«2016-ը ԵՏՄ-ի համար դժվար տարի է լինելու». ԵՏՄ երկրների փորձագետները մատնանշում են ԵՏՄ-ում առկա լրջագույն խնդիրները

«Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համար սկսված տարին տնտեսապես բարդ խնդիրներով լի է լինելու»,- այս եզրահանգմանը եկան այսօր «ԵՏՄ-ում ինտեգրման խորացման հեռանկարները. Փորձագիտական հայացք Ռուսաստանից, Հայաստանից ու Ղազախստանից» թեմայով տեսակամուրջի ժամանակ ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևը, ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային պետությունների տնտեսական զարգացման հատվածի վարիչ Ելենա Կուզմինան, Երևանից` Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն ու Աստանայից` «Նուր Օտան» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովը։

Վլադիմիր Տելնովը՝ որպես ԵՏՄ-ում այս տարի նախագահող երկրի ներկայացուցիչ, ասաց, որ 2016թ. Եվրասիական տնտեսական միության համար բարդ է լինելու: Բայց այնուամենայնիվ, ըստ նրա, չնայած այն դժվարություններին, որոնք ԵՏՄ երկրների գլխին են թափվել, պետք է տեսնել ապագան, նայել հեռանկարների ուղղությամբ և հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ պետք է զարգացնել կառույցը:

«Երբ մեր երկրների տնտեսությունները լուրջ դժվարություններ ունեն՝ արժութային ցնցումների հետ կապված, ԵՏՄ երկրները պետք է ինչ-որ կերպ ուրվագծեն ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարներ: Խոսքը նոր արժույթի ստեղծման մասին չէ: Դա, հասկանում եք, որ ակնհայտորեն ոչ տեղին և ժամանակավրեպ միջոց է, բայց անհրաժեշտ է մշակել բոլորիս համար ընդհանուր մոտեցումներ: Օրինակ, մենք ներկայումս շատ ենք խոսում ինֆլյացիայի թիրախավորման մասին: Այն ինֆլյացիայի պայմաններում, որն ունենք այժմ, իհարկե, բարդ է իրականացնել այս կամ այն պրոյեկտները: Ուստի` ինչպե՞ս զսպել գնաճը, ինչպե՞ս ֆինանսական հիմք ստեղծել մեր ֆինանսական խնդիրների լուծման համար. կարծում եմ՝ սրանք են այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք»,- ասաց ղազախստանցի փորձագետը:

download

Իր հերթին՝ Աշոտ Թավադյանը համաձայնեց Ղազախստանի ներկայացուցչի կարծիքի հետ, որ հաջորդ տարին բարդ է լինելու: Սակայն, նրա խոսքով, այնքան էլ բարդ չի լինի, եթե ԵՏՄ երկրներն իրենք չփորձեն դա բարդացնել: Հայաստանցի մասնագետը հիշեցրեց, որ հարցն այն է` ԵՏՄ առանցքային փաստաթուղթը` ԵՏՄ համաձայնագիրը, մատնանշում է բոլոր ոլորտներում անհրաժեշտ քաղաքականությունը՝ ինչպես արժութային, այնպես էլ՝ դրամավարկային ոլորտում, այսինքն` այս քաղաքականությունները պետք է վարվեն ԵՏՄ համաձայնագրին համապատասխան: «Մեր կյանքը բարդացնում է համաձայնագրի կետերի չկատարումը»,- մատնանշեց Թավադյանը՝ շարունակելով, որ ԵՏՄ հաջողության բանալին ԵՏՄ երկրների ձեռքում է, քանի որ խնդիրները վերաբերում են ԵՏՄ տարածքին, իսկ ԵՏՄ-ն կոչված է լուծելու այդ խնդիրները:

«Առանցքային տնտեսական ցուցիչները հստակեցված են 63-րդ հոդվածում, սակայն այնտեղ կետ կա, որի համաձայն՝ ինֆլյացիան ԵՏՄ երկրներում չպետք է անցնի 5%-ը մինիմալ, Հայաստանում 3% է մոտավորապես, Ռուսաստանում` 13%, Ղազախստանում` նույնքան, Բելառուսում` ավելի բարձր, այսինքն` այս կետը չի իրականացվում, իսկ կենտրոնական բանկերը լուծելո՞ւ են այս խնդիրը, ընդհանրապես սա լուրջ մարտահրավեր է, եթե ինչ-որ բան չի իրականացվում, պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնել, ի դեպ, օպերատիվ կերպով կամ էլ այդ կետը հստակեցնել: Ինչ վերաբերում է արժութային քաղաքականությանը, ապա այո, այդ բոլոր ծրագրերը չեն իրականացվելու նորմալ, եթե մենք չիրագործենք 64-րդ հոդվածը, որը հստակեցնում է արժութային քաղաքականության նպատակն ու սկզբունքները»,- մեկնաբանեց Աշոտ Թավադյանը:

52d6b38da18f5_medium

Վերջինս նաև նշեց, որ ԵՏՄ-ն որոշակի օգուտներ ևս հասցրել է տալ, սակայն պետք է միասնականորեն լուծել ներկայումս առկա խնդիրները, որպեսզի բարձրանա ԵՏՄ արդյունավետությունը:

Նույն կարծիքին է նաև Ալեքսանդր Գուսևը: Սակայն, ըստ նրա, դրական կլինի այս խնդիրների լուծման ճանապարհին ԵՏՄ-ում վերազգային մարմինների ստեղծումը: «Սա առանցքային նշանակություն կունենա, և այդ գործընթացն արդեն իսկ գործընթացի մեջ է: Հուսով ենք, որ Ղազախստանը, ով նախագահում է ԵՏՄ-ում այս տարի, բոլոր խնդիրներին կվերաբերվի լրջությամբ` զբաղվելով դրանցով»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս