Բաժիններ՝

«Հաճախ տաղանդավոր մարդիկ չեն դառնում վարպետներ, և պոտենցիալն ուղղակի կորչում է». Կոնստանտին Գարիի Օրբելյան

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը: Այս իրադարձությունը նաև համընկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի հետ, որին Օրբելյան կրտսերը մասնակցում է՝ որպես ժյուրիի անդամ: «Արմենպրեսը» զրուցել է Մաեստրոյի հետ.

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար նշանակվելով` առաջին հերթին՝ ի՞նչ եք ցանկանում անել թատրոնի համար:

– Ինձ շատ համար շատ մեծ պատիվ է և հաճելի՝ ստանալ այս պաշտոնը ստանձնելու հրավեր: Ես հիշում եմ, թե ինչպես 1970-ականներին 6 ամիս ապրել եմ Երևանում, տեսել ժամանակի մեծագույն երաժիշտների բեմադրությունները, լսել Գոհար Գասպարյանին, Տիգրան Լևոնյանին ու շատ այլ տաղանդավոր արտիստների: Այսօր ես միայն մեկ ցանկություն ունեմ` ամեն ինչ ավելի լավ դարձնել թատրոնում: Ուզում եմ, որ Օպերային թատրոնում լինի դրական լիցքերի և նոր գիտելիքների ներհոսք իմ ընկերների ծանոթությունների միջոցով` հօգուտ օպերայի, արտիստների և հանդիսատեսի:

Թատրոնում վաղուց նոր բեմադրություններ չեն եղել: Հասցրե՞լ եք մտածել այդ հարցի շուրջ, կա՞ն ինչոր մտքեր:

Կարդացեք նաև

– Հիմա դեռ ընթացքի մեջ է Գեղամ Գրիգորյանի օրոք սկսված «Տոսկա» օպերայի բեմադրությունը. ես շատ եմ ուզում ավարտին հասցնել նրա միտքը: Շատ եմ ուզում բեմադրել նաև Մոցարտի օպերաներից գոնե մեկը, դրանք վաղուց այս բեմում չեն եղել, ինչպես նաև՝ Ռոսինիի, Բելինիի ու Դոնիցետիի օպերաներից: Այստեղ չկա նաև «Սիրո ըմպելիք»-ը. հարկավոր են թեթև բեմադրություններ, որ կզարգացնեն նաև դերասանական վարպետությունը և օգտակար կլինեն թե՛ հանդիսատեսի, թե՛ երգիչների համար: Ես մի ամբողջ թիմ ունեմ, որ Իտալիայից գալու և օգնելու է ինձ: Այստեղ էր նաև իմ ռեժիսոր ընկերներից Պաուլո Միչեկին, ով ծանոթացավ Օպերային թատրոնի տեխնիկական հագեցվածությանը. նա ապշած էր նրանից, թե այստեղ ինչ հնարավորություններ կան, բայց չեն օգտագործվում: Հիմա ես աշխատում եմ աշխարհահռչակ օպերային երաժիշտների հետ, ովքեր պատրաստ են հետագայում իրենց ներդրումն ունենալ իմ պատմական հայրենիքում օպերայի զարգացման համար: Ամեն ինչ արվելու է աստիճանաբար, ոչ մեկ օրում:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել, որ տաղանդավոր հայ երաժիշտները, դիրիժորներն ու երգիչները չհեռանան Հայաստանից և օգնեն զարգացնել մշակույթի այս ճյուղը:

– Նրանց պետք է զբաղեցնել, դարձնել պահանջված: Իհարկե, նրանք պետք է երգեն և՛ այստեղ, և՛ ճամփորդեն ու ելույթներ ունենան աշխարհի տարբեր թատրոններում, որովհետև միայն մեկ երկրի բեմում հանդես գալն անհետաքրքիր է: Մենք էլ պետք է աշխարհահռչակ տարբեր օպերաներից հրավիրենք երիտասարդ ու միջազգային ճանաչում ունեցող երգիչների: Պետք է զարգանալու ձգտում ունենալ, ընդլայնել աշխարհայացքն ու համակարգել ամեն ինչ:

Դուք նաև Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում եք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից և մասնակիցներից:

– Ես ակնկալում եմ արտասովոր բան լսել: Եվ դա ստացվում է, որովհետև անընդհատ նույն ստեղծագործությունները լսելիս՝ զգում ենք, որ այդ կատարումները մեկը մյուսից շատ տարբեր են հնչում: Դուք կարող եք կառուցել ստեղծագործության էմոցիոնալ ընկալում` կախված դիրիժորից:

Մաեստրո, Դուք մասնակցել և ականատես եք եղել նմանատիպ բազմաթիվ մրցույթների. ինչո՞վ Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը կտարբերվի Ձեր տեսածներից:

– Պետք է նշեմ, որ առաջին հերթին՝ բոլոր դիրիժորների հետ աշխատում է հրաշալի երիտասարդ նվագախումբ: Անձամբ ես մեծագույն հաճույք եմ ստանում նրանց հետ աշխատելիս: Ես տեսնում եմ, թե նրանք որքան ճկուն են և ամեն դիրիժորի հետ տարբեր ձևով են նվագում, իսկ դա շատ բարդ է:

Ըստ Ձեզ՝ երաժիշտներն ի՞նչ գծերով պետք է օժտված լինեն՝ հաջողության հասնելու և արվեստում ինչոր բանով առանձնանալու համար:

– Նախ՝ տաղանդով և աշխատասիրությամբ: Հաճախ տաղանդավոր մարդիկ չեն դառնում վարպետներ, և պոտենցիալն ուղղակի կորչում է: Հարկավոր է ամեն օր աշխատել իր վրա. երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով, պետք է մտածել հաջորդ օրվա անելիքի մասին: Ես հավատում եմ հայ երաժիշտների տաղանդին և ջանասիրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս