Բաժիններ՝

«Ադրբեջանի ղեկավարությունը մեծ գայթակղության առջև է կանգնել». Ռուբեն Սաֆրաստյան

«Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, միանգամայն բխում է և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական իրադրությունից։ Եթե մենք նայենք, կտեսնենք, որ աշխարհում բռնությունը, որպես խնդիրներ լուծելու միջոց, գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում: Եթե նայենք տարածաշրջանում, կտեսնենք, որ հենց լայն առումով Մերձավոր Արևելքում է, որ բռնությունը դարձել է քաղաքական նպատակներին հասնելու ամենատարածված միջոցը: Եվ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է այն հիմնական միտումը, որ հիմա ձևավորվել է և՛ աշխարհում, և՛ տարածաշրջանում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Խոսելով Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի մասին նա ասաց, որ Թուրքիան վերջին տարիների ընթացքում, չնայած ծանր կորուստներին, լայն առումով ստացավ այն, ինչին ձգտում էր. «Օրինակ՝ ԵՄ-Թուրքիա գործարքը, որք քննադատվում է ԵՄ երկրների շատ ու շատ հասարակաքաղաքական շրջանակների կողմից, Մերկելի կողմից ճանաչվեց որպես գործող համաձայնագիր, և Թուրքիան ստացավ առաջին միլիարդը: Ինչքան խոսվեց ու քննադատվեց Թուրքիայի ներգրավումը Սիրիայի գործերին, բայց Թուրքիան, ըստ էության, շարունակում է իր այդ քաղաքականությունը։ Թուրքիան շարունակում է աջակցել ծայրահեղական խմբավորումներին, որ գործում են Սիրիայի տարածքում: Շարունակվում է Թուրքիայի տարածքից ռազմամթերքի տեղափոխումը Սիրիա։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը մեծ գայթակղության առջև է կանգնել, նա տեսնում է իր դաշնակիցը ինչեր է անում ու ամեն ինչ ռուսերեն ասած՝ «сходит с рук», դրա համար որոշեց նոր տակտիկա ընտրել Ղարաբաղի հարցում»։

Նա ընդգծեց՝ այն, ինչ տեղի ունեցավ ու շարունակում է տեղի ունենալ, պատահական չէ. «Դա ոչ միայն պահի գնահատականներով էր պայմանավորված, այլ Ադրբեջանի ղեկավարությունը ուղղակի որոշել է ընտրել նոր մարտավարություն, որի էությունը հետևյալն է. գնալով ավելի ուժեղ ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ու այդ ճնշումը կիրառվում է ռազմական միջոցներով: Ադրբեջանի ագրեսիան չի դադարում։ Մենք կարող ենք եզրակացնել, որ սա մեկ աստիճան ավելի մեծ ճնշում է ` ռազմական գործողություններ ամեն գիշեր, ու սա նպատակ ունի խափանելու ՄԽ գործունեությունը»: Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Թուրքիան որոշել եմ, որ ՄԽ միջնորդական գործունեությունը չի բխում իրենց շահերից ու որոշել են վերջ տալ ՄԽ գործունեությանը. «Փորձում են բանակցային նոր ձևաչափ ստեղծել, որը հիմնված կլինի Թուրքիայի միջնորդության վրա: Այսինքն՝ տեղի է ունենում Թուրքիայի բռնի կերպով ներգրավումը միջնորդական գործունեության մեջ»։

Ռ. Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև դիվանագիտական ճակատում մշակել իր մոտեցումները՝ հակազդելու համար այն նոր տակտիկային, որ որդեգրում է Ադրբեջանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս