Հայ-ռուսական հարաբերությունները «ծյունինգի» եւ ոչ հեղափոխության կարիք ունեն. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել. «Հարգելի բարեկամներ: Վերջին մեկտարվա ընթացքում բազմիցս խոսել ենք Ինստիտուցիոնալընդդիմության, Մեծ հայրենադարձության, իշխանափոխությանսցենարների, ընդդիմության լեգիտիմության եւ սրանց հետ կապվածայլ հիմնահարցերի մասին:

Բայց հասկանալիորեն՝ այս թեմաների շուրջ բազմաթիվ հարցեր ենծագում, որոնք նույնպես պատասխանի կարիք ունեն: Անկախ դրանից՝անհրաժեշտ է անդրադարձ կատարել այդ թեմաների հետ կապվածբազմաթիվ նրբությունների, որոնք քննարկման, բացահայտման,հրապարակային քննության կարիք ունեն:

Եւ ուրեմն, սիրով կպատասխանեմ վերը նշված եւ ցանկացած այլթեմայի վերաբերյալ ձեր հարցերին, եթե այդպիսիք կան: Խնդրում եմ՝ձեր հարցերը comment-ի ձեւով գրեք այս գրառման տակ, կամուղարկեք այս էջին, եւ ես առաջիկայում հերթով, մանրամասնկպատասխանեմ դրանց»: Պատգամավորի էջին արդեն բավականին հարցեր են ստացվել, եւ պայմանավորվածության համաձայն նրա պատասխանները կհրապարակենք «Հայկական ժամանակ» օրաթերթում: Ստորեւ ներկայացնում ենք առաջին հարցուպատասխանը:

Արմեն Քոչինյան – Ազգային ազատագրական պայքար է պետք իրականացնել Ռուսաստանի լծից ազատվելու համար, առանց որի կարծում եմ ոչ մի հարց չի կարող լուծվել: Ամենամեծ ստրկությունը հենց այն է, որ չտիրապետելով անկախության` քեզ անկախ էս համարում:

Նիկոլ Փաշինյան –Արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր են, եւ խոսքը այստեղ ոչ միայն նույն կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքական շրջադարձերի մասին է, այլեւ նոր եկող կառավարության: Տեսեք, օրինակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իշխանության գալով ամերիկյան զորքերը հեռացրեց Իրաքից, եւ հիմա փորձագիտական հանրության գրեթե միանշանակ կարծիքով դա այն հիմնական գործոններից էր, որ նպաստեց ISIS-ի գոյացմանը, որը հիմա լրջագույն սպառնալիք է ոչ միայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, այլեւ ողջ աշխարհի անվտանգությանը:

Ասվածը չի նշանակում, թե Իրաք ներխուժելու Ջորջ Բուշի որոշումը ճիշտ էր: Այստեղ գնահատականները տարբեր կարող են լինել: Բայց եթե նույնիսկ որեւէ մեկը դա սխալ եւ ուղղման ենթակա որոշում է համարում, դա դեռ չի նշանակում, որ այդ սխալը ուղղելու եղանակը կայացված որոշմանը ուղիղ հակառակ քայլ անելն է:

Ինչպես գիտեք, ես Ազգային ժողովում «դեմ» եմ քվեարկել Հայաստանի ԵՏՄ մտնելու համաձայնագրին: Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության ծրագրի քննարկման ժամանակ մենք բուռն բանավեճեր ունեցանք հետեւյալ հարցի մասին: Կուսակցության ծրագրում ունենք այսպիսի ձեւակերպում. ««Քաղաքացիական պայմանագիրը» արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամամակցությունը ԵՏՄ-ին»: Եւ մեր առաջ խնդիր ծագեց. նման ձեւակերպումից հետո մենք արդյո՞ք ասում ենք, որ իշխանության հասնելուց հետո Հայաստանը դուրս ենք բերելու ԵՏՄ-ից: Բուռն քննարկումների արդյունքում, մենք եկանք եզրակացության, որ նման խնդիր ձեւակերպելը սխալ է, որովհետեւ, ինչպես Բուշի` Իրաք մտնելու սխալը (եթե դու դա սխալ ես համարում) ուղղելու եղանակը իրերը հավաքելն ու այնտեղից դուրս գալը չէր, նույնպես եւ ԵՏՄ մտնելու սխալը ուղղելու լավագույն եղանակը իրերը հավաքելն ու այնտեղից հեռանալը չէ:

Բա ո՞րն է, կհարցնեք դուք: Մեր կարծիքով առաջին հերթին Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական խորացումը, այդ թվումˋ էներգետիկ ոլորտում: Հայաստանի բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը, ներքին սպառման համար Իրանից գազ ներկրելու հնարավորությունը, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցումը: Վրաստանի եւ Իրանի հետ առեւտրի շարունակական ազատականացումը: ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը:

Ինչ վերաբերվում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, պետք է ընդունեմ, որ իսկապես այդ հարաբերություններում կա որոշակի դիզբալանս: Ես ինքս ասել եմ, որ դժգոհ եմ նրանից, որ դրանք ասողի եւ լսողի հարաբերություններ են: Բայց մյուս կողմից չեմ կարող ընդունել, որ դրանք ստրուկի եւ ստրկատիրոջ հարաբերություններ են: Սա չեմ կարող ընդունել նույնիսկ գիտակցելով, թե Հայաստանը ինչպիսի մեծ ռազմական, տնտեսական եւ քաղաքական կախվածություն ունի Ռուսաստանից: Բայց Հայաստանը պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ եւ այս փաստը որեւէ մեկը թող չթերագնահատի:

Եւ եթե նույնիսկ կա երկիր, որ ուզում է քեզ ինչ-որ բան պարտադրել, կան բազմաթիվ ուրիշ երկրներ, ովքեր ուզում են, որ դու կարողանաս դիմակայել այդ պարտադրանքին, որովհետեւ այդ պարտադրանքը իրենց ձեռնտու չէ: Այսինքն, երբ դու պետություն ես եւ ուրիշ պետությունների գործընկեր, միշտ էլ խուսանավելու, նույնիսկ սեփական քաղաքականությունն առաջ տանելու հնարավորություն ունես:

Կարող եմ բերել կոնկրետ օրինակ. երկու տարի առաջ ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները անընդհատ եւ համառորեն փորձում էին Հայաստանի քաղաքական օրակարգ մտցնել ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու հարցը: Բայց մոտ մեկամյա համառ փորձերից հետո տեսնելով, որ դա Հայաստանում մեծ հակազդեցություն է առաջացնում, այս թեման սկսեցին այլեւս չշոշափել:

Մոսկվայի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ, օրինակ, որի ամբողջական տեսագրությունը տեղադրված է իմ ֆեյսբուքյան էջում, հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս ասացի, որ կարծում եմ, որ դրանք «ծյունինգի» եւ ոչ թե շրջադարձերի անհրաժեշտություն ունեն: Եւ «ծյունինգի» հիմնական իմաստը պիտի լինի այդ հարաբերությունները առավել հավասարակշիռ ու արժանապատիվ դարձնելը: Համոզված եմ, որ կտրուկ քայլերով մենք այդպիսի արդյունքի չենք հասնի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս