Ջոն Սթեյնբեքը եղել է Հայաստանում
Ջոն Սթեյնբեքը եղել է Հայաստանում: Այս փաստը շատերի համար պիտի անակնկալ լինի: «Եթե եղել է, ինչո՞ւ այդ մասին ոչինչ չի ասվել»,- կհարցնեն նրանք: Ինչպե՞ս է պատահել, որ ամերիկյան գրականության մեծագույն դեմքերից մեկը, Պուլիտցելյան ու Նոբելյան մրցանակների դափնեկիրն այցելել է մեր երկիր, մինչդեռ դրա մասին նույնիսկ ամենահակիրճ հիշատակությունն անգամ չկա:
Նման հարցերի պատասխանը թերևս պետք է փնտրել իր ժամանակի մեջ: Բայց որ Սթեյնբեքն իսկապես եկել է Հայաստան, դա անժխտելի է:
Իսկ պատմությունն այսպիսին է: 1963 թ. Կարիբյան ճգնաժամից հետո ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները կարգավորման կարիք էին զգում: Եվ պետական այրերն այդ գործում ներգրավեցին ոչ միայն դիվանագետներին, այլև մտավորականներին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Քենեդին Սպիտակ Տուն հրավիրեց Սթեյնբեքին և առաջարկեց իբրև բարի կամքի դեսպան մեկնել Խորհրդային Միություն: Ուղևորությունը կայացավ 1963 թ աշնանը: Հայտնի է, որ կնոջ հետ ԽՍՀՄ ժամանած գրողը եղավ Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիիում, Լենինգրադում, իսկ այնուհետև ճանապարհ ընկավ դեպի Երևան:
Պետք է ասել, որ մինչ նշանավոր հյուրի ժամանումը Հայաստանում արդեն կար որոշակի նախատրամադրվածություն: Գաղափարախոսական քարոզիչները ջանք չէին խնայել բացատրելու, որ Երևան պիտի գար կապիտալիստական մշակույթի «շնաձկներից» մեկը, կոսմոպոլիտ, թափառական, հարբեցող, Դոն Ժուանի համբավ վայելող Ջոն Սթեյնբեքը, որի կերպարի այս «նրբերանգների» թիկունքում խամրում էր ամենագլխավորը` տաղանդավոր մարդը: Հրահանգն այն մասին, որ օտարերկրացու հետ զրույցներում և շփումներում անհրաժեշտ էր լինել առավելագույնս զուսպ և շրջահայաց, լրացվում էր այն պահանջով, որ Սթեյնբեքը Հայաստանից պիտի հեռանար լավագույն տպավորություններով:
Իսկ Երևանում գրողին և նրա կնոջը մշտապես ուղեկցում էին քաղաքացիական հագուստով անժպիտ մարդիկ` նրանց առաջարկելով այն երթուղին և ծագիրը, որ վաղօրոք մշակված էր:
Բայց և այնպես հայաստանյան հանդիպումներն իրենց ջերմությամբ և անմիջականությամբ խախտեցին սահմանված «չափորոշիչները», ու թեև դրանց մասին չափազանց քիչ տեղեկություններ կան, սակայն եղածն էլ բավարար է պատկերացում կազմելու, թե ինչպիսի երկիր ու ժողովուրդ տեսավ Սթեյնբեքն իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու:
Ժուռնալիստների միության կողմից Սթեյնբեքին ուղեկցում էր հայտնի լրագրող Վլադիմիր Շահնազարյանը: Լուսանկարներ էր անում Մոսկվայից եկած ֆոտոթղթակից Յուրի Լևինը: Նաև նրանց օգնությամբ է, որ այսօր հնարավոր է վերականգնել այն օրերի մի քանի դրվագներ: Սակայն ի՞նչ է հայտնի այդ մի քանի օրերից: Տեղեկություններ կան այն մասին, որ Սթեյնբեքը մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի տոնակատարությանը, եղել է Հայաստանի տեսարժան վայրերում, դիտել պատմության հուշարձաններ: Իսկ այնուհետև նա այցելել է Մարտիրոս Սարյանին: Սարյանը որոշում է նկարել գրողի դիմանկարը: Այս հանդիպման մասին մի հետաքրքիր դրվագ է պատմում Վ. Շահնազարյանը. «… Բոլորը լքում են արվեստանոցը, Սարյանը սկսում է նկարել: Սակայն որոշ ժամանակ անց Սթեյնբեքը դուրս է թռչում սենյակից ու տագնապով ասում է ներկաներին.
– Ծերուկն իրեն վատ է զգում: Նա բարկացած է ու ինքն իրեն բարձրաձայն քրթմնջում է…
Հավաքվածները ներս են մտնում, իսկ այնտեղ Սարյանը է` վրձինը ձեռքին և քթի տակ խոսում է. «Ինչ երկնագույն աչքեր ունես: Մի՞թե գույնը չեմ որսալու… Ծեր ավանակ, հարյուր տարի է նկարում ես ու այդպես էլ չսովորեցիր մարդ պատկերել…
Դիմանկարն իսկապես հրաշալի էր ստացվել: Կտավը դիտելուց հետո Սթեյնբեքն ասաց.
– Նա գիգանտ է»:
Բարեբախտաբար, պահպանվել է Սթեյնբեքի այցելության գրավոր վկայությունը, և դրա հեղինակը հենց մեծահամբավ հյուրն է: ԱՄՆ վերադառնալուց հետո որոշ ժամանակ անց Ջոն Սթեյնբեքը մի նամակ է հղում Խորհրդային Հայաստանի գրողներին, որը ներկայացնում ենք ստորև.
«Գրողների Միություն, Երևան
Սիրելի բարեկամներ,
Ես մտադիր էի առանձին-առանձին գրել ձեզ բոլորիդ, որպեսզի շնորհակալություն հայտնեի այն հյուրընկալության և սիրալիրության համար, որով ընդունեցիք մեզ` վերջերս կատարած մեր շրջագայության ժամանակ: Բայց երբ սկսեցի մտաբերել այն բազմաթիվ մարդկանց, որոնք մեր բարեկամներն են դարձել, իսկույն ըմբռնեցի, որ այդպիսի ծրագրի իրականացումը մի քանի տարի կպահանջի: Կան նաև այլ դժվարություններ: Անտարակույս, պետք է, որ գրեի Մեծ Նկարչին`Սարյանին և նրա ընտանիքին, բայց ի՞նչ ձևով պետք է շնորհակալություն հայտնեի այն գյուղացի մարդկանց, որոնք անուշ սուփրա փռեցին խոտի վրա` լեռներում, կամ այն զույգին, որ մեզ սառն ու թարմ խաղողահյութով հյուրասիրեց բարձրաբերձ տաճարի մոտ:
Ես նրանց անունն անգամ չգիտեմ, բայց կուզենայի, որ նրանք իմանան, թե որքան նշանակալից տեղ են գրավում մեր հիշողություններում:
Մենք այնքան շատ բան ենք հիշում և անչափ հաճույքով ու ջերմությամբ… Երգերը` սեղանի շուրջ, վանքերը` անհավատալի, ժայռափոր, վեհ գահավանդը` ծռված խորը կիրճի վրա, որտեղ հռոմեական լեգիոններն են քայլել, և լուսաբացի տեսքը Արարատ լեռան, և այն, թե ինչպես էր փոխվում նա հետմիջօրեին, և Սայաթ-Նովայի երգերի բառերը, որ անծանոթ էին մեզ, բայց անչափ քաղցրահնչուն:
Վերհիշում եմ Երևանի հնամյա փառքը` լեռան չափ բարձրացած իր սերունդներով, և նրա հարատևումը… Սիրելի մի երկիր, սիրելի մի ժողովուրդ, և հարատևող… Դա է գլխավորը` հարատևումը…
Մենք հիշում ենք, այո, այն միտքը, որ մեր ճանապարհորդության ընթացքում գալիս էր սուր ածելու պես… Չնայած մեզ բաժանող մղոններին ու օվկիանոսներին, չնայած բարքերի, գաղափարախոսության, մեթոդների ու տեխնիկաների, պատմությունների ու ծագման, կենսափորձերի ու հիշատակների զանազանությանը, այն ամենին, որ պետք է տարբերեր մեզ, այնուամենայնիվ, մենք ավելի շատ ենք նման իրար, քան իրարից տարբեր:
Ազնվությունը ինտերնացիոնալ է, միջցեղային:
Ազնվության համար լեզու անհրաժեշտ չէ, որովհետև դա էլ մի լեզու է:
Ոչ, տարբեր չեն մեր իղձերն ու կարիքները: Ի՞նչ են դրանք. խաղաղություն, բարեկամություն, բավարար բարեկեցություն` տվայտանքը հեռու պահելու մեզնից, նաև իրավասություն, ժամանակ, ուժ և կամք բոլոր մարդկանց համար, որ ապրեն ու ձգտեն իրենց կարողությունների բարձրագույն գագաթին:
Այդ ենք ուզում մենք և դուք… Բարեբեր մի աշխարհ, որ չաղարտվի չարամտությամբ կամ տագնապալի աղմուկով, մի դռնբաց աշխարհ, ուր երեխաները կարողանան արտաքնապես ծիծաղկոտ մեծանալ և ներքուստ` ոչ վիրավորված, ոչ էլ խոժոռ:
Եվ եթե այս ամենով մենք նման ենք իրար, էլ ինչու՞ զարմանալ, որ մենք սիրալիր ընդունելության և վերաբերմունքի արժանացանք Երևանում:
Հայաստանն իր հետքը դրոշմեց մեզ վրա: Հարուստ և չքնաղ մի երկիր է դա: Էլ ինչու՞ զարմանալ, որ գրգռել է ներխուժողների ագահությունը: Սակայն եթե Հայաստանը բարեբեր մի երկիր է, ապա նաև բախտավոր է, որ ունի մի ժողովուրդ, որը կրքոտությամբ գիտակցում է նրա գեղեցկությունը և իր սերն է խփել հրե ու ցասումնալի դարերի փորձաքարին: Այդ երկաթյա սուրն է Հայաստանի ուժը, այնպես որ երկիրն օրհնված է իր ժողովրդից և ժողովուրդը` իր երկրից:
Այս զգացումը մենք վերցրինք ձեզնից, և շնորհակալ ենք դրա համար, քանզի գիտենք, որ էլ երբեք օտար չենք լինելու Հայաստանում:
Ձեր Ջոն Սթեյնբեք»:
Թեև գրողը խոստովանում էր, որ բոլորին առանձին-առանձին գրել չի կարող, սակայն մեկի համար նա բացառություն է անում: Եվ այդ ընտրյալը բանաստեղծ Հովհաննես Շիրազն էր: Ահա նրա այն նամակը, որ նա հասցեագրել է Շիրազին.
«Սիրելի ընկեր,
Այն ժամանակներից ի վեր , ինչ իմ կինը ՝ Էլենը և ես վերադարձել ենք տուն , Երևանում կատարած մեր այցելությունը, Ձեզ և Ձեր վերաբերմունքը մեր մտքերում են մնացել: Ձեր ջերմ հյուընկալությունը մեզ հետ է՝ որպես բարի հիշողություն: Մենք չենք մոռանում Ձեր աստվածային այգիները, որոնք երազ չէին: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես Հայաստանի գեղեցկությունն իրական է:
Իհարկե, մենք ունեցանք որոշակի հակադրություններ և տարաձայնություններ մեր տեսակետներում, բայց մենք բնական ենք դա ընդունում, և այն չի կարող խոչընդոտել մեր ընկերությանը:
Ես այն եզրակացության եմ եկել, որ աշխարհում ամեն բան կա՝ և լավ, և վատ, և ուրախություն, և զզվելի աղբ, և ծիծաղ: Ու ես հավատում եմ , որ ընկերները միասին ամեն բան հաղթահարում են, երբ միասին են ծիծաղում, իսկ ես հիշում եմ, որ մենք Երևանում միասին ծիծաղելու բավականին առիթներ ենք ունեցել:
Հուսով ենք, որ մի օր կայցելեք մեզ: Անկասկած հավատում ենք, որ առիթ կունենանք Ձեզ հյուրընկալել այն նույն ջերմ ընդունելությամբ, որ մենք ստացել ենք Ձեզնից:
Ձեր ընկեր` Ջոն Սթեյնբեք
Մայիս 9, 1964»:
Տեղեկություններ կան այն մասին, որ իր ուղևորության ընթացքում Սթեյնբեքը օրագրային գրառումներ է կատարել: Հավանաբար մի օր դրանք լույս աշխարհ կգան և մենք ավելին կիմանանք, թե մեր երկրում ինչ է տեսել ու լսել ամերիկացի մեծ արվեստագետը մոտ կես դար առաջ: