Դոնալդ Թրամփի քաղաքական պատկերը
Դոնալդ Թրամփն իր պայքարը նախագահի պաշտոնի համար սկսել է 2015 թվականի հունիսին, երբ հայտարարել է իր մրցավազքի մեջ մտնելու մասին, որը ոգևորություն էր առաջացրել նրա կողմնակիցների շրջանակում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պայքարելու եմ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, և մենք կվերականգնենք մեր երկրի փառքը»
Նրա թեկնածությունը շատ հակասական էր ի սկզբանե, ներառյալ նրա հայտարարություններն անօրինական ներգաղթյալների և մահմեդականների մուտքն ԱՄՆ-ը արգելելու մասին:
Հանրապետական մրցակիցները թերագնահատել էին Թրամփին, ով ներկայացավ որպես քաղաքական համակարգից դուրս գտնվող գործիչ ու մեծ փորձ կուտակեց ընտրությունների նախնական փուլում՝ ակտիվ մասնակցելով քաղաքական բանավեճերին, որոնք միշտ չէ, որ աչքի էին ընկնում կոռեկտությամբ:
«Մեզ անհրաժեշտ է իրական առաջնորդ, և մարդկանց վիրավորելով՝ դուք երբեք չեք դառնա նախագահ»,-ասել է Ջեբ Բուշը:
«Դե տեսնենք, ես ունեմ 42 տոկոս, իսկ դուք՝ երեք: Այս պահին իմ վիճակն ավելի լավ է»,- պատասխանել է Թրամփը
Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններին Հիլարի Քլինթոնը հաղթանակ տարավ դժվարին պայքարում ընդդեմ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսի: Թեկնածու դառնալուց հետո նա շտապեց հայտարարել, որ Թրամփը չի համապատասխանում նախագահի պաշտոնին:
Սակայն ընտրությունների ավարտին Թրամփն անսպասելիորեն տոնեց հաղթանակ Քլինթոնի դեմ պայքարում՝ դրանով զարմացնելով շատերին աշխարհում: Նրա հաղթական ելույթում գերիշխում էին հաշտեցման մասին մտքեր:
«Դիմում եմ բոլոր հանրապետականներին, դեմոկրատներին և անկախ ընտրողներին: Ժամանակն է, որ համախմբվենք որպես մեկ ազգ»,-հայտարարել էր Թրամփը:
Քլինթոնը նույնպես կոչ արեց հարգել ընտրության արդյունքները:
Փորձագետ Թոմ դե Ֆրանկի կարծիքով Թրամփի հաջողության գրավականը ձգտումն էր դեպի փոփոխություններ:
«Կարծում եմ, որ բոլորս, ներառյալ մամուլը թերագնահատեցինք, ինչպես Ջորջ Բուշ Կրտսերն է ասում, մեծ ցանկությունը դեպի փոփոխություններ, և արդյունքում Թրամփն իր բոլոր թերություններով հանդես եկավ որպես այդ փոփոխության միակ ներկայացուցիչ»,-ասել է փորձագետը:
Թրամփի իշխանության ստանձնումը համընկնում է հանրապետականների կողմից Կոնգրեսի վերահսկողության հետ, ասում է Ջոն Ֆորթիերը:
«Կարծում եմ, որ դա նրան հնարավորություն կտա առաջ տանել իր քաղաքական օրակարգն, ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, ով ընտրվելու պարագայում մեծ դժվարություններ կունենար բաժանված իշխանության ձևաչափում»:
Հաշվի առնելով անցած ընտրությունների պառակտիչ բնույթն՝ այժմ Թրամփի առջև կանգնած խնդիրներից է իր աջակիցներին տրված խոստումների և ազգային միասնության միջև ոսկե միջինի ապահովումը: