«Այո, ես բժշկի դեր եմ ստանձնել, որովհետև երբեմն նաև վիրահատական միջամտությունների կարիք է լինում». Արմեն Ամիրյան
Շուտով կլրանա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պաշտոնավարման 100 օրը: «168 Ժամն» անցած երեք ամիսների ընթացքում ուշի-ուշով հետևել է տասնամյա դադարից հետո ոլորտի պատասխանատվությունը ստանձնած նոր նախարարի որդեգրած քաղաքականությանը, հանրային հրապարակումներին, փորձել է հասկանալ և ուրվագծել նոր նախարարի աշխատաոճը, գրանցած հաջողությունները, սայթաքումներն ու ձեռքբերումները: Այս ընթացքում մենք պարբերաբար անդրադարձել և լուսաբանել ենք Մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների, ասուլիսների ու հանդիպումների զգալի հատված: Նախարարի հետ հանդիպելու և զրուցելու առաջին հնարավորությունը մեզ ընձեռվեց օրեր առաջ, և մենք նրան ոււղղեցինք տվյալ պահին առավել ակտուալ և քննարկման ենթակա հարցերի շարքը:
– Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Ձեզանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել և հարգել այդ դիմումը, որով Դուք արդեն կուսակցության լիիրավ անդամ եք: Ի՞նչ է տալու Ձեր այդ որոշումը մշակութային քաղաքականությանը՝ Ձեր պարագայում՝ որպես այդ գերատեսչության ղեկավարի:
– Նոր Սահմանադրությունը ենթադրում է արդեն նաև կուսակցական պատասխանատվություն, և, առավել ևս, երբ աշխատում ես թիմով, իսկ ես Կարեն Կարապետյանի կառավարության կազմում եմ, ուրեմն մենք և Կառավարության անդամները, և´ կառավարության առումով, և´ կուսակցական պատկանելության՝ պետք է կրենք պատասխանատվություն: Ես այս գիտակցումով եմ գնացել:
– Թեև ես հետևում եմ պաշտոնավարման ընթացքում Ձեր հրապարակային ելույթներին, և կարծեմ՝ պաշտոնավարման հենց մեկնարկին Դուք այն համոզմանն էիք, որ Մշակույթի նախարարը պետք է անկուսակցական լինի:
– Ժամանակները փոխվում են, պահանջները՝ ևս: Պահանջներ ասելով՝ նկատի ունեմ նաև ներքին, մարդկային պահանջներ և խնդիրներ, որոնք մենք ձևակերպում ենք: Նորից պետք է վերադառնանք պատասխանատվության դաշտ և այն պատասխանատվության, որ մենք պետք է կրենք ոչ միայն՝ որպես անձ և նախարար, այլ նաև՝ որպես քաղաքական պատասխանատվություն այն ամենի համար, որ արվում է այսօր այս նախարարությունում:
– Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա թույլ տվեք նկատել, որ Դուք ժառանգել եք բավականին հոգսաշատ մի գերատեսչություն, միաժամանակ՝ նաև այդքան վարկաբեկված: Որո՞նք եղան Ձեր առաջին հետևությունները կամ դասերը, որ քաղեցիք՝ նախարարի պորտֆելը ստանձնելով:
– Հետևություններ, իհարկե, անում եմ, բայց չեմ ուզում գնալ հետևությունների ճանապարհով: Ես ուզում եմ ծրագրել, քաշել բաժանարար գիծ և շարժվել առաջ, քննարկել ծրագրեր և այդ ծրագրերն իրականություն դարձնել: Ձեր ձևակերպման մեջ համաձայն եմ առաջին մասի հետ, բայց երկրորդի հետ՝ ոչ այնքան, որովհետև մշակույթն ինքնին այնպիսի ոլորտ է, որ գտնվում է բոլորի ուշադրության և աչքի առաջ: Կարող ենք ասել՝ վարկաբեկված, փառաբանված… ցանկացած որակում կարելի է տալ:
– Բայց գոյություն ունեն փաստեր, որ հաստատում են ասվածը, պարոն Ամիրյան:
– Եկեք գնանք այլ ճանապարհով՝ քաշենք բաժանարար գիծ և գնանք առաջ:
– Ցանկացած լրագրողի համար ուղեցույց են միայն փաստերը:
– (Լռություն…նախարարը ժպտում է.- Ն.Մ.):
– Ասում են՝ պաշտոնը փոխում է մարդուն: Ի՞նչ եք կարծում, սա Ձեզ սպառնո՞ւմ է, պարոն նախարար, բայց պատասխանելուց առաջ հիշեք Ձեր այն պնդման մասին, որով պայմանավորված ՝ մշակույթի նախարարն անպայման անկուսակցական պետք է լիներ…
– Ես չեմ կարծում՝ դա փոխվելու հետ է կապված, որովհետև մարդը փոխվում է, եթե փոխվում է նրա գործելաոճը: Կարծում եմ՝ այն, ինչ ես սկսել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից և բարձրաձայն հայտարարել դրա մասին, մինչև այս պահը հետամուտ եմ մնացել այդ գաղափարներին, և ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է կուսակցական պատկանելությանը, ապա դա յուրաքանչյուր մարդու ցանկությունն է, և չեմ կարծում, որ դա որևէ ազդեցություն ունենալու է այն ծրագրերի վրա, որ ես պատրաստվում եմ իրականացնել:
– Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքի մասին խոսակցությունները, երկար ժամանակ է, օրակարգային են։ Տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպություններ և անհատներ ցանկացել են ձեռք բերել ստեղծագործական այդ տունը։ Տվյալ կառույցն արդեն երկար ժամանակ ցանկանում է ձեռք բերել Մշակույթի նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը, որին կարծես դեմ են միության անդամները: Ի դեպ, նախագահի՝ ամիսներ առաջ Արցախում մտավորականների հետ հանդիպման ժամանակ Մաեստրո Տիգրան Մանսուրյանը բարձրաձայնեց Դիլիջանի ստեղծագործական տան խնդիրը` նկատելով, որ ստեղծագործական տունը հոգածության կարիք ունի: Անհրաժեշտություն կա՞ նաև Դիլիջանի ստեղծագործական տունը ներառել պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում։ Ձեր դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն է:
– Դիլիջանի ստեղծագործական տունը պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում ներառելու առնչությամբ դեռ ուսումնասիրություններ պետք է կատարվեն: Թերևս, այո, գուցե նաև հենց այն բանի համար, որ այնտեղ են ստեղծագործել ու իրենց հանգստի որոշ ժամանակն անցկացրել մեր և ոչ միայն մեր մեծագույն կոմպոզիտորներն ու երաժիշտները, բայց կառույցը պետք է համապատասխանի չափորոշիչներին: Արդյո՞ք այդ կառույցը համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնցով պայմանավորված՝ այն կարելի է ներառել պահպանվող հուշարձանների ցանկում՝ չգիտեմ, այս պահին դժվարանում եմ ասել:
Ինչ վերաբերում է հարցադրման առաջին մասին՝ ազնվորեն տեղյակ չեմ՝ ո՞վ է ուզում գնել, ինչո՞ւ է ուզում գնել, վաճառո՞ւմ են, թե՞ չեն վաճառում, որովհետև Կոմպոզիտորների միությունն իր սեփականության հետ կարող է և պետք է վարվի այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում: Ես չեմ կարծում, որ այդ հանգստյան տունը վաճառելը մեկ հոգու որոշելիք հարց է: Միությունն ինքը պետք է որոշի՝ համապատասխան խորհրդի կազմով կամ քննարկումների արդյունքում: Եթե նրանք այդպես կորոշեն, ապա մենք կհարգենք նրանց կողմից ընդունված ցանկացած որոշում:
– Այսինքն՝ Դուք կսպասեք միության անդամների որոշման արդյունքների՞ն:
– Միանշանակ, որովհետև միությունները, այդ թվում՝ Կոմպոզիտորների միությունը, Մշակույթի նախարարության հետ որևէ առնչություն չունի: Մենք հարգում ենք Կոմպոզիտորների միություն ինստիտուտը, և նրանց ցանկացած որոշում մեզ համար ընդունելի է:
– Ի՞նչ եք կարծում, զուտ տեսականորեն, կարո՞ղ է հանգստյան տան վաճառքի հարցը խութերի և խոչընդոտների կամ անցանկալի զարգացումների առիթ տալ միության ներսում:
– Դժվարանում եմ որևէ գնահատական տալ, որովհետև մեր խնդիրներից և գործառույթներից դուրս ոլորտ է: Մենք որևէ կերպ չենք առնչվում ո´չ միության, ո´չ էլ միության հանգստյան տան հետ: Անշուշտ, լավ կլիներ, որ միությունը լիներ այնպիսի առողջ կառույց, որ կարողանար սեփական ուժերով վերանորոգել, աշխատեցնել, միջոցառումներ, երաժշտական գիտական համաժողովներ անցկացնել այնտեղ, բայց այսօր նման գործունեություն կոնկրետ հանգստյան տանը չի իրականանում: Ես ուրախ կլինեի, եթե այդպես լիներ: Թույլ տվեք պարզապես դիրքորոշում չհայտնել մի կառույցի ներքին աշխատանքների մասին, որը գերատեսչության գործառույթներից դուրս է:
– Բայց Դուք ունե՞ք Ձեր գնահատականը:
– Այո, ես, իհարկե, ունեմ իմ գնահատականը:
– Օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը՝ վկայակոչելով առողջական խնդիրների առկայությունը: Դուք էլ ամիսներ առաջ հայտարարել էիք այն մասին, որ «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ում հայտնաբերված խախտումների հիմքով արդեն իսկ աշխատանքից ազատել եք վերոհիշյալ ՊՈԱԿ–ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին: Պրոցեսը կարծես ամիսներ տևեց, աշխատանքից հեռացված տնօրենը սպառնում էր դատական կարգով քննարկել իր հեռացման հարցը, մեկ էլ հանկարծ մի օր ինքն անձամբ հեռացման դիմում է ներկայացնում: Ի՞նչ է կատարվում, պարոն Ամիրյան:
– Ես պատրաստվում էի նրան ազատել աշխատանքից, բայց պարզվեց՝ այն պահին, որ պետք է ստորագրեմ ազատման հրամանը, մարդը գտնվում էր հիվանդանոցում՝ բուժման մեջ, իսկ երբ քաղաքացին կամ պաշտոնյան գտնվում է ստացիոնար բուժման մեջ, իրավունք չկա նրան աշխատանքից ազատելու: Բուժման կուրսն ավարտելուց հետո, հավանաբար, պարոն Պողոսյանը հասկացավ, որ պետք է ինքը հեռացման դիմում գրի, և ես հարգեցի նրա որոշումը:
– Այսինքն՝ Դուք արդեն մակագրե՞լ եք նրա դիմումը:
– Այո, նրա դիմումը մակագրված է, և նա ազատված է աշխատանքից: Շուտով նոր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի:
– Դուք ունե՞ք նախընտրելի թեկնածու, ում տեսնում եք այդ պաշտոնում:
– Ունեմ պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի նոր տնօրենն ու ինչ գործառույթներ պետք է նա իրականացնի, բայց տնօրենը պետք է ընտրվի մրցութային կարգով:
– Ուզում էի տեղեկանալ և տեղեկացնել Ձեր պատկերացումների մասին՝ ինչպիսի՞ն եք Դուք ցանկանում տեսնել նոր տնօրենի պաշտոնում հավակնել ցանկացող անձին:
– Անշուշտ, ես կձևակերպեմ իմ պատկերացումները գրավոր կերպով, որպեսզի դիմելու ցանկություն ունեցող անձինք հասկանան մեր պահանջները: Պատմամշակութային հուշարձանների կառավարումը պետք է իրականացնել առավել էֆեկտիվ՝ ստեղծելով նոր ենթակառուցվածքներ, հասկանալով այցելությունների քանակը, ժամային գրաֆիկները, աշխարհագրությունը՝ ստեղծելով այնպիսի ենթակառուցվածքներ, որ առավել հարմարավետ կդարձնեն հուշարձանն այցելուների համար:
– «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին աշխատանքից ազատելու որպես հիմնական և պաշտոնական պատճառ՝ Դուք վկայակոչել էիք անցկացված աուդիտի արդյունքները, որի դեպքում խախտումներ էին արձանագրվել: Դուք վստա՞հ եք, որ աուդիտն առանց խախտումների է անցկացվել:
– Այո, վստահ եմ:
– Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Երևան քաղաքի հուշարձանաթափի խնդրին, որին որոշ ժամանակ առաջ անդրադարձ էր կատարել «168 Ժամը», և որը նույնպես ՀՀ մշակույթինախարարությանենթակազմակերպություն հանդիսացող, բայց այս անգամ մեկ այլ՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ի վարած բարձիթողի քաղաքականության արդյունք է: Մշակութային օբյեկտների հաշվառում կատարելու պարտականությունը, որը նշյալ ՊՈԱԿ–ի գործառույթներից մեկն է, տարիներ շարունակ չի իրականացվել, ավելի կոնկրետ ՝ Երևան քաղաքում, օրինակ, ավելի քան 10 տարի չի հաշվառվել և ոչ մի մշակութային օբյեկտ…
– Ես շնորհակալ եմ ձեզ՝ տրամադրած ինֆորմացիայի համար, անպայման կուսումնասիրեմ խնդիրը:
– Կսպասենք Ձեր արձագանքին:
– Շատ լավ:
– Ազգային պատկերասրահը հիվանդացել է… Որքան հասկացանք Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի հայտարարությունից՝ Ձեր իսկ ցուցումով օրական երեք անգամ չափում են Պատկերասրահի ջերմությունն ու Ձեզ ներկայացնում արդյունքները: Փաստորեն, ակամայից հայտնվել եք նաև բժշկի դերում…
– (Ժպտում է.- Ն.Մ.) Դա իմ հանձնարարականներից մեկն է, այո, ես բժշկի դեր եմ ստանձնել, որովհետև երբեմն նաև վիրահատական միջամտությունների կարիք է լինում: Պատկերասրահի թեման բավականին խորքային է: Նախատեսված էր, որ նոր շենք պետք է կառուցվի: Այն պետք է կառուցվի և կառուցվելու է: Այս փուլում հաշվարկվում է, թե որտե՞ղ պետք է այն լինի, ի՞նչ չափերի և ձևի մեջ լինի, և այլն: Այս հարցով զբաղվում են համապատասխան պետական գերատեսչությունները: Ինչ վերաբերում է Պատկերասրահում այս պահին առկա ջերմության խնդիրներին, ապա, իմ խորին համոզմամբ, Պատկերասրահի ղեկավարությունը պետք է այդ մասին մտածեր դեռևս ամռանը, ոչ թե ձմռան կեսին՝ հունվարին:
Դեռևս 2005 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով և Պողոսյան եղբայրների նվիրատվությամբ Պատկերասրահի համար նոր կաթսայատուն է կառուցվել: Վստահաբար հաշվարկվել են և´ հարակից շենքերի, և´ Պատկերասրահի բոլոր ծավալները: Կաթսայատունը կառուցվել է մանրակրկիտ մշակված ճշգրիտ հաշվարկների հիման վրա: Ես անձամբ ուսումնասիրել եմ նախագիծը: Հրաշալի կաթսայատուն է, որը բավարարում է շենքն ամբողջությամբ ջեռուցելու համար: Այլ խնդիր է, որ տարիների ընթացքում ջեռուցման համակարգի ներսում կարող են լինել խաթարումներ, կոնկրետ դեպքում՝ խողովակների խցանումներ, կարող են առաջանալ պատուհանների ճեղքեր, և ես համոզված եմ, որ դրանով պետք է զբաղվեր հենց տնօրինությունը:
– Ինչպես տեղեկացանք անդրադարձներից մեկից, տնօրենն այդ մասին արդեն հոգ էր տարել՝ իզոլյացնելով սեփական աշխատասենյակի պատուհանները, իսկ պահոցները, որտեղ պահվում են մեծ թվով արժեքավոր կտավներ, ցուցասրահներն ու այլ աշխատասենյակներ, փաստորեն, ապահովված չէին անհրաժեշտ ջերմությամբ: Ինչպես արձանագրում էր մամուլի հրապարակումը՝ Պատկերասրոհում, բացի տնօրենից, բոլորը մրսում են, այդ թվում՝ նաև կտավները:
– Դե, այդ մասին պետք էր ամռանը հոգ տանել՝ մաքրելով ջեռուցման խցանված խողովակները: Ամեն դեպքում, մենք շատ արագ ստեղծեցինք հանձնաժողով, որպեսզի օգնենք տնօրենին, թերևս՝ անփորձ տնօրենին, որպեսզի, եթե մինչև հաջորդ տարի ձմռանը չկառուցվի նոր շենքը, ապա գործող շենքում բացառվի նման իրավիճակը: Անդրադառնանք հովացման խնդրին. դեռևս անցյալ տարի նախարարության կողմից տրամադրված, եթե չեմ սխալվում, 4.5 մլն դրամով հաշվարկվել է հովացման համակարգի նոր նախագիծ, որի հիմնական մասը հենված է հենց այդ նույն կաթսայատան վրա, որ ապահովում է Պատկերասրահի ջեռուցման համակարգը: Այսինքն՝ կաթսայատան հետ կապված որևէ խնդիր չկա, ընդամենը պետք էր ժամանակին պատրաստվել ձմռանը:
– Իսկ ինչո՞ւ խնդիրը ժամանակին չի լուծվել:
– Թերևս, տնօրենի անփորձության արդյունքում, ոչինչ, կսովորի…
– Նախարարությունում ամիսներ առաջ հյուրընկալել էիք աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և ասուլիսի ֆորմատով անդրադարձ կատարել տարբեր, այդ թվում՝ նաև Վարպետի նոր գրքի հրատարակման հարցին, քննարկվել էր նաև Արտավազդ Փելեշյանի հեղինակած և արդեն մի քանի տասնամյակ իրականություն չդարձած «Homo Sapiens» ֆիլմի սցենարին և ֆիլմի նկարահանման հնարավորություններին… Ի՞նչ եք մտածում այս ուղղությամբ:
– Շարունակում եմ մտածել: Ես հակված եմ կարծել, որ այդ ֆիլմի ֆինանսավորման հարցը պետք է լուծենք նաև բարերարների միջոցով, համապատասխան հիմնադրամների և աջակիցների ներգրավմամբ: Սա մեկ օրում լուծվելիք հարց չէ, որովհետև խոսքը բավականին մեծ գումարի մասին է: Մենք միասին՝ Մաեստրո Փելեշյանի հետ, պարբերաբար խոսում ենք այդ մասին, քննարկում ենք հնարավոր տարբերակները:
– Ես առիթ ունեցել եմ տեղեկանալ, թե ինչ է այս թեմայի շուրջ մտածում Վարպետը, ըստ որի՝ այս դեռևս չնկարահանված ֆիլմն ինքը՝ պարոն Փելեշյանը, համարում է իր գլուխգործոցը: Կարծում եմ՝ ամենապարզունակ թվաբանական հաշվարկներն էլ կհուշեն, որ ֆիլմի ստեղծման համար ներդրված գումարներն անպայման կվերադառնան՝ կրկնապատկված:
– Ես համաձայն եմ ձեր կարծիքի հետ, և, եթե անգամ չքննարկեինք ֆիլմի վրա ծախսված գումարների հետվերադարձի հարցը, ապա զուտ բարոյական՝ հայ կինոարվեստը հռչակելու տեսանկյունից՝ այս ֆիլմի ստեղծմամբ մենք անկասկած կստանանք չափազանց մեծ եկամուտ՝ պայմանական առումով: Այս առումով մենք նույնպես ոգևորված ենք, բայց հավատացեք, որ ֆիլմի համար անհրաժեշտ ողջ գումարները գտնելը լուրջ խնդիր է, մանավանդ, երբ մենք կինոարտադրությանը տարեկան կտրվածքով տրամադրում ենք ընդամենը 300 մլն դրամ: Ամեն դեպքում, այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է:
– Օրեր առաջ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացանք (հավանաբար՝ Ձեր նախաձեռնությամբ) Էդուարդ Թոփչյան-Սերգեյ Սմբատյան «համահայկական ճաշի» մանրամասները հրապարակող լուսանկարին: Ի՞նչ էիք քննարկում այդ հանդիպման ընթացքում, եթե գաղտնիք չէ, պարոն Ամիրյան:
– Ճաշում էինք…
– Հետո՞:
– Գիտե՞ք, բազում հարցեր ու խնդիրներ կան, որոնք պարզ զրույցների կամ պաշտոնական մթնոլորտում չեն լուծվում: Պետք է ստեղծել համապատասխան միջավայր և մարդկանց հետ խոսել անկեղծ, անկաշկանդ մթնոլորտում: Առավել ևս, երբ մենք քննարկում էինք Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի հետ կապված ծրագրերը և ձեր նշած խնդիրները քննարկվում էին հենց այդ համահայկական միասնականության գաղափարախոսության մեջ: Հաջորդ հանդիպմանը, թերևս, մեզ կմիանա նաև Կարեն Դուրգարյանը: Ինքն այս պահին պարզապես Հայաստանում չէ, վերադառնալուն պես մենք անպայման հանդիպելու ենք և զրուցենք, որովհետև ստեղծվելիք նվագախումբը ղեկավարելու են մեր երեք դիրիժորները՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը և Սերգեյ Սմբատյանը:
– Նկատել եմ՝ ամեն անգամ, երբ խոսում եք համահայկական նվագախմբի ղեկավարների մասին, միշտ նույն հաջորդականությամբ եք թվարկում դիրիժորների անունները…
– Լա՜վ, այդ դեպքում ասեմ այսպես՝ Կարեն Դուրգարյանը, Էդուարդ Թոփչյանը…
– Ոչ, եկեք թողնենք այնպես, ինչպես կա…
– Շատ լավ, թերևս տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով եմ այդպես թվարկել միշտ, եթե չեմ սխալվում:
– Փաստորեն, այդ ճաշի ընթացքում Դուք քննարկել եք միայն համահայկական նվագախմբի հե՞տ կապված խնդիրները, որովհետև անմահացրած լուսանկարում, բացի ձեզանից, մնացյալ բոլորի դեմքին տարակուսած ժպիտ կար… Թերևս, միայն Ձեր ժպիտն էր շատ պայծառ, հասկանալի, ըմբռնելի, ընթեռնելի…
– Բոլորի ժպիտներն էլ շատ հասկանալի էին, զրույցը ոչ միայն համահայկական նվագախմբի մասին էր, այլ նաև մեր միասնականության:
– Ինչպե՞ս եք տեսնում մեր մշակութային կյանքի նկարագիրն ամենաքիչը տասը տարի հետո:
– Շատ դժվար հարց եք տալիս… Նման երկարաժամկետ տեսիլք, անշուշտ, ես ունեմ, բայց շատ դժվար է այդ տեսիլքը բարձրաձայնել, որովհետև խնդիրները փոխվում են ամեն օր, դրան համապատասխան լուծման ձևերն ու ժամկետները՝ նույնպես:
Հ.Գ. Հարցազրույցի վերջում Արմեն Ամիրյանին՝ որպես գերատեսչության ղեկավարի, խնդրում ենք օգնել մեզ՝ դեմ առ դեմ հարցազրույց ունենալ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ, ով տարիներ շարունակ ղեկավարում է պատմամշակութային հուշարձանների ոլորտը, և որի առնչությամբ մի շարք անպատասխան մնացած հարցեր կան կուտակված:
Քաջատեղյակ լինելով բոլոր տեսակի սուբորդինացիաներին, այնուամենայնիվ մեր հարցերը՝ ուղղված նրան, նախատեսված են միայն դեմ առ դեմ հանդիպման համար, իսկ հարցազրույցի գրավոր տարբերակները՝ տվյալ պաշտոնյայի հետ, ցավոք, արդեն վաղուց չեն բավարարում մեր մասնագիտական պահանջները: Արմեն Ամիրյանը խոստացավ կազմակերպել այդ ֆորմատով հարցազրույցը՝ նաև պատրաստակամություն հայտնելով անձամբ պատասխանել մեզ հուզող բոլոր հարցերին: