«Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակի մասին ՀՀ քրեակատարողական վարչությունը, ՔԿՀ-ները տեղեկացված են եղել առնվազն օգոստոս ամսից». Գրիշա Բալասանյան

Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, հիմք ընդունելով կառավարության որոշումը, հոկտեմբերի 10-ին դրական եզրակացություն է տվել Սողոմոն Քոչարյանին հետագա պատժից ազատելու համար, սակայն նրա առողջական վիճակի մասին ՀՀ քրեակատարողական վարչությունը, քրեակատարողական հիմնարկները տեղեկացված են եղել առնվազն օգոստոս ամսից: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը:

Նա նշեց, որ բացարձակ կամայականություն է, երբ վերջին 20 տարիները բանտում անցկացրած ցմահ դատապարտյալի առողջական ծանր վիճակի պատճառով ազատ արձակելու հարցը տարբեր բյուրոկրատական պատճառաբանություններ առաջադրելով՝ անորոշաբար ձգձգվել է, ինչը, ըստ նրա, անմարդկային մոտեցում է ծանր հիվանդ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ: Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Սողոմոն Քոչարյանն այսօր չէր մասնակցում դատական նիստին. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկանք էր տրվել այն մասին, որ Սողոմոն Քոչարյանն առողջական վիճակի ծանր լինելու պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին: Դատարան էր ստացվել նաև Սողոմոն Քոչարյանի դիմումը. ըստ դատավորի՝ նա խնդրել էր նիստն անցկացնել իր բացակայությամբ և խնդրել էր որոշումը հրապարակել այսօր:

Գրիշա Բալասանյանն ասաց, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Նրա խոսքով՝ Սողոմոն Քոչարյանի վիճակն անհամատեղելի է պատժի հետագա կրման հետ, իսկ նման պատժի շարունակականությունն արդեն իսկ անմարդկային վերաբերմունք է նրա նկատմամբ՝ հակառակ ՄԻԵԿ պահանջների: Գրիշա Բալասանյանն ասաց, որ այս վիճակը պատժի հետ անհամատեղելի է համարվում հենց Հայաստանի իրավական ակտերով:

Գրիշա Բալասանյանն ասաց, որ դատարանի ուշադրությունը ցանկանում է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալները հիմնականում մահանում են ազատազրկման վայրերում:

«Այնինչ հայաստանյան օրենքներով նրանք կարող են ազատվել պատժի հետագա կրումից: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ միայն 2012-2014թթ. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ի ախտորոշումը համապատասխանել է կառավարության կողմից հաստատված ծանր հիվանդությունների ցանկին: Այսինքն՝ 14 անձ կարող էր ժամանակին ազատվել ծանր հիվանդության հիմքով, ինչը տեղի չի ունեցել»,- ասաց Գրիշա Բալասանյանը: Նա նշեց, որ պատիժը կրելն ինքնապատակ չէ, դրա նպատակն է՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունը.

«Նկատի ունենալով Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը՝ պատժի հետագա կրման դեպքում ո՞ր նպատակն է իրականացվելու՝ սոցիալական արդարությո՞ւնն է վերականգնվելու, որ այդպես էլ չկա: Եթե լիներ սոցիալական արդարություն, ապա 1995թ. Սողոմոն Քոչարյանը չէր դատապարտվի ցմահ ազատազրկման՝ այն դեպքում, երբ քրեական գործում չկա գեթ մեկ ուղիղ ապացույց, որ նա կատարել է դիտավորյալ սպանություն: Հաջորդ նպատակը վերաբերում է պատժի ենթարկված անձին ուղղելուն: Իմ կարծիքով՝ դատապարտյալն արդեն ուղղվել է, և հասարակությունը նրան ընդունել է: Այստեղ ներկա գտնվողների հոծ բազմությունը հուշում է այն մասին, որ դատապարտյալն ընդունվում է հասարակության կողմից, և նա իր վարքով արդեն ցույց է տվել, որ իրենից վտանգավորություն չի ներկայացնում: Չեմ կարծում, որ Սողոմոն Քոչարյանը, գտնվելով այդ ծանր վիճակում, կարող է դուրս գալ, կատարել այլ հանցագործություն»:

Տեսանյութեր

Լրահոս