«Եվրասիական ինտեգրացիայի հանգուցային սուբյեկտն ու շահառուն պետք է լինի բիզնեսը». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ կայացած կոլեգիայի նիստում քննարկվել են տեխնիկական կարգավորման եւ առեւտրի ոլորտի մի շարք հարցեր: ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում Տ. Սարգսյանը կոլեգիայի անդամների (նախարարների) ուշադրությունը հրավիրել է Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի պահանջմունքների նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտության վրա:

«Մեր խնդիրն անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումն է մեր պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար: Իսկ դրան անկարելի է հասնել առանց բիզնեսի համար լավագույն պայմանների ստեղծման: Եվրասիական ինտեգրացիայի հանգուցային սուբյեկտն ու շահառուն պետք է լինի բիզնեսը: Մեզ անհրաժեշտ է անսալ այդ ձայնին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նաև հավելել է. «Մենք հայտարարել ու բիզնես-հանցակցությանը խոստացել ենք, որ ձգտելու ենք Միությունում գործարկել առավել առաջավոր նորմերը, որ ոչ մի ընկրկում թույլ չենք տալու: Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի մեր խոսքերը գործից չտարբերվեն: Մեր կողմից ընդունվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն համաշխարհային առաջավոր ստանդարտներին, առավելագույն անխոչընդոտ միջավայր ապահովեն առեւտրում»:

Տ. Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՀ-ի նախարարներին՝ անցկացնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների արդյունավետության անաչառ մոնիթորինգ: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի խոսքով՝ ինտեգրացիոն առաջընթաց շարժման, միության երկրների բիզնես-հանրակցությունների հետ արդյունավետ փոխգործակցության համար անհրաժեշտ է հստակորեն գիտակցել՝ «ինչում ենք մենք մոտենում համաշխարհային լավագույն պրակտիկաներին, ինչում ենք գերազանցում եւ որտեղ ենք հետ մնում»:

Տեսանյութեր

Լրահոս