«Տարածաշրջանային տնտեսական միավորումներն այսօր այլընտրանք չունեն». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 19-ին Սոչիում, ելույթ ունենալով Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է Հանձնաժողովի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին:

Նա ընդգծել է, որ ԱՍԵԱՆ-ը միտված է ինտեգրացման խորացմանը, եւ այդ առումով միավորումն զգալի չափով կրկնում է Եվրասիական տնտեսական միության հինգ երկրների անցած ճանապարհը: Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունն առավել զարգացած միավորումներն են, որոնք ինտեգրացիոն գործընթացների կառավարումը հանձնել են վերազգային մարմինների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին եւ Եվրահանձնաժողովին:

Նա հանդես է եկել Հանձնաժողովի եւ Ասոցիացիայի միջեւ փոխգործակցության զարգացման օգտին. «ԵԱՏՀ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ երկխոսության հարցը հասունացել է եւ մեզ անհրաժեշտ է՝ որոշել այդ համագործակցության ձեւաչափերը»: Նրա կարծիքով՝ փոխգործակցության արդյունավետ ձեւաչափերից մեկը կարող է դառնալ առեւտրի, տեխնիկական կարգավորման, մաքսային կարգավորման եւ խոչընդոտների նվազեցման ոլորտներում բիզնես հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակումը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային մակարդակներում ինտեգրացման զարգացումը ժամանակակից համաշխարհային տնտեսական գործընթացների իրական թրենդ է: «Տարածաշրջանային տնտեսական միավորումներն այսօր այլընտրանք չունեն»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Այդ թրենդի դրսեւորումներից մեկը ԵԱՏՄ-ի ստեղծումն էր, ինչը պայմանավորված էր մասնակից երկրների իրական տնեսական շահերով: Կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ձեւավորվել է որպես գրավիչ միջազգային նախագիծ, որի հետ համագործակցության նկատմամբ հետաքրքր ություն են դրսեւորել աշխարհի արդեն շուրջ 40 պետություններ: Մասնավորապես, Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար համաժողովի նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ասոցիացիայի երկու անդամների՝ Սինգապուրի Հանրապետության եւ Կամբոջայի Թագավորության հետ:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը 2016 թվականին Հանձնաժողովի աշխատանքի գերակայությունն է:

ԵԱՏՀ-ի խոսնակն ընդգծել է, որ «տարածաշրջանային ինտեգրացման գլխավոր նպատակը տնտեսական աճի ներուժի իրացումն է»: Խոչընդոտների վերացումը, առեւտրի համար միասնական պայմանների ու կարգավորման նորմերի ստեղծումը ավելի բարենպաստ պայմաններ են ապահովում բիզնեսի վարման համար: Մինչդեռ հսկողության ուժեղացումը, ընդհակառակը, նեղացնում է տնտեսական աճի հեռանկարները: Դա, հատկապես, ակներեւ է արդի աշխարհում, որտեղ «տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն առաջ են անցնում քաղաքական գործընթացներից»: Դա ռիսկեր է ստեղծում նաեւ վերազգային մարմինների համար, ինչպիսիք են Եվրահանձնաժողովը եւ ԵԱՏՀ-ն, որոնք ավելի ու ավելի հաճախ են բախվում գլոբալ էկոնոմիկայում արագորեն փոփոխվող թրենդների հետեւից չհասնելու ռիսկին: Բիզնեսի օբյեկտիվ շահերի ազդեցությամբ փոխվում է համաշխարհային տնտեսական ճարտարապետությունը, եւ ինտեգրացիոն միավորումները կոչված են դառնալ իրական տնտեսության եւ ձեռնարկատիրական հանրակցության պահանջմունքների արտահայտիչները:

Նաեւ կարծիք է հայտնել «բարձր տեխնոլոգիաների եւ ինտեգրացիոն թվային հարթակների ձեւավորման ոլորտում կոոպերացման նոր ձեւերի զարգացման» կարեւորության մասին, քանի որ էլեկտրոնային առեւտուրը նվազեցնում է տրանզակցիոն ծախսերը եւ հավելյալ հնարավորություններ ստեղծում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս