«Հասկացեք Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել ոչ 2018թ. քաղաքական դիրքորոշումները, ոչ էլ սեփական քաղաքական անցյալը». Միքայել Գրիգորյանը՝ Աննա Գրիգորյանին

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Տիկի՛ն Գրիգորյան, ձեր վերջին հարցազրույցում ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին հնչեցրած ակնարկները դժվար թե որևէ մեկի համար նորություն լինեին։ Բայց երբ հերթական անգամ անդրադառնում եք 2018 թվականի իրադարձություններին, արժե հիշել, որ պատմությունը չի սկսվում և ավարտվում միայն այն հատվածում, որտեղ ձեզ հարմար է։

Երբ խոսում եք Սերժ Սարգսյանի՝ տասը տարուց ավելի կառավարելու փորձի «հետևանքներից», մոռանում եք մի կարևոր հանգամանք և այն կոնկրետ մարդկանց ու քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների, ովքեր դուրս էին եկել գիտակցված պայքարի, որի արդյունքում հենց այսօր այս խայտառակ վիճակում ենք։ Այն, որ այդ մարդկանցից շատերը այսօր ձեր այժմյան քաղաքական ճամբարում են, չի փոխում այդ իրադարձություններում նրանց և ինչու չէ ձեր ունեցած դերը։

Հիշեցնենք մի պարզ հանգամանք։ Դուք սկզբում պատգամավորական մանդատ եք ստացել Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով, իսկ 2021 թվականին արդեն հայտնվել եք Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում։ Սա գնահատական չէ, այլ ձեր քաղաքական կենսագրության փաստ։

Եվ որքան էլ այսօր փորձեք այլ կերպ, շատ դրական մեկնաբանել 2018 թվականի իրադարձությունները, ձեր կենսագրությունը դրանից չի փոխվում։ Փաստն արձանագրված է։

Առանձնապես հետաքրքիր է ձեր պնդումը, թե 2018 թվականից հետո Ռոբերտ Քոչարյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդը։ Բայց պատմությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո չի սկսվում։ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի օրերին Փաշինյանի առաջնորդած շարժման նպատակը համընկնում էր նաև մի շարք այն գործիչների քաղաքական նպատակների հետ, որոնք այսօր Քոչարյանի քաղաքական թիմում են։

Այդ մարդիկ Սերժ Սարգսյանի հեռացման հարցում Փաշինյանի հակառակորդները չէին՝ նրանք և ոչ միայն նրանք այդ կոնկրետ հարցում փաստացի նույն նպատակի շուրջ համախմբված դաշնակիցներ էին։

Հակառակ դեպքում հարցազրուցներ չէին տա, ֆոտոզոնաներ հրապարակում չէին ընտրի։

Հետագայում Փաշինյանի և Քոչարյանի միջև ձևավորված քաղաքական հակադրությունը չի կարող հետադարձ ուժով փոխել այդ ժամանակվա դիրքորոշումները։ Այսօրվա քաղաքական հակառակորդ լինելը դեռ չի նշանակում, թե երեկվա պայքարում ընդհանուր նպատակ չի եղել։ Եվ հատկապես անհեթեթ է 2018 թվականի պատմությունը ներկայացնել այնպես, կարծես այն սկսվել է միայն այն պահից, երբ Փաշինյանն արդեն իշխանության էր եկել։

Հարմար պահից պատմություն սկսելը դեռ չի նշանակում, թե մինչ այդ պատմություն չի եղել։

Նույնը վերաբերում է նաև ձեր քաղաքական ճանապարհին։ 2018 թվականի իշխանափոխությունը, հետագայում Փաշինյանի քաղաքական թիմի ցուցակով պատգամավոր դառնալը և այնուհետև Քոչարյանի գլխավորած դաշինքում հայտնվելը Ձեր քաղաքական կենսագրության տարբեր, բայց անբաժանելի էջերն են։ Դրանցից որևէ մեկը հնարավոր չէ պարզապես շրջանցել՝ մյուսի մասին խոսելով։

Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է ասվում, ինչ է ակնարկվում և ինչ է շրջանցվում։ Քաղաքական թիմը փոխելը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց սեփական քաղաքական կենսագրությունը նոր մեկնաբանություններով վերաշարադրելը՝ բոլորովին այլ հարց։

Եվ, ի վերջո, հասկացեք Սերժ Սարգսյանի անունը հերթական անգամ հիշատակելով հնարավոր չէ ջնջել ոչ 2018 թվականի քաղաքական դիրքորոշումները, ոչ էլ սեփական քաղաքական անցյալը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031