղ չգտավ փաստաթղթում»,- ասաց Ս. Գրիգորյանը։

Նա չի կարծում, որ հանդիպումն ինչ-որ բան կփոխի և հակամարտության գոտում, և խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը մասնակցելով թե նախագահական, թե նախարարական հանդիպումների` այլ նպատակներ է հետապնդում։

«Ադրբեջանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց վերջին 3-4 տարիների ընթացքում։ Իրենք ներկայումս հանդիպում են վերջնագրեր ներկայացնելու համար։ Նրանք չեն հանդիպում, որպեսզի քննարկեն` ինչպես վերսկսել բանակցությունները, ինչպես լուծում գտնել ստեղծված իրավիճակից, իրենք հանդիպում են` ասելու, որ կշարունակեն այս քաղաքականությունը, կճնշեն հայկական կողմին բոլոր դաշտերում` դիվանագիտական, ռազմական, քաղաքական, մինչև չհանձնեն տարածքներ։ Սա է պատճառը, որ դրական սպասելիքներ չունեմ նման հանդիպումներից։ Ավելին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դեսպանների հայտարարության մեջ նշված է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն իրականացվում, կոչ են անում, որ պետությունները սկսեն պայմանավորվածությունների կատարումը, բայց իմաստ չունի հայկական կողմին նման կոչեր ուղղել, քանի որ հայկական կողմը համաձայն է դրանց։ Նախադրյալներ չեմ տեսնում, որ Ադրբեջանի քաղաքականությունը կմեղմանա այսուհետ»,- ասաց Գրիգորյանը։

Փորձագետի խոսքով` Մոսկվա-Բաքու հարթությունում սառնություն բացարձակապես չկա, ինչպես պնդում են մի շարք այլ վերլուծաբաններ` դատելով Լավրովի, Մամեդյարովի և Ալիևի վերջին հայտարարություններից։ Ըստ նրա` կա պրագմատիկ մոտեցում։ «Ադրբեջանցիներն իրենց դժգոհությունը հայտնեցին Ռուսաստանին տարբեր հայտարարություններով, իսկ ՌԴ ԱԳ նախարարությունը Ղարաբաղում հանրաքվեի կոնտեքստում ասաց, որ չի ճանաչում ԼՂ անկախությունը, և այլն, մինչդեռ իրենք կարող էին միայն ասել, որ չեն ճանաչում այդ հանրաքվեի արդյունքները, անպայման չէր ասել, որ նրանք չեն ճանաչում ԼՂ անկախությունը։ Ադրբեջանին չգոհացրեցին որոշ մեկնաբանություններ, նրանք ուղերձ հղեցին, որ դա իրենց դուր չի գալիս, Ռուսաստանը վերջին հայտարարությամբ դրական մեսիջ ուղարկեց Ադրբեջանին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, թե համանախագահների հաղորդագրությունը որևէ նոր երանգ չի պարունակում։ Նա լուրջ արդյունքներ չի ակնկալում այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով կազմակերպվող հանդիպումներից, քանի դեռ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների, և գերակա է ռազմատենչ հռետորաբանությունը։

Նա նշեց, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը երկարաձգվում է հենց այդ պատճառով, որ չկա փոխզիջումների գնալու ցանկություն, ավելին, դա հասարակությունները ևս շատ սուր են ընկալում։

«Հակամարտությունը չի կարգավորվում ոչ թե այն պատճառով, որ չկան հանդիպումներ, չկան բանակցություններ, լավ չեն աշխատում համանախագահ երկրների դիվանագետները, չկան կարգավորման հստակ և կողմերին բավարարող տարբերակներ, այլ այն, որ հակամարտող երկրների ոչ իշխանությունները, ոչ հասարակությունները դեռ պատրաստ չեն փոխզիջումների։

Ի դեպ, դրանք զիջումներ են, որոնք որևէ կողմի համար պարտություն կամ հաղթանակ չեն նշանակելու։ Այսօր սրան զուգահեռ` միջազգային հանրությունը չի կարողանում այնպիսի ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի նրանք ընթանան կարգավորման և զիջումների ճանապարհով։ Քանի դեռ չկան այս ամենափոքր նախադրյալները, նման հանդիպումները հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տանելու են զրոյական արդյունքի ուղով»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը։

Տեսանյութեր

Լրահոս