Հայերը մերկացրեցին Ագրամունտին

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը։ ԵԽ ԽՎ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, նախատեսվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական սրացումը» թեմայով քննարկումներ։

Նախնական օրակարգում ներառված հարցերի թվում էր Նադեժդա Սավչենկոյի գործը, որը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումների հետ պետք է ներառվեր օրակարգ՝ որպես հրատապ հարց։ Ի դեպ, քննարկման երեք վերնագիր էր առաջարկվել. հայկական պատվիրակությունն առաջարկել էր «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, ադրբեջանական պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան» վերնագրով, իսկ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ամենայն հավանականությամբ, քննարկման պետք է դրվեր Ռոշբլուայի առաջարկը, որը ներկայացվածներից ամենաչեզոքն էր։

Սակայն լիագումար նիստի ընթացքում այս հարցով քննարկումներ տեղի չունեցան, քանի որ ավելի վաղ ԵԽ ԽՎ Քաղաքական բյուրոյի նիստի ընթացքում որոշվել էր չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած առաջարկ՝ որպես ընթացիկ հարց, քանի որ ամիսներ առաջ ԵԽ ԽՎ նիստի ընթացքում պատգամավորներն արդեն իսկ հայտնել էին իրենց տեսակետները ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկելով բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ադրբեջանամետ ձևակերպումներով զեկույցը, որն այդպես էլ չհաստատվեց ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում։ Այնուամենայնիվ, «Պանամա թղթերի գործը և ֆինանսական, սոցիալական և հանրային վստահության մտահոգությունները մեր ժողովրդավարական համակարգում» թեման մտավ օրակարգ՝ որպես ընթացիկ քննարկվող հարց։

Սակայն գարնանային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում թեժ քննարկումներ ծավալվեցին ԼՂ-ում բռնկված քառօրյա պատերազմի շուրջ բյուրոյի հաշվետվության ներկայացումից հետո։ Ի դեպ, հաշվետվությունը ներկայացրեց հույն պատգամավորուհի Իոանետտա Կավվադիան, ով նշեց, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել, որտեղ էլ այն լինի, և ԵԽ ԽՎ-ն հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է։ ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, որը Եվրոպայում հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով, հայտարարեց, թե հակամարտությունը պետք է կարգավորվի` տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով, կոչ անելով կողմերին՝ հարգել հրադադարի պայմանագիրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, երբ պատերազմը Ղարաբաղում դեռ շարունակվում էր, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հորդորելով կողմերին հարգել հրադադարը և արագ վերադառնալ ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններին՝ հայտարարել էր. «Կոչ եմ անում հեռացնել ողջ հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»։ Հիշեցնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թվականին ԵԽ ԽՎ-ին միանալիս պարտավորվել էին կիրառել միայն խաղաղ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրենց հակամարտությունը լուծելու համար, Ագրամունտը կոչ էր արել երկու երկրների կառավարություններին՝ զերծ մնալ բռնություններից։ Ագրամունտը նաև ողջունել էր «Ադրբեջանի կողմից հայտարարված միակողմանի հրադադարը»։

ԵԽ ԽՎ լիագումար նիստի մեկնարկին լուրջ քննադատության ենթարկվեց Պեդրո Ագրամունտը։ Մասնավորապես, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակներ Նաիրա Զոհրաբյանն ու Սամվել Ֆարմանյանը լուրջ քննադատության ենթարկեցին ԵԽ ԽՎ ադրբեջանամետ նախագահին։

«Երբ ձեզանից շատերն անցած նստաշրջանին քվեարկեցին կողմ Սարսանգի ջրամբարի, իբր, հումանիտար խնդրին, Ադրբեջանի ռազմական այս ագրեսիայից հետո, հույս ունեմ՝ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ Սարսանգը գրավելն էր: Եվ դրա համար էր անհրաժեշտ միջազգային կառույցներում և ԵԽ ԽՎ-ում ստանալ ձեր աջակցությունը՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար: Նայեք ադրբեջանական զինուժի տեղաշարժը պատերազմի այդ օրերին, և կհասկանաք, որ ձեր քվեարկությամբ նաև դուք Ադրբեջանին տվեցիք այդ քարտ-բլանշը»,- ասաց Զոհրաբյանը` Ագրամունտին մեղադրելով Ալիևի ռեժիմին պաշտպանելու և միակողմանի դիրքորոշման մեջ։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր հերթին՝ նշեց. «Մինչ միջազգային հանրության ուժեղ և միաձայն ուղերձը Ալիևին՝ խաղաղության հույսի պատուհան էր իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար՝ պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը հակասության մեջ դրեց մեր Վեհաժողովը միջազգային հանրության հետ՝ այս անգամ՝ ոչ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների չափերի մասին անտեղյակությամբ, բայց բացառիկ կերպով վտանգավոր հայտարարությամբ, որն ակնհայտորեն բռնում էր Ադրբեջանի կողմն այդ չափազանց անկայուն իրավիճակում։

Դժբախտաբար, պարոն Ագրամունտի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց նրա կողմնակալությունը՝ որպես Վեհաժողովի նախագահ, և լրատվամիջոցներին առիթ տվեց հաղորդելու Ադրբեջանի լոբբինգի կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնասելով միլիոնավոր եվրոպացիների և մեր Ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում Վեհաժողովի հեղինակությունը»։

Իր դիրքորոշումը փորձեց հայտնել և Ագրամունտին փաստաբանական ծառայություններ մատուցել ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան։ Վերջինս ցանկացավ նաև ԵԽ ԽՎ պատվիրակներին ապացուցել, որ քառօրյա պատերազմը նախաձեռնել է Հայաստանը և ոչ Ադրբեջանը` հակադրվելով Սամվել Ֆարմանյանին։ Չնայած օրակարգից դուրս պրծած այս թեժ քննարկումներին, հայաստանյան պատվիրակությանը կրկին չհաջողվեց օրակարգ մտցնել մի հարց, որի քննարկումն այսօր կարող էր շահավետ լինել կարգավորման գործընթացում հայկական կողմերի համար։

Ավելին, ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը փորձել է արդարացնել այդ որոշումը, ասելով, թե ԵԽ ԽՎ-ն նպատակ ունի խուսափել իրավիճակի հետագա սրացումից այն դեպքում, երբ, ըստ փորձագիտական հանրության, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսված և չորս օր շարունակված ադրբեջանական ագրեսիայի հարցում լուրջ դերակատարություն ունեցավ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հաստատված՝ Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով, իբրև թե, սոցիալական բնույթի զեկույցը, ու, ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը, դա ադրբեջանական ագրեսիայի համար քարտ-բլանշ դարձավ։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս