«Առաջարկվող Սահմանադրությամբ վարչապետը տարեկան առնվազն մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնելու ԱԺ-ին». Բագրատ Եսայան

ՀՅԴ-ի մոտեցումը հանրաքվեին ու առաջարկվող սահմանադրական փոփոխություններին միանշանակ և վճռական «այո» է։ Այս մասին այսօր «Սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի քաղաքական ապագան» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ այդ մոտեցումը նոր չեն արձանագրել.

«Դեռևս 1988թ. Դաշնակցությունն իր ծրագրում արձանագրել է, որ Հայաստանը պետք է լինի խորհրդարանական հանրապետություն։ Մեր «այո»-ն՝ պառլամենտական համակարգին, արձանագրված է դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում որևէ անկախ քաղաքական ուժ չկար: Այնպես որ, երբ մեղադրանքներ են հնչում, թե ինչ-ինչ պատճառներով Դաշնակցությունը «այո» է ասում՝ հետևելով ինչ-որ այլ քաղաքական ուժի, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր քաղաքական ուժերը նախորդ 25 տարիների ընթացքում փոխել են իրենց մոտեցումները, բացի ՀՅԴ-ից»:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է այս նախագծին մի քանի պատճառներով. «Նախ այսօր գործող սահմանադրության պատճառով ունենք այն համակարգը, որը երկիրը հասցրել է բավականին ծանր վիճակի։ Այս Սահմանադրությամբ մենք ունեցել ենք միակուսակցական համակարգ: Որևէ ձևով խորհրդարան մտած կուսակցությունը հնարավորություն չունի ազդելու իշխանության գործողությունների վրա: Եվ սա է հանգեցնում հասարակության մեջ այն մտայնությանը, թե՝ «էլ ինչի՞ ենք մենք մասնակցում ընտրություններին, ձայն տալիս այս կամ այն կուսակցությանը, մեկ է՝ ոչ մեկ ոչ մի բան չի անում»:  Շահելով իշխանությունը, ունենալով այդ միակուսակցական համակարգը, շատ հաճախ բուտաֆորիկ կոալիցիաներ էին կազմվում, որոնք չէին բխում այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերից, նրանց գաղափարական մոտեցումներից, ուղղակի կուսակցությունը կամ պետք է լիներ խաղից դուրս վիճակում, կամ՝ որոշակի համաձայնության գնալով բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հետ՝ փորձեր կոալիցիայի մեջ լինելով ինչ-որ չափով իրականացնել իր գաղափարական մոտեցումները: Այդ մոտեցումներն իրականցնելու միակ ճանապարհը իշխանության մեջ գտնվելն էր»:

Ըստ նրա՝ հիմնական ռիսկը, որ ասվում է ու բոլորի կողմից կարծես ընդունվում, այն է, որ կուսակցությունների չկայացման պարագայում վտանգավոր է անցնել խորհրդարանական համակարգին, բայց նրա կարծիքով՝ ինչքան ուշ անցնենք, այնքան փրկության շանսը քիչ կլինի:

Կարդացեք նաև

Կառավարման մոդելի մասին խոսելիս նա պարզաբանեց, թե ի՞նչ տարբերություն կա այսօրվա գործող համակարգի և առաջարկվող համակարգի միջև. «Շատերն ասում են, թե ի՞նչ է՝ որ նախագահը կդառնա վարչապետ կամ ԱԺ նախագահ և կունենա նույն լիազորությունները, ինչ ունի այսօր: Ես անեմ ամենապարզ համեմատություն. վերջին 20 տարիների ընթացքում չեմ հիշում գործող որևէ նախագահի հաշվետվություն իր գործունեության մասին։ Այսօր գործող Սահմանադրությունը չի պարտադրում ղեկավարող քաղաքական ուժին հաշվետվություն ներկայացնել պառլամենտին կամ ժողովրդին, թե իր ծրագրային դրույթներից ո՞րն է իրականացրել, ինչպե՞ս ու ի՞նչ արդյունք է ստացել։ Առաջարկվող Սահմանադրությամբ վարչապետը տարեկան առնվազն մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնելու ԱԺ-ին, ու վերջինս ունենալու է նրան վստահություն կամ անվստահություն հայտնելու հնարավորություն: Սա այնքան ակնհայտ փոփոխություն է, որ չտեսնել, նշանակում է կույր լինել»:

Տեսանյութեր

Լրահոս