«Ցավոք, վարչապետի ձեռքերը կարճ են…». Անահիտ Բախշյան
«Կադրային քաղաքականությունը մեր երկրում, մեղմ ասած, ծուռ է դրված, այդ ծռությունն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ խոսելով հոկտեմբերի 13-ին վարչապետ Կարեն Կարապետյանի տված հանձնարարականի մասին։
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ժամանակ Կ. Կարապետյանը Կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամանակաշրջանում ներկայացնել տեղեկություններ դպրոցներում ազգակցական կապերի և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ։ «Ինչի՞ մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք` մայր և աղջիկ, և այլն: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ»,- ասել է վարչապետը։
Նկատենք, որ այս խնդիրը շատ է բարձրացվել մամուլում։ Ա. Բախշյանն ինքն էլ է բազմիցս խոսել այդ մասին։ Մեզ հետ զրույցում նա նկատեց, որ յուրաքանչյուր երեք քայլից իրար ծանոթ, բարեկամ, հարևան, քավոր, սանիկ են, և այլն, և խուսափել նման երևույթից կադրային քաղաքականության մեջ հնարավոր չէ։
«Բայց այն մարդը, ով կանգնած է վերևում և հանձնարարականներ է տալիս, մասնավորապես՝ վարչապետը կամ ԱԺ նախագահը կամ ՀՀ նախագահը, իրենք իրենց վարած կադրային քաղաքականությամբ օրինակ պետք է լինեն մնացածի համար։ Ուզում եմ ասել, որ ամենակարևոր սկզբունքը, որ պետք է դրվի կադրային քաղաքականության մեջ, շահերի բախումը բացառելն է։ Երբ հասարակությունը տեսնի, որ նախագահի և այլ պաշտոնյաների հարազատներն այնպիսի գործունեություն են ծավալում, որ այդ մարմնում շահերի բախում բացառում են, դպրոցի տնօրենն էլ այդ նույն սկզբունքով կաշխատի։ Բայց եթե կոնկրետ ԱԺ նախագահի տղաներից մեկը փոխնախարար է, մյուսը՝ մեծ պետական կառույցի ղեկավար, կամ վարչապետի փեսան փոխնախարար է, դպրոցի տնօրենն այդ երևույթը տեսնելով, ասում է՝ ինչո՞ւ չէ, իմ աղջիկը, իմ հարսը կարող է ինձ փոխարինել»,- նշեց Ա. Բախշյանը։
Նրա խոսքով՝ որևէ իրավական արգելք չկա, բայց սկզբունքը խախտվում է, շահերի բախում կա այն կոլեկտիվում, որտեղ ազգակցական կապեր ունեցող մարդիկ են աշխատում, այնտեղ արդար կառավարումը խախտվում է, անարդար մթնոլորտ է ստեղծվում, որը կրթության որակի վրա անպայման կանդրադառնա։
Ա. Բախշյանը կարծում է՝ վարչապետը լավ է արել, որ հանձնարարական է տվել, բայց, ըստ նրա՝ այդ հանձնարարականի «հետևի կողմն էլ վարչապետը պետք է ասեր». «Այ, եթե ասեր՝ տեսեք, իմ փեսան փոխնախարար է, և եթե ինքը որևէ խախտում թույլ տա, ես առաջինն իրեն կպատժեմ, որից հետո նոր ասեր՝ դպրոցներում նման երևույթներ կան, պետք է պայքարել դրանց դեմ»։
Անդրադառնալով Կ. Կարապետյանի այն հայտարարությանը, որ պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվորեն նման իրավիճակ ստեղծվել՝ Ա. Բախշյանը տարակուսանք հայտնեց, թե այդ ինչպե՞ս են որոշելու՝ ո՞րն է օբյեկտիվ, ո՞րը՝ ոչ. «Դա պետք է մտնես տվյալ կոլեկտիվ, տեսնես՝ ինչ մթնոլորտ է, ինչ հարաբերություններ են, ինչքանով է արդար կառավարման այդ սյունը կառուցված։ Չես կարող բացառել այդ երևույթը, դա որևէ օրենքով արգելված չէ»։
Մեր այն հարցին, թե պե՞տք է դա օրենքով արգելված լինի, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե ոչ, որովհետև դա մարդու իրավունքն է, զավակը մեղավոր չէ, որ մայրը տնօրեն է, կամ հայրը վարչապետ է կամ ԱԺ նախագահ է»։
Հարցին էլ, թե ըստ Ձեզ՝ իրապես հնարավո՞ր է այդ դեպքերն ուսումնասիրել, բացահայտել և որոշել՝ դրանք օբյեկտիվ պատճառներ ունե՞ն, թե՞ ոչ, Ա. Բախշյանը պատասխանեց՝ հնարավոր չէ։ Ճշտող հարցին էլ, թե այդ դեպքում նման հանձնարարականի իմաստը ո՞րն է, Ա. Բախշյանը պատասխանեց, որ ինքը չգիտի, թե վարչապետն ինչ նկատի ունի։
«Այդ ազգակցական կապը բացառելու համար կարելի էր այնտեղ, որտեղ աղջիկը հավակնում էր պաշտոնը ստանալ, նրա ականջին ասել՝ «ջանիկս, գնա կողքի դպրոց, մեկ այլ դպրոց»։ Սա չեն կարող գրել, բայց սա կարող են կարգավորել։ Գրել՝ նշանակում է՝ այդ իրավունքը մարդու ոտնահարել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ա. Բախշյանը կոնկրետ օրինակներ բերեց, թե որ դպրոցներում կա նման երևույթ. «Պուշկինի դպրոց՝ աղջիկը փոխարինեց մորը, թիվ 121 դպրոց՝ նույնը, Նիկոլ Աղբալյան՝ նույնը, թիվ 89-ը՝ նույնը»։
Ա. Բախշյանից հետաքրքրվեցինք՝ եթե, Ձեր ասելով, վարչապետի հանձնարարականն անիմաստ է, այս խնդրի լուծումը ո՞րն է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ չգիտի՝ հանձնարարականը Կրթության և գիտության նախարարությունը ոնց պետք է կատարի.
«Վարչապետի փոխարեն լինեի, ոչ թե հանձնարարական կտայի, այլ երևույթի մասին կխոսեի, և այդ երևույթի սկզբունքը կհիշեցնեի բոլոր պետական մարմինների ղեկավարներին, որ այս սկզբունքով աշխատեք, որպեսզի շահերի բախում չառաջանա, և արդար մթնոլորտը ձեր կառավարած հիմնարկներում կարողանաք ապահովել։ Ազգակցական կապ ունեցող մարդը հիմնարկում, որպես կանոն, ունենում է արտոնություն, իսկ այդ արտոնությունը լինում է օրենքին հակառակ»։
Հարցին, թե վարչապետի կողմից նման հանձնարարական տալը, այդ խնդրի մասին խոսելը կարո՞ղ է սթափեցնող ազդեցություն ունենալ, Ա. Բախշյանը պատասխանեց, որ ինքը հասկանում է՝ վարչապետն այդ հանձնարարականով սթափեցնում է. «Թե քաղաքապետը, թե մարզպետները կսկսեն կանխել նման բաները։ Իրենք դա կարող են անել։ Ինքն այդտեղ տեսել է ոչ առողջ դրվածք, շատ լավ է, բայց այդ հանձնարարականը կատարողներն այսօր ստիպված կլինեն գրել մի թուղթ կամ մի կարգ, որը հետագայում նույնպես կարող է քննադատության արժանանալ, որովհետև այն կարող է մարդու իրավունքների խախտում համարվել»։
Ա. Բախշյանը վարչապետի այդ հանձնարարականի տակ նաև այլ մտահոգություն է տեսնում։ Ըստ մեր զրուցակցի՝ վարչապետը տնօրենի ընտրության կարգի մեջ երևի տեսնում է, որ ինչ-որ բան սխալ է։ Ա. Բախշյանը նշեց, որ ինքը բազմաթիվ օրինակներ կարող է ասել, երբ համայնքում, գյուղում, քաղաքում շատ ավելի արժանի տնօրենի թեկնածուներ, ովքեր ունեն հավաստագիր, պարզապես մոտ էլ չեն կարող գնալ տնօրենի պաշտոնին, եթե դա համաձայնեցված չի քաղաքապետի, մարզպետի, նույնիսկ գյուղապետի հետ։
«Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի դպրոցում աշխատում է հասարակագիտության մի չափազանց պատրաստված ուսուցչուհի, անունը՝ Սիրամարգ, ունի հավաստագիր։ Այս կինը, երկու տարի է՝ պայքարում է դպրոցի տնօրեն դառնալու համար, դպրոցի տնօրենի 65 տարին 2 տարի առաջ է լրացել, բայց մինչ օրս այդ մարդը շարունակում է աշխատել, և անցած երկու տարում մի քանի ընտրություն է եղել տնօրենի, որը տապալվել է գյուղապետի ջանքերով։ Գյուղապետը պարզ հայտարարում է՝ այդ դպրոցում պետք է լինի իր ընկերը, որը չունի անհրաժեշտ 7 տարվա մանկավարժական ստաժ, չունի հավաստագիր։ Վստահ եմ՝ Գեղարքունիքի մարզպետը ոչ միայն հեռվից հանգիստ հետևում է, այլև այդ բոլորն իր լուռ համաձայնությամբ է լինում։ Նման դեպքերը շատ են, սրա մասին Կրթության և գիտության նախարարը գիտի։ Քանի որ օրենքն ով ինչպես ուզում է՝ մեկնաբանում է, ասում են՝ նա իրավունք ունի ժամանակավոր պաշտոնակատար լինել, այն դեպքում, երբ դպրոցում աշխատում է հավաստագիր ունեցող ուսուցիչ։ Այդ կինը չի կարող դառնալ տնօրեն, որովհետև չունի վերևների «դաբրոն»։ Նման երևույթները շատ լրջորեն պետք է կառավարությանը մտահոգի»,- նշեց Ա. Բախշյանը։
Մեր այն հարցին էլ, թե՝ ըստ Ձեզ՝ կառավարությանը մտահոգո՞ւմ են այդ երևույթները, Ա. Բախշյանը պատասխանեց, որ վարչապետի երեկվա հանձնարարականի հետևում ինքն այդ մտահոգությունը տեսել է. «Վստահ եմ, որ ինքը չի խրախուսում մարզպետների այս ամենակարողությունն այս ոլորտում, բայց, ցավոք, իր ձեռքերը կարճ են, որովհետև «Հանրակրթության մասին» օրենքով 2009 թվականին ամրագրվեց, որ դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենը պայմանագիրը պետք է կնքի խորհրդի հետ, այդ օրենքն այդպես էլ չգործեց։ Օրենքի ստորադաս կանոնադրությամբ գրվեց, որ պետք է պայմանագիրը մարզպետի հետ կնքվի, վերջ, դա նշանակում է՝ մարզպետի սուրն ամեն վայրկյան դպրոցի տնօրենի գլխին կախված է, ու ինքն ինքնուրույն և ինքնավար չի կարող գործել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։