ԵԱՀԿ «կապույտ սաղավարտները» Ղարաբաղո՞ւմ. «Հայկական ժամանակ»

Հարցազրույց գերմանացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռարի հետ

– Պարոն Ռար, ինչպե՞ս է վերաբերվում Եվրամիությունը ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։ Բրյուսելը քննարկո՞ւմ է հակամարտության լուծման ուղղությամբ որոշակի քայլեր անելու հնարավորությունը։

– Եվրամիությունը լուրջ վախեցավ եւ մտահոգվեց, երբ շաբաթներ առաջ շփման գծում սկսվեցին ակտիվ զինված բախումներ։ Եվրոպական Միությունը լրջորեն սկսեց խորհել առ այն, որ հեռու մնալ չի կարելի եւ պետք է ներազդել, որպեսզի թույլ չտրվի մեծ արյունահեղություն փաստացի ԵԱՀԿ տարածքում։ Այն է՝ մեծ Եվրոպայի տարածքում։ Ուստի հենց դրա համար սկսվեցին խորհրդակցություններ ու արվեցին առաջարկներ, աոաջին հերթին, Մինսկի խմբի ձեւաչափի ամրացման օգտին։ Հնարավոր է ապագայում Գերմանիան որոշակի դերակատարում ստանձնի այդ ձեւաչափում։ Կան նման խոսակցություններ եւ լուրեր։

Տիկին Մերկելը տարբեր քննարկումներ է անցկացնում էթնո-տերիտորիալ հակամարտությունների լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակին՝ 2009 թվականին, Մերկելը ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ որոշակի քննարկումներ էին տանում, որպեսզի ԽԱՀՄ տարածքում առկա հակամարտությունների գոտիներում տեղակայվեն «կապույտ սաղավարտեր»։ Այդ մասին հետո մոռացան, սակայն այժմ, երբ հակամարտությունները նոր ուժով են ցնցում երկրամասը, շատ վերսկսվեցին այդ քննարկումները։

Այս մասին Եվրոպայում մտածում են, իհարկե՝ դեռ լուրջ մշակումներ եւ առաջարկություններ չկան։ Հնարավոր է առաջիկայզում ինչ-որ նման տարբերակ կիրառվի Ուկրաինայի հարավ-արեւելքում, երբ ԵԱՀԿ-ի դրոշի ներքո խաղաղապահ ուժեր տեղակայվեն Դոնբասի երկրամասի ու մնացած Ուկրաինայի միջեւ։ Կարծում եմ, որ իրատեսական է եւ հնարավոր, որ այդ մոդելը կիրառվի ապագայում նաեւ Ղարաբաղում։ Այս քննարկումներն ընթանում են ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հովանու ներքո։ Գերմանիան մեծ պետություն է եւ իր նախագահության ժամանակ ցանկանում է արդյունքներ գրանցել։ Ուստի, կարծում եմ, ինչ-որ բան կնախաձեռնվի, սակայն ինչպես եւ ինչ եղանակով՝ դեռ դժվարանում եմ ասել։

– Հակամարտության կողմերը, կարծես, դեմ են խաղաղապահների տեղակայմանը։ Այս պարագայում որքա՞ն իրատեսական եք համարում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, որպեսզի կանխվի պատերազմը։ Հնարավո՞ր է հակամարտող կողմերին ստիպել ընդունել խաղաղապահներին։

– Պետք է ամեն դեպքում հասկանալ, որ ԵԱՀԿ «կապույտ սաղավերտները» պատերազմի կանխման հարյուր տոկոսանոց երաշխիք չեն։ Հիշենք, նույն խաղաղապահները տեղակայված էին Հարավային Օսեթիայամ, սակայն դա չխանգարեց Աահակաշվիլիին պատերազմ սկսել 2008 թվականի օգոստոսին։ Այնտեղ ԵԱՀԿ-ն «դրբի տակ» մնաց։ Ուստի, ԵԱՀԿ-ն հստակ երաշխիք չէ, որ պատերազմ տեղի չի ունենա։ Սակայն մյուս կողմից, այլ կամ նոր գործիքակազմ չկա իրավիճակի վրա ներազդելու համար։ Ըստ այդմ, կարծում եմ, շատ հնարավոր է, որ ստեղծվեն համապատասխան զորախմբեր նման ճգնաժամային իրավիճակներում օգտագործելու համար։ Եթե Եվրամիությունը ցանկանում է իսկապես կայունություն հետխորհրդային տարածքում, ապա միայն խոսքերով անհնար է հարցեր լուծել։ Սա, իհարկե, ապագայի հարց է։ Սակայն այժմ Գերմանիայում լրջորեն խոսում եւ խորհում են մեծ Եվրոպայի գաղափարին վերադառնալու համար։ Միայն ընդհանուր Եվրոպա կառուցելու միջոցով Լիսաբոնից Վլադիվոստոկ, հնարավոր է խաղաղություն պահպանել եվրոպական եւ եվրասիական տարածաշրջաններում։ Սա հիմքն է բոլոր էթնո-տերիտորիալ հակամարտությունների լուծման։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս