«Ռուսական օդուժի ու սիրիական բանակի օգնությամբ Հալեպի արվարձանների 80%-ն ազատագրված է». Վազգեն Մեսրոպյան

Հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Բաշար Ասադի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը լավ նշան է համարում.

«1.5 տարի Ամերիկան ու Եվրոպան իբր ռմբակոծում էին ահաբեկիչներին, բայց արդյունք այդպես էլ չտեսանք։ Ուստի դիմեցին Ռուսաստանին, նա ընդունեց ու վերջին օրերին ռուսական օդուժի ու սիրիական բանակի օգնությամբ Հալեպի արվարձանների 80%-ն ազատագրված է։ Հուսով ենք, որ շուտով ամբողջ Հալեպը կազատագրվի, ու ոչ միայն՝ Հալեպը»։ Նա նշեց, որ այսօր ընդդիմադիրներ չկան Սիրիայում.

«Բոլորը միացել են ահաբեկչական կազմակերպություններին»։ Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ Հալեպում մնացած հայ համայնքը հսկում է այն տները, որտեղ մարդիկ չկան։ Նա նկատեց` Թուրքիան գրկաբաց ընդունեց ԴԱԻՇ-ի ու Ջաբաթ ալ նուսրայի անդամներին` փախստականների անվան տակ. «Իսկ միջազգային հանրության կեցվածքը բոլորս ենք տեսնում»։

«Ամեն անգամ հարցնում են` ինչքա՞ն հայություն է մնացել Հալեպում։ Հալեպում մոտավորապես 7-8 հազար հայ է մնացել. այն դեպքում, երբ պատերազմից առաջ 40 հազարից ավելի էին։ Հայապահպանությունը մնացել է, ազգային դպրոցները միացվել են, ու աշակերտների թիվը բավականին նվազել է։ Ունենք 100-ից ավելի զոհված հայ այս 4 տարվա ընթացքում։ Ունենք նաև վիրավորված հայեր, ովքեր մինչև այժմ բուժում են ստանում»,- ասաց Վազգեն Մեսրոպյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս