Facebook-ի առաջացման պատմությունը 33 լուսանկարում
Facebook-ի պատմությունը սկսվում է Հարվարդի Kirkland House հանրակացարանի պատերի ներսում։ Ինչպես գրում է Insider.pro-ն՝ այստեղ ապրում էր Ուոլես Շոնը Հարվարդում սովորելու տարիներին։
2003թ. Հարվարդի երկրորդ կուրսի ուսանող Մարկ Ցուկերբերգը գրեց Face mash ծրագիրը։ Այն մի ծրագիր էր, որում օգտատերերը կարողանում էին գնահատել իրենց համակուրսեցիների լուսանկարները՝ ով է ավելի գրավիչ սկզբունքով։
Լուսանկարները գտնելու համար Ցուկերբերգը կոտրեց հանրակացարանի ադմինիստրացիայի կայքը և ներբեռնեց լուսանկարներն ուսանողների անձնական գործերից։ Թողարկումից հետո առաջին 4 ժամերի ընթացքում հավելվածը 22 հազար դիտում ունեցավ։ Մի քանի օր անց Հարվարդի ադմինիստրացիան պահանջեց ջնջել դրանք՝ հեղինակային իրավունքի խախտման պատճառով և անձնական տվյալների պաշտպանության նպատակով։
Ցուկերբերգին կարգապահական պատասխանատվության են ենթարկել, սակայն համալսարանից չեն հեռացրել։ Այդպիսի ռեակցիան չվախեցրեց համառ ուսանողին, և 2004թ. փետրվարի 4-ին նա թողարկեց TheFacebook-ը։ 6 օր անց Հարվարդի բարձր կուրսի 3 ուսանողներ՝ Դիվյա Նարենդրան և երկվորյակներ Քեմերոն և Թայլեր Ուինկլվոսը հայտարարեցին, որ Ցուկերբերգի հետ համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ նա պարտավոր էր իրենց համար պատրաստել HarvardConnection.com կայքը, սակայն որոշել է «քցել» իրենց և գողացել դրա միտքը Facebook-ի համար։ Նրանք հայց ներկայացրին Ցուկերբերգի դեմ, և միայն 2008թ. գործը հանգուցալուծում ստացավ։
Նրանց՝ որպես փոխհատուցում, առաջարկեցին Facebook-ի 1.2 մլն արժետոմսեր։ IPO դուրս գալու ճանապարհին այդ արժետոմսերի արժեքը կազմում էր 300 մլն դոլար։ TheFacebook-ի թողարկումից մեկ ամիս անց կայքում գրանցվեց Հարվարդի ուսանողների կեսը։ 2004թ. մարտին արդեն կայքի լսարանը մեծացավ՝ հասնելով Ելի, Քեմբրիջի, Ստենդֆորդի համալսարաններ։ Արագ զարգացող ընկերությունը ղեկավարելու և այն եկամտաբեր բիզնեսի վերածելու համար Ցուկերբերգը հիմնադիրների խմբում ընդգրկեց իր համակուրսեցիներ Դասթին Մոսկովիցին, Էդուարդո Սավերինին, Էնդրյու Մոկկոլմային և Քրիս Հյուսին։
Ընդամենը մի քանի ամիս անց Facebook-ը թողարկեց առաջին ներկայացումը՝ գովազդատուների ներգրավելու համար։
Այն ցուցադրում էր կայքի հետևորդների հետևողական աճը։ Այդ պահին կայքը սպասարկվում էր հենց հանրակացարանի սենյակից, սակայն արդեն ժամանակն էր լուրջ գործողությունների անցնելու։ 2004թ. Ցուկերբերգը թողեց ուսումը Հարվարդում. ճիշտ այնպես, ինչպես իր ժամանակին Բիլ Գեյթսը։ 2004թ. կեսերին Ցուկերբերգը՝ որպես ընկերության առաջին նախագահ, ընտրեց Napster ցանցի հիմնադիրներից մեկին՝ Շոն Պարկերին։
Մոտավորապես այդ ժամանակահատվածում՝ 2004թ. հունիսին, Facebook-ի գրասենյակը տեղափոխվեց Կալիֆոռնիա նահանգում գտնվող փոքր գործնական կենտրոն։ Այդ օրերին ընկերությունը հանդես էր գալիս ոչ միայն՝ որպես խոստումնալից ստարտափ, այլև՝ որպես անվերջանալի երեկույթների կենտրոն։
Պալո Ալտո քաղաքում գտնվող գրասենյակն առանձնանում էր իր համեստությամբ։ Մարկ Ցուկերբերգը հաճախ էր մնում այնտեղ՝ բոբիկ, շորտով և գարեջրի բաժակը ձեռքին։ Գրասենյակը հայտնի էր նաև պրովոկացիոն գրաֆիտիներով։ Նոր գրասենյակ տեղափոխվելուց հետո Facebook-ն ունեցավ առաջին ներդրողին՝ PayPal-ի նախկին գլխավոր Պիտեր Թիլին, ով 500 հազար դոլար ներդրում կատարեց։
Այդ պահին արդեն պարզ դարձավ, որ Facebook-ը ոչ միայն հաջողակ ստարտափ է, այլև 21-րդ դարի նոր մշակութային ֆենոմեն։ 2005թ. մայիսին ընկերությունն ընդհանուր առմամբ 13.7 մլն դոլար ֆինանսավորում ստացավ։ 2006թ. Facebook-ը թողարկեց «Նորություններ» բաժինը, որի շնորհիվ օգտատերերը կարողանում էին տեսնել, թե ինչ են անում ընկերները։
2007թ. ամանորյա երեկույթի ընթացքում Ցուկերբերգը ծանոթացավ Շերիլ Սենդբերգի հետ, ով այդ պահին զբաղեցնում էր Google-ի փոխտնօրենի պաշտոնը։ Շերիլին այդ ժամանակ աշխատանք էին առաջարկել The Washington Post-ում, և վերջինս մտածում էր առաջարկն ընդունել-չընդունելու մասին։ Սենդբերգի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը որոշեց, որ իրեն գործադիր տնօրեն է անհրաժեշտ, և կարողացավ համոզել նրան ընդունել իր առաջարկը։ Դա հեռանկարային որոշում էր։
Facebook-ն արագ տեմպերով էր զարգանում, սակայն սմարթֆոնների տարածման հետ մեկտեղ՝ լսարանն ավելի ու ավելի էր մեծանում։ 2009թ. արագ զարգացումն ընկերությանը ստիպեց տեղափոխվել ավելի մեծ գրասենյակ, որը գտնվում էր Ստենդֆորդի գիտահետազոտական այգում։ Այդ գրասենյակում, սակայն, Facebook-ը երկար չմնաց. 2011թ. գրասենյակը կրկին տեղափոխվեց։ Կորպորատիվ քաղաքի գլխավոր փողոցն անվանվեց Haker way՝ հաքերի ճանապարհ։
Այդ ժամանակ արդեն Facebook-ն իրեն դրսևորել էր՝ որպես առաջատար քաղաքական ուժ։ Դա հատկապես զգացվեց 2011թ. փետրվարին՝ Եգիպտոսում, որի ընթացքում ցուցարարներն իրենց գործողությունները համակարգում էին մեծամասամբ այս գործիքի միջոցով։ Ինքը՝ Ցուկերբերգը, բազմաթիվ անգամներ դիմել է համաշխարհային լիդերներին՝ կոչ անելով ամբողջ աշխարհում ապահովել հասանելիությունը համացանցին։
Ընկերությունը բազմաթիվ անգամ հանդես է եկել հավասար իրավունքների և նույնասեռական ամուսնությունների օրինականացման օգտին։ Այսօր արդեն այս սոցիալական ցանցը դարձել է ամենակարող։
Իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ Ցուկերբերգը հանդիպել է դեռ ուսանողական տարիներին։ Վերջին շրջանում Facebook-ը բազմաթիվ հաջողակ ստարտափեր է գնել. դրանց թվում է նաև Instagram-ը, որը Ցուկերբերգը գնել է 2012թ. 1 մլրդ դոլարով. այն այժմ 400 մլն օգտատեր ունի։ WhatsApp մեսինջերի համար ընկերությունը վճարեց 19 մլրդ դոլար։ Այսօր արդեն դրանից յուրաքանչյուր ամիս օգտվում է ավելի քան 1 մլրդ մարդ։
Մեզ շրջապատող աշխարհը շարունակում է փոփոխվել, իսկ Ցուկերբերգի ընկերությունը չի դադարում զարգանալ և աճել։ Աճի այսպիսի տեմպերի պայմաններում կրկին անհրաժեշտություն է առաջացել փոխել գրասենյակը։ Ընկերությունը կշարունակի առաջ շարժվել՝ Ցուկերբերգի կողմից նախանշված առաքելության շնորհիվ՝ կապել մարդկանց ողջ աշխարհում։ 2015թ. դեկտեմբերին Ցուկերբերգը հայտարարեց Chan Zuckerberg Initiative ընկերության ստեղծման մասին, որը կստանա նրա անձնական եկամուտների 99 տոկոսը և դրանք կներդնի բարեգործական ծրագրերում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը