«Ակնհայտ է, որ մենք 3 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու այս տարի». Արծվիկ Մինասյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե վերջին ռազմական գործողություններն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ն տնտեսական աճի վրա, ասաց, որ սպառնալիքներ, մարտահրավերներ կան, բայց մենք հաղթահարելու ենք: «Որևէ մեկը թող հույս չունենա, որ այդ բացասական գործողություններն ազդելու են: Մենք պետք է ջանքեր գործադրենք և այդ ջանքերը գործադրելու ենք կրկնակի-եռակի ավելի մեծ համախմբվածությամբ՝ թե ներդրումներ ներգրավելու, և թե Հայաստանի առևտրաշրջանառությունը պատշաճ մակարդակի վրա պահելու ուղղությամբ: Առանց տնտեսական առաջընթացի, առանց երկրում համախմբվածության՝ մենք չենք կարող նաև մեր անվտանգությունը լիարժեք երաշխավորել: Հետևաբար՝ բանալին մեր համախմբվածության և տնտեսական նախաձեռնությունների առաջմղման մեջ է»,- ասաց նախարարը և հավելեց, որ խնդրում է՝ ներքին տարաձայնությունները թողնել մի կողմ, համախմբվել նախաձեռնությունների, ներդրողներ ներգրավելու, Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու շուրջ:
Հարցին՝ պատերազմը չի՞ խանգարի ներդրողների ներգրավմանը, նա պատասխանեց.
«Ես նորից եմ ասում՝ սպառնալիք, իհարկե, կա. ո՞նց կարող է չխանգարել կամ փորձ չանել խանգարելու: Մեր ամբողջ խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է այդ սպառնալիքը կարողանանք չեզոքացնել»:
Լրագրողի հարցին՝ բյուջեով նախատեսված տնտեսական աճը կապահովվի՞, նախարարը պատասխանեց, որ «մեկից մեկ կապահովվի». «Ես հիմա չեմ ուզում միանգամից ասել, բայց ակնհայտ է, որ մենք 3 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու այս տարի: Դրա բոլոր նախադրյալներն այս տարի կան»:
Անդրադառնալով ռազմական արդյունաբերությանը՝ նա նշեց, որ ռազմաարդյունաբերական համալիր պետք է ունենանք, առանց որի, ըստ նրա՝ հնարավոր չէ ունենալ բարձր պաշտպանունակություն. «Սա այն հատման կետն է, որտեղ տնտեսությունն ու անվտանգությունն ապահովում են միացյալ համակարգ ու ձևավորում են մեր պաշտպանունակության հզորացումը: Դա վերաբերում է արդյունաբերության հիմնական ուղղություններին` սկսած սարքաշինությունից, բարձր տեխնոլոգիաներից, ավարտած՝ ռազմական արդյունաբերության մեջ ամբողջ ճարտարագիտական ներուժի ներդրումով»:
Նա ընդգծեց՝ այս ուղղությամբ այժմ մեծածավալ աշխատանքներ են իրականացնում. «Առաջիկայում ականատեսը կլինեք ռազմաարդյունաբերական ոլորտում մի քանի լուրջ նախաձեռնությունների»:
Հարցին՝ ՀՀ-ին նկատմամբ ռազմավարական գործընկերների ցուցաբերոծ դիրքորոշումից հետո, որպես էկոնոմիկայի նախարար՝ որքանո՞վ եք արդյունավետ համարում մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նա պատասխանեց.
«Ես՝ որպես նախարար, դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին` առանց որևէ վերապահման: ԵԱՏՄ շրջանակներում մենք պետք է առավելագույն հնարավորությունները գործադրենք: Չսպասենք, թե որևէ երկիր, այդ թվում` ԵԱՏՄ անդամ, մեզ բլիթներ է բաժանելու: Եթե ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, նույն ակտիվ նախաձեռնողական, առանձին դեպքում՝ նաև ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը պետք է վարենք նաև այս միության շրջանակներում: Միայն այս դեպքում մենք կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ից ստացանք ավելին, քան սպասում էինք»: