Բաժիններ՝

«2020-30-ական թվականներին մահացության պատճառ հանդիսացող՝ եթե ոչ՝ առաջին, ապա՝ երկրորդ հիվանդությունը կլինի դեպրեսիան». հոգեբան Խաչատուր Գասպարյան

Հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, բանախոսներ՝ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանն ու Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը լրագրողների հետ խոսեցին ազգային հոգեբանության հարցերի մասին, ինչպես նաև կիսվեցին հասարակության հոգեկան առողջության վրա ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ իրենց դիտարկումները:

Խաչատուր Գասպարյանը տեղեկացրեց, որ հոգեկան առողջության յուրաքանչյուր տարին ունենում է մի նշանաբան.

«Այս տարվա կարգախոսն է՝ առաջնային հոգեբանական օգնություն բոլորին: Այս կարգախոսը պայմանավորված է նրանով, որ աշխարհը հասել է մի տեղ՝ բժշկագիտության ճյուղերը բավականին առաջընթաց են արձանագրել, իսկ հոգեբուժությունը հետ մնացել է մոտավորապես 100 տարի: Եթե մենք մեկ միավոր ծախսենք հոգեկան հիվանդությունների կանխարգելման վրա, հարյուրավոր միավորներ չենք ծախսի հետագայում հոգեբուժական ծառայությունների վրա»:

Խաչատուր Գասպարյանը լրագրողների ուշադրությունն է հրավիրում պետական բյուջեից հոգեկան հիվանդների համար տրամադրվող գումարների չափին.

Կարդացեք նաև

«Եթե նայենք տեղական վիճակագրությանը, ապա առողջապական բյուջեի միայն 3.5%-ն է տրամադրվում հոգեկան հիվանդությունների ուղղությամբ: Աշխարհի զարգացած երկրներում այդ գումարը հասնում է մինչև 5-7%-ի: Սա արդեն հոգեկան առողջության նկատմամբ վերաբերմունքի որոշակի իլյուստրացիա է: Մյուս առավել ակնառու խնդիրն այս կոնտեքստում այն է, որ տրամադրվող գրեթե ողջ բյուջեն ծախսվում է հոգեբուժական հիվանդանոցային ծառայության վրա, մինչդեռ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն ունի խորհուրդ, որը գոնե սկզբի համար պահանջում է 40/60 համամասնություն: Հետևաբար՝ կգա մի ժամանակ, երբ առավել շատ միջոցներ կուղղվեն հոգեկան հիվանդությունների կանխարգելմանը, քան արդեն բուժմանը»:

21-րդ դարը, ըստ բանախոս Խաչատուր Գասպարյանի, արդեն իսկ լայն հնարավորություն է ընձեռում այս ոլորտի առաջխաղացման ուղղությամբ.

«Արդեն բոլորովին պարտադիր չէ, որ նման հիվանդներին բուժելու համար նրանց փակեն հիվանդանոցներում: Մեր երկրում, սակայն, դեռևս աշխատում ենք հոգեբուժության մասին օրենքը կատարելագործելու ուղղությամբ, մինչդեռ ողջ աշխարհն աշխատում է հոգեկան առողջության օրենքի զարգացման ուղղությամբ: Վատ լուրն այն է, որ, ինչպես կանխատեսում է Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, մոտավորապես 2020-30-ական թվականներին մահացության պատճառ հանդիսացող՝ եթե ոչ՝ առաջին, ապա՝ երկրորդ հիվանդությունը կլինի դեպրեսիան: Աշխարհն ապրելու մի ուղի է ընտրել՝ էլեկտրոնային, վիրտուալ կյանքը, որն անխուսափելիորեն տանում է մենակության բազմապատկման, և սա հանգեցնելու է դեպրեսիվ խանգարումների խորացմանը: Արդեն իսկ ամբողջ աշխարհի մակարդակով օրըստօրե աճում է ինքնասպանությունների թիվը: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի բոլոր մարդկանցից ամեն 4-րդն անպայման իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան բնույթի խնդիրներ, դժվարություններ, խանգարումներ»:

Ամփոփելով իր խոսքը՝ հոգեբան Խաչատուր Գասպարյանը մատնանշում է հոգեկան առողջության չափանիշերը.

«Հոգեպես առողջ մարդը կարողանում է համապատասխան վերաբերմունք դրսևորել հիասթափության, հուսահատության և կյանքի անցանկալի դրսևորումների նկատմամբ: Հոգեպես առողջ մարդիկ կարողանում են վերծանել ու հասկանալ իրենց զգացմունքներն ու մտքերը: Հոգեպես առողջ մարդը հանգիստ է վերաբերվում կոնստրուկտիվ քննադատությանը: Եվ, վերջապես, հոգեպես առողջ մարդը չի վախենում դժվարություններից ու խնդիրներից, որովհետև ընկալում է, որ կյանքը խնդիրների համադրություն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս