«ՀԱԿ-ը ձեռք է մեկնել այս իրավիճակը կարգավորելու համար, իշխանության մեկնած ձեռքը և պատասխանն ադեկվատ չէ». Արամ Մանուկյան

«Ի սկզբանե մենք երկու պայման ենք առաջ քաշել ու նշել ենք, որ մենք համաձայն ենք ցանկացած ձևաչափով քննարկումներ կազմակերպելուն, բայց դա չի լինելու միակ ձևաչափը, որտեղ մենք քննարկելու ենք, և այնտեղ որևէ որոշում չի կայացվելու»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող «4+4+4» ձևաչափով քննարկումների ձախողման մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար շատ դժվար էր ընդդիմությանը և քաղհասարակությանը բերել կառուցողական դաշտ: Նա նշեց, որ, երբ առաջին իսկ հանդիպումից հետո բոլորը որոշեցին, որ փակ հանդիպում է լինելու, ինչ-որ ձայնաերիզներ հայտնվեցին մամուլում, բայց իրենք էլի շարունակեցին քննարկումները: Անձամբ Հ. Սահակյանի համար այդ քննարկումները բավականին «կառուցողական» էին ու «օգտակար». «Ուրբաթ օրը, երբ մեր հանձնաժողովում կքննարկվի Ընտրական օրենսգիրքը, այն փոփոխությունները և լրամշակումներ, որը դուք կտեսնեք, կզգաք, որ ոչ միայն այդ քննարկումների, այլև բազմաթիվ այլ քննարկումների արդյունքներն արտացոլված են այդ նախագծի մեջ»:

Հարցին, թե կարո՞ղ եք մասնավորեցնել 1-2 կետեր, որոնք այս քննարկումների արդյունքում եք փոփոխել, Հ. Սահակյանը պատասխանեց, որ չէր ցանկանա մասնավորեցնել այս կամ այն քննարկումը: «Օրինակ, հարց են բարձրացրել, որ ազգային փոքրամասնությունների ցուցակը չպետք է լինի պարտադիր կցելու պայման, և փորձել ենք դա իրացնել, այսօր իրացված է: Օրինակ, մատները թանաքոտելու փոխարեն՝ էլեկտրոնային եղանակով մատնահետք վերցնելը, ցուցակները հրապարակելուն փոխարինել է էլեկտրոնային սարքավորման միջոցով դրան մասնակցած բոլոր քաղաքացիների հերթական համարների տպագրումը, և թույլ տանք՝ բոլորն անխտիր տեսաձայնագրեն, լուսանկարահանեն, և այդ փաստերն ունենան իրենց մոտ, որ հետագայում տարբեր գործընթացների հիմք կարող են լինել»,- նշեց Հ. Սահակյանը:

Նա նաև նշեց, որ վերջերս է հանդիպել «էլեկտրոնային տեխնիկային չենք վստահում» պնդմանը. «Երբ նույնականացման քարտն էինք քննարկում, թե ինչն ինչպես դնել շրջանառության մեջ հանրաքվեի ժամանակ, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ ունեին միայն նույնականացման քարտ, իմ գործընկեր, շատ սիրելի և հարգելի պարոն Արամ Մանուկյանը մի սարքավորմամբ ներկայացավ ԱԺ և ասաց, թե՝ այս սարքավորումն ի՞նչ է, որ չեք դնում, որը վստահություն կներշնչի: Հիմա մենք մի ամբողջ համակարգ ենք ներդնում, որը սկզբից մինչև վերջ այդ գործընթացը կվերահսկի, կտրոն կտրամադրի քաղաքացուն, որ այդ կտրոնի առակայության դեպքում նոր քաղաքացուն իրավունք կվերապահեն, որ իրենց ընտրական իրավունքն իրացնեն: Լավ գաղափարներ առաջարկողները մեր երկրում շատ են, բայց գործ անողները մի փոքր քիչ են»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, որ իրենք իշխանություններին գրած իրենց առաջարկությունների մեջ իշխանությունների ուզածն են գրել. «Որ եթե դուք գալիս եք համաձայնության ցուցակները հրապարակելու, նկարահանման սարքերը ներդնելու, այդ դեպքում մենք համաձայն ենք նաև ստորագրել ձեր՝ էլեկտրոնային գրանցման համակարգը՝ որպես տեխնիկական միջոց ներառելու տակ, բոլոր տեխնիկական միջոցները, որ առաջարկում ենք մենք և իշխանությունը, միասնականացնենք, դիմենք դոնոր կազմակերպություններին միասնական ստորագրությամբ»:

Ա. Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը որակական առումով է, որ չի գալիս ընդառաջ, «ասում են՝ ֆինանսավորում ենք, բայց տեր չենք կանգնում այդ փաստերին»: Ըստ նրա՝ դրանով իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից:

«Մենք շատ հույս ունեինք, որ իշխանությունը, ելնելով նաև քաղաքական իրավիճակից՝ Ղարաբաղի հետ կապված այս իրավիճակից, խելքը կհասներ՝ մի քիչ զգոնություն հանդես կբերեր ու կգար այս խնդիրը լուծելու: Մենք ուղղակի զարմացած ենք, տարօրինակ ենք համարում, որ այս իրավիճակում իշխանությունները չեն գնում այդ կետերի քննարկմանը: Այսօր այն պահն է, որ ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը, ընդառաջ է գնացել՝ քաղաքական աջակցությամբ, ու այն չի ծառայում ներքին աշխատանքային հարաբերությունների համար լավ հիմք, ու դա է ինձ համար տարօրինակ: Մենք ձեռք ենք մեկնել այս իրավիճակը կարգավորելու համար, իշխանության մեկնած ձեռքը և պատասխանն ադեկվատ չէ, ու դա երևաց Հրազդանի, Թալինի ընտրություններում»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ գործող նախագահն ու առաջին նախագահը հանդիպել էին ու քննարկել ԼՂՀ սահմանային լարված իրավիճակը:

 

Տեսանյութեր

Լրահոս