«Թատրոնը կյանքի արվեստ է՝ հանդիսատեսի վրա ազդող և նրանից ազդակներ վերցնող». Ռուբեն Բաբայան
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը տոնեց իր ծննդյան 60-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակիցը ռեժիսորի հետ զրուցեց նրա ստեղծագործական գործունեության և ծրագրերի մասին:
-Ավարտելով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը՝ ինչպե՞ս անցաք ռեժիսուրային:
-Գրականությամբ էի զբաղվում. ասպիրանտուրայում էի սովորում և ուզում էի ավարտին հասցնել ատենախոսությունս: Բանակից վերադառնալուց հետո գրական մասի վարիչ աշխատեցի Երևանի տիկնիկային թատրոնում: Թատրոնի ռեժիսորն այդ ժամանակ Երվանդ Մանարյանն էր, ով հրաշալի մարդ է և մեծ արվեստագետ: 1982 թվականին նա ինձ Տալլին ուղարկեց միջազգային փառատոնի: Էստոնիայում տիկնիկային փայլուն ներկայացումներ դիտեցի, որոնք ամբողջությամբ կոտրում էին մեր պատկերացումներն այդ արվեստի մասին: Երևանում ևս նման փառատոն կազմակերպվեց. ես ակտիվ մասնակցում էի կազմակեր պչական աշխատանքներին: Այդ ժամանակ էլ հասկացա, որ առանց թատրոնի անհնար է: Մի կողմ թողեցի ատենախոսությունս, ընդունվեցի Մոսկվայի լավագույն թատերական բուհ (ГИТИС), որն ավարտեցի գերազանցությամբ:
-Ինչի՞ց սկսեցիք, երբ վերադարձաք հայրենիք:
-Երևան գալով՝ բեմադրեցի Հիսուս Քրիստոսի ծննդյան աստվածաշնչյան պատմությունը՝ «Բեթղեհեմի աստղի տակ»:
-Ինչու՞ որոշեցիք հենց այդ թեմային անդրադառնալ:
-Հայաստանում տիկնիկային արվեստն այդ ժամանակ լուրջ չէր դիտարկվում, և աստվածաշնչյան թեմաներով բեմադրությունները չէին խրախուսվում: Բեմադրությունը միստերիայի ոճով էր արված. կային և՛ կենդանի դերասաններ, և՛ տիկնիկներ, որոնք քանդակի ձև ունեին, և նրանք չէին քայլում, այլ պատկերների, քանդակների պես էին շարժվում: Թեման հետաքրքիր էր, խոսվում էր քրիստոնեության գաղափարի մասին: Քրիստոնեություն՝ նշանակում է հոգու, մտքի ազատություն: Այդ սկզբունքն օգտագործվում էր ներկայացման մեջ: Իմ նպատակն ազատ թատրոն ստեղծելն էր, որտեղ ես համադրում էի թատերական արվեստի բոլոր ձևերը՝ մնջախաղ, պար, տիկնիկներ…
-Ձեր կարծիքով, ի՞նչ միտումներ են առկա արդի թատրոնում:
-Այն այսօր չունի ընդգծված ձև. չկա մաքուր կատակերգություն կամ ողբերգություն: Մենք փորձում ենք լեզու գտնել հանդիսականի հետ, երկխոսություն հաստատել մարդու հետ, իսկ մարդը միանշանակ չէ. նրա մեջ ամեն ինչ կա՝ լավը, վատը, կատակերգականը, ողբերգականը: Օրինակ՝ թաղումների ժամանակ երբեմն դժվար հաղթահարելի ծիծաղելու ցանկություն է առաջանում. այդպիսին է կյանքը, և դա լավ է: Թատրոնը կյանքի արվեստ է՝ հանդիսատեսի վրա ազդող և նրանից ազդակներ վերցնող: Որպեսզի երկխոսությունը կայանա, պետք է ողջ ներկապնակով ներկայանալ, և այդ ժամանակ հանդիսատեսը կսկսի քեզ վստահել: Նա կհասկանա, որ դու բեմից հանդես ես գալիս ոչ որպես ուսուցիչ, այլ զրուցակից, և որ լսարանը քեզ համար կարևոր է: Ռեժիսորի նպատակը վստահություն ստեղծելն է:
–Ո՞վ է այսօր տիկնիկային թատրոնի հանդիսականը:
-Իհարկե, հիմնականում երեխաները: Մեծահասակների համար նախատեսված ներկայացումներին երիտասարդներն են գալիս: Նրանք ավելի բաց են, ավելի շատ են ուզում նորը տեսնել: Թատրոնում նույնպես երիտասարդներն են գերակշռում՝ Նարինե Գրիգորյան, Սամսոն Մովսիսյան, Տաթևիկ Մելքոնյան և այլք: Նրանցից յուրաքանչյուրն իր թատրոնն ու տիեզերքն ունի: Տիկնիկային թատրոնն ազատ է. այն ամենը, ինչ հետաքրքիր է, կարելի է այստեղ ցուցադրել:
–Աշխատանքային գործընթացում ի՞նչ ստեղծագործական բացահայտումներ եք արել:
-1995 թվականին, երբ դասախոսական աշխատանքի անցա թատերական ինստիտուտում, մի նոր աշխարհ բացվեց ինձ համար: Երիտասարդների հետ շփումը նոր կարգավիճակ է ստեղծում մարդու համար: Դա Աստծո նվեր էր: Շատ շնորհակալ եմ իմ բոլոր ուսանողներին. նրանք ինձ շատ բան են սովորեցրել, և դեռ պարզ չէ, թե ո՞վ ում է ավելին տվել և շարունակում տալ: Կյանքն իր բոլոր դրվագներով է հետաքրքիր… Մի թեք ժայռ տեսա, որի վրա ծառեր էին աճել: Ծառերն ուղիղ կանգնած էին, իսկ ժայռի վրա հող չկար, ծառերն արմատներով մտել էին քարի մեջ: Զարմացել էի… Հրաշալի դաս է տալիս բնությունը՝ ինչպե՞ս կարելի է ամենաանբարենպաստ պայմաններում ուղիղ մեջքով կանգնել:
-Վերջին շրջանում դիտե՞լ եք մի ներկայացում, որից տպավորվել եք:
-Լավ ներկայացումները շատ են: Վերջերս դիտեցի «Պամելա» բեմադրությունը, որն ինձ շատ դուր եկավ: Հավանում եմ Հրաչյա Գասպարյանի, Տիգրան Գասպարյանի, Սամսոն Մովսիսյանի, Զարուհի Անտոնյանի, Վահան Բադալյանի, Գրիգոր Խաչատրյանի, Ժիրայր Դադասյանի, Նարինե Գրիգորյանի և այլ հետաքրքիր ստեղծագործողների աշխատանքները:
-Հունվարի 20-ին՝ ձեր ծննդյան օրը, թատրոնի դերասաններն ու ձեր ուսանողները հետաքրքիր բեմադրություն էին պատրաստել: Նրանց հաջողվե՞ց զարմացնել ձեզ:
-Ուրախացրեցին, քանի որ ես չէի մասնակցել ներկայացման բեմադրությանը, և այն ինձ համար հաճելի անակնկալ էր: Հրճվում եմ այնպես, ինչպես այն ծնողը, ում երեխան ինքնուրույն քայլեր է սկսում անել: Քայլերը լավ էին, սրամիտ, չափի մեջ, զուրկ գավառականությունից, ծանր չէին:
-Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել:
-Կան պիեսներ, որոնք ցանկանում եմ բեմադրել, բայց ներկայումս շատ եմ կարևորում ուսանողներիս ներկայացումները, որոնցից մեծ բավականություն եմ ստանում: Հիմնական նպատակս տիկնիկային թատրոնն ավելի բազմաբնույթ մշակութային կենտրոն դարձնելն է:
Ուզում եմ, որ հաճախ կազմակերպվեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, համերգներ… Ցանկանում եմ, որ թատրոնի շենքի բոլոր հատվածներն օգտագործվեն ներկայացումների համար, քանի որ բեմադրությունն այն գործողությունն է, որը կարելի է ծավալել ամեն տեղ:
Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի